Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհից երեկ մահացել է պահեստազորային (հավանաբար 25-օրյա վարժական հավաքների մասնակից) Արթուր Վարուժանի Գրիգորյանը՝ ծնված 1985 թվականին։ Արդեն այսօր Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, բայց ոչ թե հակահրդեհային կանոնների խախտման հոդվածով, ինչպես սովորաբար է լինում նման դեպքերում, այլ սպանության հոդվածով։
Հրդեհի մասին ահազանգն, ըստ Քննչականի, ստացվել է փետրվարի 6-ին՝ ժամը 13։20-ին, Գորիսի բաժնից։ Դիրքի անձնակազմը կրակը մարելուց հետո հայտնաբերել է 39-ամյա պահեստազորայինի դին։ «Այլ տուժածներ չկան»։
Արթուր Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր, ուներ տարեց ծնողներ, մեկ քույր և եղբայր։ Մասնագիտությամբ շինարար էր։
Թե ով է սպանել նրան՝ հայտնի չէ։ Կասկածյալների կամ ձերբակալվածների մասին ոչինչ չի հաղորդվել։
Անցած երկու տարիների ընթացքում դեպքեր են եղել, երբ վարժական հավաքների մասնակիցները հանկարծամահ են եղել, անհետացել, հոսպիտալացվել առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ 2023-ի օգոստոսին հաղորդվեց, որ պահեստազորայիններից մեկը գերեվարվել է Ադրբեջանի կողմից (ՀՀ ՊՆ-ն նրան նախօրոք մեղադրեց դասալքության մեջ)։ Սեպտեմբերի 1-ին արձանագրվել են նաև պահեստազորայինների մարտական մահվան դեպքեր։
Պահեստազորին զորակոչելու նոր ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից․ սկզբում մարդկանց երեք ամսով էին բանակ տանում, 2022-ից՝ 25 օրով։ Վարժական հավաքները ներկայացվում են որպես «արական սեռի քաղաքացիների» զանգվածային վերապատրաստման նախագիծ՝ իբրև պրոֆեսիոնալ բանակին անցնելու առաջին քայլ։ Գործնականում դրանք վերածվում են սովորական «պոստ պահելուն»։ Զորակոչվածներին տանում են մարտական դիրքեր՝ առանց լուրջ պատրաստության։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել
Հայաստանյան իրավապաշտպանները Զինված ուժերում մահերի չնվազող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու ԶԼՄ-ները հաղորդել են առնվազն 83 մահվան դեպքերի մասին․ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, հրդեհներ, առողջական խնդիրներ․․․
Պաշտպանության բանակի ներկայացուցիչները հաստատում են՝ սպանություններին և ինքնասպանություններին նախորդում են ոչ կանոնադրային հարաբերությունները։ Իշխանությունները, ինչպես և նախկինում, մեղքը հասարակության վրա են բարդում։ Զինդատախազի տեղակալ Կարեն Հարությունյանը սա այսպես էր բացատրում․ «Մեր բոլոր զինծառայողները, մեր ժամկետային զինծառայողները՝ բոլորը մեր միջից են, չէ՞, գնում, ինտեգրվում բանակին, որոշակի արդեն բնավորությունների այդ գծերը բոլորը, ամեն մեկը յուրովի իր հետ տանում է բանակ: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ծնող իր երեխային դաստիարակելիս, բնականաբար, շատ ավելի ուշադրություն դարձնի մարդասիրության, ընկերասիրության, թույլին չճնշելու և այլնի ուղղությամբ»։
Իրավապաշտպանները ահազանգում են՝ բանակում բարձիթողի վիճակ է, սպայական կազմն է նույնիսկ ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ գտնվում։ Ո՛չ վերահսկողություն կա, ո՛չ էլ միջադեպերը կանխելու մեխանիզմներ։ Ինքնասպանությունների ու սպանությունների թվի աճն էլ ոչ մի փոփոխության չի բերում․ լավագույն դեպքում ձերբակալում են սպանողին, բանակային պատասխանատուները մնում են տեղում։
տե՛ս Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։ Միայն անցած ամսվա ընթացքում երեք զինվոր է մահացել, դեպքերից մեկը ինքնասպանություն, մեկը՝ սպանություն է որակվել, մեկն էլ՝ դժբախտ դեպք։