2019 թ.-ի օգոստոսի 16-ից մինչ օրս ռուս զինծառայող Անդրեյ Ռագիլդեևի գործով դատական նիստեր չեն կայանում՝ պայմանավորված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կալանքը կրելու հանգամանքով:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարն ակնհայտ անհիմն պատճառաբանություններով հրաժարվում է դատարան ներկայացնել Ռազգիլդեևին` խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։
2018 թ.-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի էր ենթարկել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին, ապա՝ դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից Ղուկասյանը նույն օրը մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրվող Ռազգիլդեևի խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այդ մասին որոշումն ընդունելու պահից՝ նա պատիժը կրում է ռազմաբազայի տարածքում։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի և փաստաբաններ Արայիկ Զալյանի ու Հայկ Հակոբյանի միջնորդությունը՝ նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել է վարույթն իրականացնող մարմնի ու հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Դատական կարգով վիճարկման արդյունքում ևս՝ որոշումն անփոփոխ է թողնվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սեպտեմբերի 24-ի նիստին ընդառաջ՝ ռուսական ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը միջնորդությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին՝ առաջարկելով դատական նիստերն անցկացնել ռուսական բազայի տարածքում՝ տեսակապի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Ի պատասխան՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2020 թ.-ի սեպտեմբերի 23-ին առարկություն են ներկայացրել գործը քննող դատավոր Ադրինե Ղուկասյանին՝ գտնելով, որ Մարտինյուկի միջնորդությունն անհիմն է: Քրեական գործով դատական նիստերը ռազմաբազայի տարածքում տեսակապով իրականացվել չեն կարող, որովհետև դա հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի՝ ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:
Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:
Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ դատարանի վարույթում գտնվող քրեական գործը չի կարող քննվել այլ կերպ, քան սահմանված է օրենքով, իսկ դատարանը և դատավարության մասնակիցները, այդ թվում և՝ ամբաստանյալը, պարտավոր են ենթարկվել և պահպանել օրենքով սահմանված վարույթի կարգը:
Ավելին՝ այստեղ