Սիսիանի մարզի Ցղունի գյուղի տարածքում՝ ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)՝ հաղորդել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Զոհված զինծառայողի հետ կապը կորել էր երեկ։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, թե «եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին» զինծառայողն անհետացել է։
Արդյո՞ք նա մենակ է եղել, ի՞նչ պայմաններում է «դիրքից տեղափոխվել մշտական տեղակայման վայր»՝ ռազմական գերատեսչությունից չեն պատասխանել։
Երեկ երեկոյան գրել են, թե «չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»։ Արդեն այսօր՝ հաղորդել, որը 14։20-ի սահմաններում լեռնային դժվարանցանելի գոտում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի մարմինը։
Բենիամին Մանուչարյանը Մասիս համայնքի Այնթապ գյուղից էր։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ գրել է․ «Բենիամինը ընդամենը մի քանի օրից պետք է զորացրվեր, սակայն… Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին»։
Վերջին երեք տարիների ընթացքում ոչ մարտական զոհերի թիվը հայկական բանակում միայն աճում է։ Պաշտպանության նախարարությունը ոչ բոլոր մահերի մասին է հաղորդում։ Շատ դեպքերում ոչ մարտական կորուստների մասին իմանում ենք ԶԼՄ-ներից, հավելյալ հարցումներից կամ հարազատներից։
տե՛ս Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ
25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել
Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից
Անցած տարի զոհված 75 զինծառայողից 55-ը մահացել են ոչ մարտական պայմաններում։ Պատճառները՝ սպանություններ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, վթարներ, առողջական խնդիրներ։ Գրեթե նույն պատկերն էր նաև 2022-ին՝ չհաշված սեպտեմբերյան լայնածավալ էսկալացիայի զոհերին, բանակում 64 մահվան դեպք էր արձանագրվել, որոնցից 50-ը՝ ոչ մարտական պայմաններում։
2024 թվականի 14 օրերի ընթացքում ՊՆ-ն արդեն 3 մահվան դեպքի մասին է հաղորդել․ պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը մահը որակվել է որպես սպանությունը (ժամկետային համածառայակիցը կալանավորված է), ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահը որակվել է «ինքնասպանություն»։
Մինչ այդ հարազատները ահազանգել են նաև 20-ամյա զորակոչիկ Էրիկ Հարությունյանի մահվան մասին։ Զինկոմիսարիատը հրաժարվել է տարկետում տալ ծանր հիվանդ զորակոչիկին և ուղարկել է կրկնակի զննման՝ «ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում»։ Բժշկական հյուծիչ պրոցեդուրաներից հետո տղան սրտի կաթված է ստացել և մահացել։
Բենիամին Մանուչարյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինվորական պաշտոնեական անփութությունը)։