Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի կրակադաշտում մայիսի 13-ին ականի պայթյունից մահացել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 64-ամյա հովիվ Դերենիկ Տեփոյանը։
Դեպքը տեղի է ունեցել այն նույն տեղանքում, որտեղ 9 տարի առաջ ականի պայթյունից վահրամաբերդցի երկու երեխաներ էին զոհվել։
Մահացած հովվի ազգականը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ հարակից գյուղերի բնակիչները կրակադաշտի տարածքը որպես արոտավայր են օգտագործում։
Կրակադաշտը գտնվում է Վահրամաբերդ, Կապս ու Հովունի գյուղերի մոտ, ժամանակին այն եղել է արոտավայր, հետագայում շուրջ 1000 հետկար տարածքն անհատույց հանձնվել է ռուսական ռազմաբազային։
Դերենիկ Տեփոյանի ազգականի խոսքով, գյուղացիները զրկվել են միակ արոտավայրից, զորավարժանքների ավարտից հետո շրջանցում են արգելված հատվածներն ու կենդանիներին տանում կրակադաշտ․ այնտեղ զգուշացնող նշաններ կան, որ տարածք մուտք գործել չի թույլատրվում, բայց ստիպված են անասունին արոտի տանում:
«Իրանք մեծամասնությամբ ոնց են հայտնվում էդ տարածքները։ Այդ տարածքը մեր ու իրանց արանքն է, էդ արանքով անանսունները բարձրանում են դեպի սարքը, ձորակներ կան, ձորակների միջով հայտնվում են զինվորական տարածքներ», – ռադիոկայանին պատմել է Գարեգին Տեփոյանը:
Մայիսի 13-ի պայթյունից հետո գյուղացիներին կրակադաշտի տարածք թույլ չեն տվել մտնել: Տեփոյանը տեսել է, թե ինչպես են սակրավորներ ժամանել: Նրա խոսքով՝ զորավարժություններից հետո չպայթած զինամթերքը պետք է ոչնչացվի, սակայն արդյոք դա պատշաճ կերպով է իրականացվում՝ գյուղացին չգիտի։
Վահրամաբերդի վարչական ղեկավար Կամո Հարությունյանը փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո հայ ու ռուս իրավապահների համատեղ քննչական խումբ է ստեղծվել: Քննություն է ընթանում։
Ռուսական ռազմաբազային այս նույն կրակադաշտում 9 տարի առաջ պայթյունից մահացել են 15-ամյա Մուշեղ Գևորգյանն ու 12-ամյա Արթուր Մկրտչյանը։ 2 երեխաների մահվան համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: