Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու, պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու հեռանկարծը։
«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է էականորեն կարողանանք փոխել։
Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, նաև արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ», – հայտնել է Փաշինյանը:
Հայաստանի սահմանների պաշտպանությունն ամբողջապես կհանձնվի սահմանապահներին, ասել է Փաշինյանը, «իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացարձակապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով»։
Ղարաբաղի անվտանգությունը, ըստ նրա, կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ։
«Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը», – ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով՝ այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է՝ հարձակում Ռուսաստանի վրա։