Զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկը կրճատվել է․ Կառավարությունը որոշել է, որ «առանց կլինիկական դրսևորումների» կիստա ունեցող, գիշերամիզությունից տառապող մարդկանց էլ են տանելու բանակ։
«Նախատեսվում է զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի և հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները», – կառավարության նիստի ժամանակ զեկուցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Խոսքը, ըստ նրա, «առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների» կիստաներ ունեցող, գիշերամիզությունից տառապող, «առանց վարքային խանգարումների» մանկավարժական բարձիթողի վիճակ, ուսուցման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց մասին է։
Նախկինում նրանց ազատում էին զինվորական ծառայությունից, հիմա չեն ազատի։
«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար», – ասել է պաշտպանության նախարարը։
Կիստաների առկայության դեպքում սահմանափակումները, ըստ նրա, կիրառվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողների ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, «մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ»։
Նախարարությունը վստահեցրել է՝ «այս հիվանդությունները ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնաս հասցնել մարդու առողջությանը»։
ամբողջ ազգը հիվանդ է
Իրավապաշտպան կազմակերպությունները Զինված ուժերում միջադեպերի տարեց տարի աճող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրները և ԶԼՄ-ները հաղորդել են առնվազն 83 մահվան դեպքի մասին՝ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, առողջական խնդիրներ։ 2024-ի տարեսկզբից ոչ մարտական պայմաններում 10 զինծառայող է մահացել։
Զուգահեռաբար Պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի ու ավելի շատ մարդու բանակ տանել պարտադիր զորակոչի և վարժական հավաքների միջոցով։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել
Այս տարի արդեն առնվազն մեկ մահվան դեպք է արձանագրվել զորակոչի ընթացքում․ ծանր հիվանդություններ ունեցող զորակոչիկին հրաժարվել են տարկետում տալ և տարել են մաշեցնող բուժստուգումների։ Հարազատների խոսքով՝ տղայի սիրտը չի դիմացել, մահացել է կաթվածից։
Իշխանությունները նորանոր խստացումները պատճառաբանում են թվերով։ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար», – ամիսներ առաջ հայտարարում էր պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Զորակոչի ենթակա տղամարդկանց կեսից ավելին, ըստ նրա, չեն ծառայում բանակում․ «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»:
Փաշինյանն էլ գանգատվում էր՝ այս թվերին նայես, տպավորություն կստեղծվի, թե ամբողջ ազգը հիվանդ է։ Խոսվում էր բուժզննություն իրականացնողների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին։
Օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին հաղորդել էր, թե զինկոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետը՝ բժշկական կենտրոններից մեկի տնօրենի հետ համագործակցելով, 125 հազար դոլար կաշառք է վերցրել 5 զորակոչիկի զինվորական ծառայությունից ազատելու համար: Ըստ Կոմիտեի՝ յուրաքանչյուր զորակոչիկից նրանք պահանջել և ստացել են 25 հազար դոլար կաշառք:
մարդասեր զինդատախազի տեղակալ
Բայց խնդիրը մարդկանց բանակ հավաքագրելը չէ։ Բարեփոխումների մասին պաշտոնական հաղորդագրությունների ֆոնին Զինվածում ուժերում միջադեպերի և ոչ մարտական մահերի աճող թվերն են։ Հիմնական պատճառը կրիմինալ մթնոլորտը, նորմալ վերահսկողության բացակայությունն ու անպատժելիությունն է։
Իշխանությունները, ինչպես և նախկինում, մեղքը հասարակության վրա են բարդում։ Զինդատախազի տեղակալ Կարեն Հարությունյանի կարծիքով, խնդիրները բանակ են հասնում հասարակությունից, լուծումը՝ «որ յուրաքանչյուր ծնող իր երեխային դաստիարակելիս ուշադրություն դարձնի մարդասիրությանը»։
տե՛ս Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ
Հիմա, երբ պաշտպանության նախարարությունը որոշում է զորակոչել, օրինակ, գիշերամիզությամբ տառապող մարդկանց, ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում՝ այդ մարդկանց համածառայակիցների դեռևս ոչ այդքան «մարդասիրական դաստիարակությունից» պաշտպանելու համար։ Դատելով վիճակագրությունից՝ ոչ մի։
ՀՔԱՎ գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։
Տարեսկզբից Հայաստանի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 10 զինծառայող․ մահերից 4-ը սպանություն է որակվել (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Արթուր Գրիգորյան, Կարեն Կարապետյան), մեկը՝ ինքնասպանություն (Միքայել Դանիելյան), հինգը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան, Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանյան, Դավիթ Հակոբյան, Ժոզեֆ Ազոլյան)։