Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ է նախաձեռնվել, այս անգամ՝ փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու հիմքով։
2001 թվականի սեպտեմբերի 25-ին երևանյան Պապլավոկի («Առագաստ» սրճարան) զուգարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը սպանել է Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանին։ Պողոսյանն այդ օրը մոտեցել է «Առագաստ» սրճարան եկած նախագահ Քոչարյանին և ասել «Պրիվետ, Ռոբ»։ Ականատեսները պատմում են, որ ողջույնի այս խոսքերից հետո Քոչարյանի թիկնապահները Պողոսյանին տարել են զուգարան և ծեծելով սպանել։ 43-ամյա տղամարդը տեղում մահացել է։
Պողոսյանի սպանության գործով 21 տարի առաջ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել՝ «անզգուշությամբ մահ պատճառելու» համար։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մեկ օր անգամ չի անցկացրել։
Երևան եկած նոր հանգամանքների հիմքով քրեական գործը 2019 թվականին վերաբացվել է։
Գլխավոր դատախազությունը արդեն այսօր հայտարարել է, որ 43-ամյա Պողոսյանի դին զննած փորձագետները կեղծել են եզրակացությունները։
2001-ին փորձագետները եզրահանգել են, իբր «Առագաստ» սրճարանի զուգարանում Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ընկնելուց։ 2020 թվականին իրականացված փորձաքննությունը, սակայն, հաստատել է՝ Պողոսյանը մահացել է ոչ թե քաշքշուկի ժամանակ ընկնելու, այլ՝ ծեծվելու հետևանքով (գանգուղեղային վնասվածքից, որը առաջացել է բութ, կոշտ առարկաների ուղղակի ներգործության հետևանքով)։ Այս մասին դեռևս երկու տարի առաջ ասել էր դատախազ Հայկ Խաչատրյանը։
Քրեական գործը, սակայն, հարուցվել է երկու օր առաջ միայն, քննությամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։ Դատախազության հաղորդմամբ՝ «դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»: Հիշատակված երկու փորձագետները դատաիրավական կարգավիճակ այս պահին չունեն․ դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Ինչպե՞ս են սպանել Պողոս Պողոսյանին
Հեղափոխությունից հետո՝ արդեն 2019-ի թվականին, Պողոսյանի սպանության քրեական գործը վերաբացվել է։ Գործով հիմնական վկա՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, Հայաստան է ժամանել և պատրաստակամություն հայտնել կրկնել իր ցուցմունքները, որոնք 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, թե դրանք «անգլերեն են»։
Նյուտոնը 11 տարի առաջ Երևանում էր, որպես հրավիրյալ դասախոս դասավանդում էր Կառավարման դպրոցում։ Այդ օրը նա «Առագաստ» սրճարանում է եղել, անձամբ է տեսել՝ ինչպես են Քոչարյանի թիկնապահները զուգարանում ծեծելով սպանում Պողոս Պողոսյանին՝ նախագահին «Պրիվետ, Ռոբ» ասելու համար։
«2001 թվականի սեպտեմբերին ես Պապլավոկում էի՝ ընկերներիս հետ․․․ Քոչարյանը եկավ իր շքախմբով, նրա հետ էր նաև [ֆրանսահայ երգիչ Շառլ] Ազնավուրը։ Բոլորը ծափահարեցին։ Նրանք նստեցին մեկ սեղանի շուրջ։ Այդտեղ էին նաև երկու տղամարդիկ, որոնք ենթադրաբար ճանաչում էին Քոչարյանին։ Նրանք ինչ-որ առիթ էին նշում։ Մոտեցան Քոչարյանի սեղանին, ասացին «Պրիվետ, Ռոբ» [«Hey, Robo»]։ Նա դրանից վիրավորվեց։
Երբ Քոչարյանը գնաց, մենք դեռ այնտեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևած տղամարդիկ նրա հետևից գնացին, իսկ հետո հետ եկան։ Քոչարյանի թիկնապահները նրանց հետ հրեցին, հրեցին դեպի տղամարդկանց զուգարան։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես չէի հավատում լսածիս, ասացի՝ ո՛չ, քանի դեռ ես այստեղ եմ․․․ Ես վազեցի նրանց հետևից, մտա ներս։ Այդ պահին «Կուկու» կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, մյուս տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին։ Նա համարյա մեռած էր։ Գլուխը ուռած էր արդեն։ Ես բղավեցի, օգնություն կանչեցի։ Նրանք չգիտեին, թե ես ով եմ։ Կարծում եմ, մտածեցին, որ դեսպան եմ, քանի որ կոստյումով էի։ Կինս եկավ, որ տեսնի, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ասացի, որ շտապօգնություն կանչի։ Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը [Պողոս Պողոսյանը] մահացավ», – արդեն 2019 թվականին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Երևան եկած Սթիվեն Նյուտոնը։
Նրա խոսքով, դեպքից մեկ օր անց Հայաստանում Բրիտանիայի դեսպանը օգնել է իրեն մեկնել Ռումինիա։ Նյուտոնը, սակայն, կնիքով հաստատված իր ցուցմունքը այդ երկրում Բրիտանիայի հյուպատոսի ներկայությամբ ստորագրել և ուղարկել է Երևան։ Ցուցմունքը, որի իր օրինակը տղամարդը առ այսօր էլ պահում է, այդպես էլ չի կցվել քրեական գործին․ դատավորը դա հիմնավորել է նրանով, որ ցուցմունքը անգլերեն է։
«Կուկու»-ն՝ ձախից
Նյութոնի դիմումից հետո ցուցմունք տալու պատրաստակամություն են հայտնել նաև այլ վկաներ։ Օրինակ, ազգագրագետ Գայանե Շագոյանը, որը սպանության ժամանակ ընկերների հետ միասին Պապլավոկում է եղել։ Իրավապահները՝ ոչ նախաքննության, ոչ էլ դատավարության ընթացքում, իր վկայությունները չեն լսել։
Շագոյանը տեսել է, ինչպես է Պողոսյանը բարևում Քոչարյանին, ասում է՝ նախագահի ջղային դեմքի արտահայտությունն էլ չի մոռանում։ Նաև տեսել է՝ ինչպես է Քոչարյանի թիկազորի մեկ այլ անդամ ծեծում Պողոս Պողոսյանին՝ այգում, նախքան զուգարան տանելը։ Մատուցողի մոտենալուց հետո նա բաց է թողնում տղամարդուն, վերջինս վերադառնում է իր սեղանի մոտ, նրան է մոտենում Քոչարյանի մեկ այլ թիկնապահը և ինչ-որ տեղ տանում։ Մոտ 15 րոպե հետո իրենք լսում են, ինչպես է Սթիվեն Նյուտոնը բղավում․ «Մինչև դուք այստեղ ջազ եք լսում, զուգարանում մարդ են սպանել»։
2020 թվականին Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ է նախաձեռնվել։ Միակ մեղադրյալը կրկին Աղամալ Հարությունյանն է նույն՝ անզգույշ սպանություն հոդվածով։