250 բնակիչ ունեցող Քարկոփ գյուղում ջրհեղեղից չորս ամիս անց վերականգնողական աշխատանքները դեռ շարունակվում են. բյուրոկրատական քաշքշուքները դանդաղեցնում են պրոցեսը։
Գյուղում ջրհեղեղից 43 առանձնատուն ու բնակարան է վնասվել։ Քարկոփցիներն այս ընթացքում հասցրել են վնասված իրերը հանել, մաքրել տները, չորացնել պատերը, սկսել վերանորոգման աշխատանքները։ Կառավարությունն այս ծախսերը փոխհատուցում է փուլային տարբերակով։
«Պարտքով շինանյութը վերցնում, անում եմ, համայնքապետարանից գալիս ստուգում են, հետո փոխհատուցում։ Առաջին երկու տրանշը ստացել եմ, մնացել է վերջին փոխանցումը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է քարկոփցի Կարենը։
Ջրհեղեղի ժամանակ գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Ջրի տակ է մնացել նաև մեր զրուցակցի մեքենան և 4000 մետրանոց այգու մի մասը, որոնք, սակայն, չեն փոխհատուցվել։ Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան․ այգին գտնվում էր գետի հունին, իսկ մեքենան գնվել էր երրորդ անձից։
«Մարդը, ումից վերցրել եմ, մահացել է, ժառանգը չկա։ Համայնքապետարանը տեղեկանք է տվել, որ մեքենայի շահագործողը ես եմ, բայց մեկ է՝ չեն փոխհատուցում։ Ջրհեղեղի ժամանակ գոճիներին գցել էինք մեջը, որ հանենք, մեքենան խոդի չընկավ, արդեն ջուրը լցվել էր, մենք արագ թողեցինք ու դուրս եկանք, գոճիները մնացին, երկու օր հետո եկանք տեսանք գոճիները ողջ են մնացել», – պատմում է Կարենը։
Այգուց ստացվող եկամուտն, ըստ գյուղացու, տարեկան կազմում էր 2,5-3 մլն դրամ՝ թուզ ու կառալյոկ էր աճացնում։ Ասում է, որ այգին ոռոգում էր կաթիլային համակարգով․ «Այգու մի մասն էր վնասվել ջրհեղեղից, բայց քանի որ կաթիլային սիստեմը լրիվ փչացել է՝ ջուր չկա, հիմա ամբողջը չորանում է»։
Քարկոփցի Վարդանը պատմում է՝ գյուղատնտեսական նշանակության հողերը համայնքում քիչ են. մարդիկ ստիպված ժայռերի վրա են հող լցնում կամ գետի հունի վրա այգի սարքում։ Նրա այգիներից մեկը ժայռի վրա է, մասամբ ավիրվել է։ Ամեն վնասված պտղատու ծառի համար Կառավարությունը տալիս է 8500 դրամ, թեև, ըստ Վարդանի, ամեն ծառից տարեկան ամենաքիչը 20-50 հազար դրամ եկամուտ էր ստանում։ Տան մոտ գտնվող ամբողջությամբ ավիրված այգու համար ֆերմերը փոխհատուցում չի ստանա՝ գետի հունի վրա էր։
«Ես այդ այգին այնքան էի սիրում։ Ամբողջ կյանքս այդտեղ եմ եղել, նույնն էլ հայրս։ Բայց այսօր ամբողջը հավասարվել է զրոյի, ամբողջ տարածքում քար է ու տեղ չկա, որ նորից այգի սարքենք։ Շնողի տարածքում գտնվող այգին ևս վնասվել է, բայց դրա փոխհատուցումը կստանանք, դրա փաստաթղթերն ունեմ», – ասում է Վարդանը։
Տեղում, որտեղ նախկինում նրա այգին էր, այժմ գետի բերած հսկայական քարերի, ծառերի արմատների, շինարարական աղբի կույտ է։ Այգուց մնացած միակ հետքը շքեղ կիվիի ծառն է։ Բերքը քարկոփցիները հիմնականում արտահանում են Ռուսաստան, թեև Վրաստանն ավելի մոտ է։ Ասում են՝ Վրաստանում Հայաստանից ու Ռուսաստանից էժան է, շուկան էլ փոքր է։
«Ես օրենքի մարդ եմ ու միշտ օրենքին կողմ եմ։ Ամեն ինչ անում ենք, որ մեր հողերը գրանցենք, բայց դա անհնար է։ Իմ խնդրանքն այն է, որ հաշվի առնվի, որ Քարկոփում գյուղական նշանակության հողեր գրեթե չկան։ Մարդիկ այս պայմաններում ստեղծել են այգիներ, հիմա Կառավարության որոշումից դա դուրս է մնացել։ Այստեղի գյուղացիք շատ աշխատող են, ամեն ինչ կանեն, որ իրենց տանը հացի խնդիր չլինի, իրենց ընտանիքը խնդիր չունենա։ Հիմա պետք է այս մարդիկ հուսախաբ չլինեն», – ասում է Վարդանը։
Քարկոփն իսկապես գտնվում է երկու ժայռի արանքում։ Այն հատվածները, որտեղ տեսականորեն կարող է այգի լինել, հենց գետի հունն է։ Գյուղացիներն ասում են, որ հնարավորության դեպքում կրկին այդ հատվածներում այգիներ կկառուցեն, քանի որ այլընտրանք չունեն։ Ջրհեղեղի ժամանակ վնասվել են նաև Քարկոփից դեպի այլ համայնքներ տանող միակ կամուրջը և երկաթուղին։ Գյուղը երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել, փրկարարները չեն կարողացել Քարկոփ հասնել։ Գյուղացները փորձել են իրենց ուժերով տարհանել տներում մնացած մարդկանց։
Վարդանը պատմում է, որ աղետի հետևանքների հաղթահարման թեմայով հանրային քննարկման ժամանակ առաջարկել է գյուղի բոլոր տներում ազդանշանային համակարգ տեղադրել՝ անհրաժեշտության դեպքում տարհանումը հեշտությամբ կազմակերպելու համար։
Եթե նախկինում Ալավերդիից կարելի էր հասնել Քարկոփ 20 րոպեում, կամրջի բացակայության պայմաններում ճանապարհը երկարել է ևս 25 րոպեով։ Բացի այդ տեղացիները իրենց մյուս ափին գտնվող այգիներ հասնելու համար ստիպված են մեքենաները թողնել ճանապարհի մոտ և ոտքով անցնել ժամանակավոր հետիոտնային կամուրջը։ Վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից ասացին՝ մրցույթի փուլն արդեն եղել է։ Հույս ունեն, որ կամուրջը շահագործման կհանձնվի հոկտեմբերի կեսերին։
տե՛ս Ջանքեր են գործադրել, որ այս աղետը լինի․ Ալավերդիից