2020 թ.-ի հունվարի 9-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գրությամբ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել տեղեկություններ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ հանդիպման մանրամասներից:
Ավելի վաղ՝ 2019 թ․-ի դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 27-ին Արման Թաթոյանը՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ միասին այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա և առանձնազրույց ունեցել այնտեղ պատիժը կրող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ:
Փաստաբանները խնդրել էին տեղեկություններ այցից՝ արդյո՞ք արձանագրել են իրավունքի խախտման դեպքեր, դիտարկե՞լ են Ռազգիլդեևի պահման պայմանները, համապատասխանու՞մ են դրանք տեղական օրենսդրությամբ ու միջազգային փաստաթղթերով նախատեսված նորմերին և արդյո՞ք պաշտպանը մտադրություն ունի հանդես գալու հրապարակային հայտարությամբ՝ այցի վերաբերյալ:
Սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր ՀՔԱՎ գրասենյակին: Պատասխան գրությամբ ՄԻՊ Ա. Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա այցը, թեև, եղել է իրենց իրավասության շրջանակներում, բայց չի հետապնդել ազատազրկման վայրում զինծառայողի պահման պայմանները դիտարկելու նպատակ: Համատեղ այցը կրել է գործընկերային բնույթ, որի ընթացքում իրենք փորձել են ընդամենը պարզել՝ 102-րդ ռազմական բազայի տարածքում Անդրեյ Ռազգիլդեևը ազատազրկվա՞ծ է, թե՝ ոչ, ինչի մասին, իբր, տեղեկություններ էր հայցել ՀՔԱՎ գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ խոսել են զինծառայողի իրավունքներին վերաբերող հարցերից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ էության, այդպես էլ չի պատասխանել իրավապաշտպանների հարցադրումներին, որոնք ուղղվել են թե´ նախկինում, թե´ այժմ. այն է՝ արդյո՞ք տեղի են ունեցել իրավունքի խախտման դեպքեր, արդյո՞ք դիտարկվել են Ռազգիլդեևի պահման պայմանները և արդյո՞ք ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ՝ համակողմանի և օբյեկտիվ քննության անցկացումն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք նաև, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն, ի թիվս այլ միջնորդությունների, միջնորդել էին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահվող Ա․ Ռազգիլդեևին տեղափոխել ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ, սակայն և´ վարույթն իրականացնող մարմինը, և´ դատարանը մերժել էին այն՝ պատճառաբանելով, որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը։