հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Քաղաքը զրկվում է վերջին պետական, համայնքային ծննդատնից

Քաղաքը զրկվում է վերջին պետական, համայնքային ծննդատնից

Քաղաքապետարանը որոշել է լուծարել Երևանի վերջին պետական ծննդատունը։

Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը գոյություն ունի 1957 թվականից, գտնվում է համայնքի ենթակայության տակ։ Մոտ 9 տարի առաջ ծննդատունն առանձնացրել են 8-րդ հիվանդանոցից։ 2016-ին մեկնարկել են հիմնանորոգումը և սկսել պարտքեր կուտակել։ Հայկ Մարությանի օրոք բուժաստատությունը հավատարմագրային կառավարման է հանձնվել Դե Վի Սան ընկերությանը, որը ներդրումներ ու օպտիմալացում է խոստացել, փոխարենը խորացրել է ճգնաժամը։ Բուժաշխատողները սկսել են ընդվզել, քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ սատարել են այդ ընդվզմանը։ Ապրիլին համայնքը միակողմանի խզել է Դե Վի Սանի հետ պայմանագիրը և հայտնվել դատարանում։

Ծննդատան բուժաշխատողները՝ մոտ 70 հոգի, օգոստոսից հարկադիր պարապուրդի մեջ են։ 11 ամսվա աշխատավարձ չեն ստացել։ Վերջերս իմացել են, որ քաղաքապետարանը որոշել է լուծարել ծննդատունը, փոխարենը հիմնել հայ-ֆրանսիական ռեպրոդուկտիվ կենտրոն։ Նոր կենտրոնի գործառույթներից մանկաբարձությունն, ըստ նրանց, հանվել է, մնացել են վճարովի գինեկոլոգիական ծառայություններ։ Ծննդատան բուժաշխատողները պարբերաբար ցույցեր են անում քաղաքապետարանի և կառավարության մոտ։ Նրանք վստահել են քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանի խոստումներին և խաբվել։

Քաղաքապետարանից արդարանում են՝ լուծարում են, քանի որ Առողջապահության նախարարությունն այնտեղ թերություններ է գտել և զրկել կարգից։ Բժիշկները համաձայն չեն․ «Վերջին 8 տարվա ընթացքում պետության կողմից պարբերաբար մեծ գումարներ են ուղղորդվել դեպի ծննդատուն՝ վերանորոգման համար։ Եթե այդքան գումար է հատկացվել, մնում է անհասականալի, թե ոնց կարող է պատահել, որ այսօր Առողջապահության նախարարությունը գա և գտնի 11 կետ թերություններ և ծննդատունը համարի իր կարգին չհամապատասխանող։ Եթե հաշվենք՝ ինչքան գումար է մտել ծննդատուն 2016-ից, այս ծննդատան պատերը պետք է առնվազն ոսկուց լինեին, սարքավորումները՝ առնվազն վերջին սերնդի սարքավորումներ։ Ասում են՝ ֆունկցիոնալ մահճակալներ չունեք։ Չունենք, որովհետև Փարաքյարի մեբելներով են համալրել, փոխանակ բժշկական կահույքով համալրեին։ Ո՞վ է սրանում մեղավոր»; «Քաղաքապետարանի պարտականությունն է շտկել արձանագրված թերությունները, բայց քաղաքապետարանը գերադասում է փակել ծննդատունը»; «Սկզբից մի բան էին ասում, հետո պարզվեց՝ նրանք ընդհանրապես նպատակ չունեն ծննդատունը վերագործարկել, իրենք բերել, մի նոր ծրագիր են ներկայացրել՝ կակոյ-նիբուձ հայ-ֆրանսիական Կանանց վերարտադրողական առողջության կենտրոն են ուզում բացել։ Հերթական բիզնես կենտրոնը, որտեղ կլինի ռեպրադուկտոլոգ, էկո, արտամարմնային բեղմնավորում, այսինքն՝ կլինի գինեկոլոգիա և չի լինի մանկաբարձություն»; «Ամբողջ կոլեկտիվ մնում ա գործազուրկ, քաղաքը զրկվում է վերջին պետական, համայնքային ծննդատնից»։

Ծննդատան բժիշկների, քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանի և Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանի մեկնաբանությունը՝ տեսանյութում։