Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ՝ հայտարարել է Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ղեկավարը ահազանգել է, որ ադրբեջանական բանակի մարտական հենակետերից անկանոն կրակոցներ են արձակվել Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում՝ Ամարասի հովտում (Սարուշենին պատկանող հողատարածքներում) գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
«Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», – քիչ առաջ գրել է Ղարաբաղի ՊԲ-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդումները վերջին շրջանում գրեթե ամենօրյա են։ Նոյեմբերի 17-ին Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայողի վիրավորման մասին, Ստեփանակերտը պարբերաբար ահազանգում է՝ ադրբեջանական դիրքերից կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց ուղղությամբ։
Այսօր առավոտյան Ղարաբաղի պաշտպանության բանակը հողորդել էր, որ երեկ՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի և Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ շեշտել էր Ստեփանակերտը:
Հրադադարի ռեժիմի խախտման մասին էր հայտարարել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ որի՝ երեկ ժամը 22:45-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Բաքուն, իր հերթին, հաղորդել էր, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները ուշ երեկոյան գնդակոծել են Դաշքեսանի և Թովուզի շրջանների երկու բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ղարաբաղի պաշտպանության բանակը՝ Մարտունու և Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Ստեփանակերտը այս մեղադրանքները «հերթական ապատեղեկատվություն» էր որակել։
թարմացում — 18։25 «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:35-14:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», – գրել է Հայաստանի ՊՆ-ն։