Ամիսներ առաջ Կառավարությունը ազդարարել էր «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգի» ներդրման մասին: Հայտարարվում էր, որ զորակոչված կանայք ծառայելու են 6 ամիս՝ ուսումնական զորամասերում, ծառայության ավարտին ստանալու են 1 միլիոն դրամ պատվովճար։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասնել է՝ Հայաստանում կանանց գումարտակ, իսկ հետո նաև կանանց զորագունդ է ձևավորվելու։ «Ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կայանք», – Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի մայիսի 30-ի նիստին ասել է Պապիկյանը։
տե՛ս Կանանց առաջարկում են 1 միլիոնի դիմաց ծառայել բանակում
Ծառայության անցած կանայք պատվովճար են ստանալու՝ 6 ամսվա համար 1 միլիոն դրամ։ Առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը հաշվարկվելու է ըստ ծառայած ամիսների։
Ավելին՝ ըստ նախարարի, կին զինծառայողները 6 ամիս անց կարող են ոչ թե զորացրվել, այլ «ցանկության դեպքում» շարունակել ծառայությունը արդեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, որը 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն է ենթադրում՝ աշխատավարձի և մի շարք արտոնությունների դիմաց։
տե՛ս Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան»
«Պաշտպան հայերնյացը», ինչպես նաև կանանց զինծառայության այս պիլոտային ծրագիրը, կամավոր հիմքունքներով պարտադիր են։
«Կամավոր պարտադիր» oքսիմորոնը, ըստ նախարարի, ենթադրում է հետևյալը՝ մինչև զորակոչի օրը կամավորագրված կանայք կարող են հրաժարվել ծառայությունից, բայց զորակոչման օրվանից հետո («այն օրվանից հետո, երբ իրենք արդեն իսկ համարվում են զինծառայող») ծառայությունը այլևս պարտադիր է, հրաժարվելու հնարավորություն չկա։
Պապիկյանը հավելել է՝ 6-ամսյա ծառայությունից հետո կին զինծառայողները համալրելու են պահեստազորը, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ ռազմական դրության, մոբիլիզացիաների կամ մասնակի մոբիլիզացիաների պարագայում նրանք կարող են արդեն պարտադիր հիմունքներով զորակոչվել։
Ինչի՞ համար է Կառավարությունը զինվորագրում, զորակոչում նաև կանանց, ի՞նչ խնդիր է սա լուծում, արդյո՞ք հաշվի են առնվել ռիսկերը, ի՞նչ պահանջարքի վրա է հիմնվում այս նորամուծությունը։
«Ռեսուրսի՞ խնդիր ունենք, մոդայի՞կ ա․․․սա ինչ-որ բան կփոխի՞ բանակում, կանանց ներգրավվածությունը ինչ-որ էական լի՞ցք կտա, սա ի՞նչ խնդիր է», – հարցրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Կանանց զորակոչելու նորամուծությունը նախարար Պապիկյանը փորձել է արդարացնել «գենդերային հավասարությամբ»՝ ակնարկելով, իբր կանանց բանակ տանելը հենց կանանց համար է արվում․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս»։
Ավելի ուշ, սակայն, նախարարը անկեղծացել է՝ կանանց զորակոչելով «խնդիր են լուծում, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ողջ պոտենցիալը, որ կարող է ծառայել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ամբողջությամբ ծառայի»․․․«խոսքը գլխաքանակի մասին չի, խոսքը նրա մասին ա, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ» ․․․ «վեցամսյա պատրաստությունը կին զինծառայողից զինվոր դարձնելն է, զինվոր ստանալն է»։
Կանանց «կամավոր պարտադիր» զինծառայության մասին այս նախագիծը ավելի վաղ հաստատել է Կառավարութունը, նախօրեին այն հավանության արժանացավ նաև Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Օրինագիծն առաջիկայում կքննարկվի (և ամենայն հավանականությամբ՝ կընդունվի) Ազգային ժողովի լիագումար նիստում։