Զինվորական կոմիսարիատում զորակոչիկի մահ չի արձանագրվել՝ հայտարարում է Պաշտպանության նախարարությունը։ Մամուլում տարածված լուրերը ռազմական գերատեսչությունը գնահատում է որպես «մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապերի» արծարծում։
20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները, մինչ այդ, պատմում են՝ զինկոմիսարիատը հրաժարվել է երկարաձգել նրա տարկետումն ու առժամանակ ազատել ծառայությունից, չնայած որ տղան ծանր հիվանդություններ ուներ, փոխարենը ուղարկել է կրկնակի զննման՝ «ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում»։ «Անցնելով այդ դաժան կազմակերպված ստուգման միջոցով» Էրիկը նույն օրը սրտի կաթված է ստացել և մահացել։
ՊՆ-ն ցավակցում է՝ հերքելով
«Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։
Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։ ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել», – հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հերքման տեքստը ամփոփվել է «մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին և հարազատներին» հասցեագրված ցավակցություններով։
Երեխայի ճնշումը տատանվում էր 150-ից 200
«Արդեն 3-րդ տարին է Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով մեկական տարով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից:
2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ զարկերակային հիպերտեզիա 2-րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և բազմաթիվ այլ սրտանոթային խնդիրներ: Երեխայի արյան ճնշումը տատանվում էր 150-ից մինչև 200, ինչը նույնպես արձանագրվել է բժշկական հետազոտությունների արդյունքում:
Սրանից հետո վերջնական զիվորական կոմիսիայի ժամանակ, երբ պետք է որոշեին երեխան ենթակա է ծառայության, թե ոչ, թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվում են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները՝ այն դեպքում, երբ իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից և ուղարկել բուժման։ Իրենք նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննում՝ Երևանի թիվ 8 հիվանդանոցում:
Ծնողները հանդես են գալիս բողոքով Սարգսյան Գարիկի մոտ, որ իրենց երեխան հիվանդ է և չի դիմանա, ստանում են կոպիտ մերժում, թե տենց է պետք:
Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նուն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել են մահացած զինծառայողի հարազատները։
___
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ այսօր, մեկնարկել է ձմեռային զորակոչը։