2021 թվականի մարտի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, շարունակվեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործի քննությունը։
Կնոջ սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը մեղադրանքը չի ընդունում։
Փետրվարի 3-ին կայացած դատական նիստին, երբ հրապարակվել էր մեղադրանքի եզրակափակիչ մասը, Ռազգիլդեևը նաև հրաժարվել էր պատասխանել դրա վերաբերյալ պարզաբանող հարցերին։
Դրանից բացի՝ դատարանը շարունակ խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները և չի ապահովում ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին։ Ռազգիլդեևը դատական նիստերին մասնակցում է հեռավար։
Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։
Նախորդ նիստերը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում էին, փետրվարի 3-ին կայացած դատական նիստին էլ դատարանը չհիմնավորված արգելել էր ամբաստանյալին տեսանկարահանելը՝ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով դատավարության մասնակիցների նկատմամբ։
Չնայած մարտի 3-ին լրագրողները հնարավորություն ունեին մասնակցելու և նկարահանելու դատական նիստը, ամբաստանյալին նկարահանել կրկին թույլատրված չէր։
Մարտի 3-ի նիստի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։
Հաջորդ դատական նիստը մարտի 22-ին՝ ժամը 15։30-ին է։