հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բռնությունը դատապարտելուց հետո նախկին պատգամավորին 8 տարի տվեցին․ Բաքու

Բռնությունը դատապարտելուց հետո նախկին պատգամավորին 8 տարի տվեցին․ Բաքու

ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովի՝ COP29-ի նախաշեմին Բաքվում 8 տարվա ազատազրկման է դատապարտվել ձեռներեց, նախկին պատգամավոր Նազիմ Բայդեմիրլին, որը հրապարակավ դատապարտել էր Սոյուդլուի ոստիկանական բեսպրեդելը։ Անցած տարվա հուլիսին Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները ընդվզել էին Ալիևների կլանի հետ փոխկապակցված ոսկու հանքի դեմ, ոստիկանները արցունաքբեր գազով և մահակներով հարձակվել էին տարեց գյուղացիների վրա։

տե՛ս Ինչու է մեր հողը օկուպացվել. մարդկանց ջարդում են Գետաբեկում

Թեև Բայդեմիրլիին մեղադրում են իբրև թե շորթման մեջ,  Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը նրա ձերբակալությունից հետո օգնում էր մեղադրողներին՝ նախկին պատգամավորին անվանելով «պրոտեստների կազմակերպիչ»։

Ի տարբերություն տեղական իրավապաշտպանների և միջազգային կազմակերպությունների՝ դատված Բայդեմիրլին ինքն իրեն քաղբանտարկյալ չի անվանում։ Նրա փաստաբան Ագիլ Լաիջի ձևակերպմամբ՝ տեղի ունեցողը «իրավական ահաբեկչություն» է․ մեղադրող կողմը ապացույցներ չի ներկայացրել, դատավարության ընթացքում պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժվել են։ Կալանավայրում անցկացրած նախորդ 15 ամիսները նա բարոյական կտտանք է անվանել և խնդրել դատարանին արդարդացնել իրեն։

8 տարի ազատազրկումից բացի Բաքվի դատարանը նրան պարտավորեցրել է «շորթման զոհին» մոտ 50 000 մանաթ (30 000 դոլար) վճարել։

Նազիմ Բայդեմիրլին ձերբակալվել է 2023-ի հուլիսի 4-ին։ Մեղադրական վարկածը՝ Բայդեմիրլին 1996 թվականին Ռուսաստանի Լիպեցք քաղաքում ինչ-որ մեկից գումար է շորթել։ Ադրբեջանցի իրավապաշտպանները նրան քաղաքական բանտարկյալ են համարում։

Ադրբեջանի բանտերում ավելի քան 300 քաղբանտարկյալ է պահվում՝ ըստ BBC-ի, սա ամենամեծ թիվն է Ալիևի նախագահության ընթացքում։ Վերջին ամիսներին ուժգնացել են հետապնդումները հակապատերազմական ակտիվիստների դեմ, մինչ այդ անկախ լրագրողների և կրոնական ակտիվիստների էին զանգվածաբար ազատազրկում։