Home / Շուկա / Փակ պահելով Ադրբեջանը` Ալիև-Փաշաևներն իրենց բիզնեսն են պաշտպանում

Փակ պահելով Ադրբեջանը` Ալիև-Փաշաևներն իրենց բիզնեսն են պաշտպանում

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից անդրադարձել է երկրի փակ ցամաքային սահմաններին։ Ալիևն ասել է, որ վերջին տարիներին սահմանների փակ լինելն Ադրբեջանը պաշտպանել է մեծ աղետներից.

«Նույնիսկ այսօր, երբ սահմանները դեռ փակ են, վտանգավոր գործողություններ են ձեռնարկվում, բայց դրանք կասեցվում են։ Սահմանների հսկողությունը պաշտպանում է Ադրբեջանն արտաքին ռիսկերից։ Ներքին ռիսկեր երկրում չկան։ Տարիներ շարունակ Ադրբեջանում ապահովվում է անվտանգությունն ու հանգստությունը, իսկ կայունությունը կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհի համար։ Այսօր մենք շատ լավ տեսնում ենք խաթարված կայունություն ունեցող երկրների դրությունն ու ճակատագիրը։ Կայությունը գլխավոր պայմանն է անվտանգության, զարգացման և օտարերկրյա ներդրումների համար»։

Նախագահն իր խոսքում չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ռիսկեր նկատի ունի։

Ալիևի հայտարարությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 25-ին, հրապարակվել է կարանտինային ռեժիմի երկարացման մասին նոր որոշումը, համաձայն որի Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ կմնա մինչև 2025 թվականի հունվարի մեկը։ Կարանտինի հետ կապված բոլոր մյուս սահմանափակումները վաղուց արդեն չեն գործում։

Ավելի վաղ՝ 2024 թվականի ապրիլի 23-ին, Ալիևը ևս մեկ անգամ խոսել էր անվտանգության մասին ու երկարացրել սահմանները փակ պահելու ժամկետները։

Meydan TV-ի հետ զրույցում այս հայտարարությունները մեկնաբանելով Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին ասում է, որ եթե իրոք կա կապ ցամաքային սահմանների ու արտաքին ռիսկերի միջև, բայց նախագահը չի ասում թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, ապա ստացվում է, որ կառավարությունը հանրության շրջանում ապատեղեկատվություն է տարածում.

«Ինչո՞ւ է վարչապետն իր որոշման մեջ ցամաքային սահմանները փակ պահելը կապում համավարակի հետ, իբր դա արվում է բնակչության առողջության համար։ Եթե կան արտաքին ռիսկեր, պետք է բացատրել ժողովրդին։ Ու ընդհանրապես, այդ արտաքին ռիսկերը միայն Ադրբեջանի՞ն են վերաբերում։ Ինչո՞ւ փակ չեն Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և նույնիսկ պատերազմող Ռուսաստանի ու Ուկրաինայի սահմանները»։

Ջամիլ Հասանլին կարծում է, որ արտաքին ռիսկերը պարզապես պատրվակ են Ալիևի համար.

«Ո’չ համավարակ կա, ո’չ արտաքին ռիսկեր։ Իշխանություններն ուզում են փակ հասարակություն ու 1930-1950-ականների ԽՍՀՄ-ի պես պետություն ստեղծել։ Իսկ դա հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը, որով ամրագրված է ազատ տեղաշարժման իրավունքը։ Եվ հետո, եթե կան արտաքին ռիսկեր, դրանք վերաբերում են ցամաքային սահմաններին, բայց ոչ օդայինի՞ն։ Փաստացի, սա ավտորիտար և տոտալիտար նկրտումերից եկող քայլ է։ Չէ որ փակ, արտաքին աշխարհի հետ կապը կորցրած երկիրը կառավարելը շատ ավելի հեշտ է։ 

Հետաքրքրական է նաև, որ ապրիլի 23-ին Ալիևը սահմանների փակումը կապում էր արտաքին ռիսկերի հետ, իսկ հունիսի 24-ին վարչապետն իր որոշման մեջ որպես պատճառ նշել էր համավարակը։ Հարց է առաջանում. ո՞վ է ճիշտն ասում, Ալի՞ևը, թե՞ Ասադովը»։

