Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դադարեցրել են դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։
Ինչպես հաղորդում է ՀՔԱՎ-ը, 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։
Չնայած սպանված կնոջ իրավահաջորդների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ դատարանը դրանով խախտում է ՔրՕրի նորմերը, դատավոր Ա․ Ղուկասյանը դա խախտում չի համարում։ Իրավապաշտպաններին ի պատասխան նա հղում է արել ԲԴԽ որոշմանը, որով սահմանվում են համավարակով պայմանավորված կանոնները։ Մինչդեռ ԲԴԽ որոշումը դատավարության կարգ սահմանող իրավական ակտ չի համարվում։ Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը հստակ սահմանում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։
Դատավոր Ադրինե Ղուկասյանը աչք է փակում այս դրույթի վրա և հիմնվում ավելի ստորադաս իրավական ակտերի վրա։
Բանն այն է, որ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը մինչ այդ պահանջում էր անվտանգության միջոցներ ապահովել Ա․ Ռազգիլդեևի համար, ապա պահանջում էր, որ դատական նիստերն անցկացվեն ռազմաբազայի տարածքում, դրանից հետո էլ միջնորդել էին դրա հեռավար անցկացնելու համար։ Դատավոր Ա․ Ղուկասյանն էլ, կարծես, ելքը գտել է՝ ըստ էության գործի քննությունը վերջապես սկսելու համար, բայց՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը։
Դատավորի այս վարքագծի կապակցությամբ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2021 թ․-ի ապրիլի 16-ին հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Ինչպես նշում է ՀՔԱՎ-ը՝ հաղորդմանը ապրիլի 19-ին, նախարարի փոխարեն, արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը, թեև օրենքով նախարարը պետք է կամ մերժեր, կամ վարույթ հարուցեր դատավորի նկատմամբ։ Սրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել։
Փոխարենը Վերահսկողական ծառայության պետը հաղորդում ներկայացրած անձանց հավաստիացրել է, թե դատավորի արարքին գնահատական տալ հնարավոր է միայն վերջնական դատական ակտի լինելուց հետո։ Մինչդեռ հաղորդումը վերաբերում էր հենց դատավորի ընթացիկ գործունեությանը և նրա արարքին գնահատական տալը առանձնապես կարևոր է հենց այս փուլում։
Ստացվում է, որ դատավոր Ադրինե Ղուկասյանը այս անօրինական գործունեությունն իրականացնում է ՀՀ իշխանությունների անգործությամբ կամ ուղղակի թույլտվությամբ։
Դեռևս 2021 թ․ հունվարին ԲԴԽ՝ վերը նշված որոշման շուրջ պարզաբանումներ ստանալու համար ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր կառույցի նախագահին։ Հարցմանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն էր պատասխանել։ Բայց որևէ էական պարզաբանում չէր տվել։ Նա նշել էր, որ անկախ որոշման առկայությունից, դատական նիստի անցկացման ձևաչափը պետք է որոշի դատավորը, իսկ որ այդ որոշումը հակասության մեջ է մտնում ՀՀ օրենսդրության հետ, դա Կ․ Փոլադյանը, Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից դուրս էր համարել։
Փաստորեն մի կողմից՝ որոշում կայացնողերը հրաժարվում են մեկնաբանել, թե հակասության դեպքում ինչպես պետք է լուծել այդ հարցը՝ դա թողնելով դատավորի պատասխանատվությանը, մյուս կողմից Արդարադատության նախարարն էլ չի կիրառում իր լիազորություններն ու իր անգործությամբ նպաստում դատավորի անօրինական գործողությունների շարունակականությանը։
Այս ամենը հաշվի առնելով՝ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանին տեղեկացրել են, որ ստեղծված իրավիճակում դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքով սահամանված դրույթների կատարումը։