…Նոյեմբերին Ադրբեջանում անց է կացվելու  COP29 կոնֆերանսը, որի համար շուրջ 50 հազար հյուր է գալու։ Եթե արտաքին վտանգ կա, ինչո՞ւ են «Ֆորմուլա-1» կամ COP29 կազմակերպում։ Սահմանների փակ լինելն ավելի շատ կպնում է սահմանային շրջանների բնակիչներին. հարևան երկրների հետ առևտրական կապերը կտրվում են։ Գուցե իշխանություններն այս մեխանիզմը գործարկել են, քանի որ ինչ-որ ռիսկեր են առաջանում Ալիևների՞ առևտրական ցանցերի համար։ Այսինքն, նրանք մարդկանց ստիպում են գնումներ անել միայն իրենց պատկանող առևտրական ցանցերից», – ասում է Հասանլին։

Նա նաև նշում է, որ ստեղծված իրավիճակում մարդիկ ստիպված են ավելի շատ օգտվել օդային տրանսպորտից, բայց քանի որ օդային ուղևորափոխադրումների համակարգը գտնվում է իշխող ընտանիքի վերահսկողության տակ, ապա իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են տոմսերն այդքան թանկ.

«Նրանք իրենց գներն են թելադրում նույնիսկ դեպի Ադրբեջան թռիչքներ իրականացնող արտասահմանյան ավիաընկերություններին։ Օրինակ, Թուրքական ավիաուղիներով դեպի Բեռլին կամ Փարիզ թռիչքները շատ ավելի էժան են, քան Ստամբուլից Բաքու չվերթը։ Թբիլիսիից Ստամբուլ և այլ եվրոպական քաղաքներ կարելի է մեկնել 50-70 եվրոյով, իսկ ադրբեջանցիները ստիպված են 1150 դոլար վճարել Բաքվից Լոնդոն մեկնելու համար։ Քանի որ կառավարությունն ավիաընկերությունների համար այդպիսի շեմ է սահմանել»։

Քաղաքական կառավարման ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին նշում է, որ այլ երկրների քաղաքացիներին հաճախ թույլատրում են հատել Ադրբեջանի ցամաքային սահմանը.

«Ստացվում է, որ ցամաքային սահմանները փակ են միայն Արբեջանի քաղաքացիների համար։ Կա վիճակագրություն, համաձայն որի վերջին 4 տարիների ընթացքում ցամաքային սահմանը հատել են հազարավոր օտարերկրացիներ։ Երկրի քաղաքացիների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը հակասում է Սահմանադրությանը»։

Անվտանգության հարցերով փարձագետ Արաստուն Օրուջլուն կարծում է, որ Ալիևի հայտարարություններն ունեն նաև այլ դիտավորություններ.

«Ռուսաստանում փոփոխություններ են արվել միգրանտների մասին օրենքներում։ Պաշտոնական Կրեմլը հայտարարել է, որ երկրից արտաքսելու են 700-800 հազար միգրանտների, որոնց մի մասն ադրբեջանցիներ են։ Այսինքն տասնյակ հազարավոր մարդկանց Ադրբեջան վերադառնալու հարց կա։ Ի՞նչ են նրանք անելու երկրում գործազրկության նման մակարդակի պայմաններում։

Նախագահն ասում է, որ սահմանները փակ են մնալու։ Հանուն ինչի՞։ Ալիևն ասում է՝ ամեն ինչ արվում է կայունության ապահովման համար, բայց ստացվում է, որ ուզում են երկիր չթողնել հազարավոր մարդկանց, ովքեր ստիպված էին հեռանալ՝ աշխատանք ունենալու նպատակով։ Դա՞ է կայունությունը։

Մյուս կողմից էլ Ալիևը հայտարարում է, որ երկրի ներսում ապակայունության հիմքեր չկան։ Իսկ աղքատությունը, ամեն ինչի թանկությունը, ոստիկանական բռնությունները դեստաբիլիզացիայի հիմք չե՞ն»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին հայտարարել էր դեռևս 2023 թվականի մայիսի 5-ին։