Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական բանակում՝ ոչ մարտական պայմաններում, առնվազն երկու մահվան դեպք է գրանցվել։
Հոկտեմբերի 11-ին պաշտպանության նախարարության խոսնակը հաստատել է՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից զինծառայող է մահացել: Ո՛չ զինծառայողի անունն է հրապարակվել, ո՛չ էլ դեպքի մանրամասները։
Հոկտեմբերի 9-ին ռազմական գերատեսչությունից հաղորդել են՝ «կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը»: Նարեկ Նազարյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրից էր՝ 7 ամսվա զինծառայող։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրան սպանել են։
Հոկտեմբերի 10-ին Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ սպանության մեջ կասկածվող համածառայակիցը ձերբակալվել է։ Ըստ քննիչների, դեպքը տեղի է ունեցել «ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում», կրակոցը արձակվել է ինքնաձիգից, զինծառայող Նազարյանը մահացել է «գլխի շրջանում ստացած մահացու վիրավորումից»։
կայուն սպանդ
Բանակային մահերի թիվը չի նվազում՝ Epress.am-ի հետ զրույցում ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանը։
«2023 թվականի 10 ամիսների ընթացքում՝ այսօրվա դրությամբ, արձանագրվել է առնվազն 69 մահվան դեպք։ Մահերի գերակշռող մասը՝ 50 դեպք, եղել է ոչ մարտական պայմաններում: Սա շատ լուրջ ահազանգ է», – նշել է իրավապաշտպանը։
Պատճառների նախնական վիճակագրությունը հետևյալն է․
— հրադադարի ռեժիմի խախտում՝ 19 մահվան դեպք
— ինքնասպանություն՝ 9 դեպք
— սպանություն՝ 3 դեպք
— առողջական խնդիրներ՝ 8 դեպք
— ավտովթար՝ 10 դեպք (2-ը՝ ՊՆ մեքենայով, 8-ը՝ քաղաքացիական մեքենայով)
— դժբախտ պատահար՝ 2 դեպք (1-ը՝ մեքենայի պայթյուն, 1-ը՝ կայծակահարություն)
— պայթյուն ինժեներական աշխատանքների ժամանակ՝ 2 դեպք
— հրդեհ՝ 15 դեպք (Ազատի զինվորական կացարան)։
Պաշտպանության նախարարությունը ոչ բոլոր մահերի մասին է հաղորդում։ Շատ դեպքերում ոչ մարտական կորուստների մասին իրավապաշտպանները իմանում են ԶԼՄ-ներից, հավելյալ հարցումներից կամ հարազատներից։
Անցյալ տարի, օրինակ, բանակում 64 մահվան դեպք է գրանցվել (չհաշված 2022-ի սեպտեմբերյալ լայնածավալ էսկալացիայի զոհերին), որից 14-ը՝ հրադադարի ռեժիմի հետևանքով, 50-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Այդ դեպքերից միայն 30-ի (47%) մասին է նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածել։
Չնայած այս տարվա ամփոփ տվյալները դեռ չկան, իրավապաշտպանը նշում է՝ միտումը պահպանվում է, ոչ բոլոր մահերն են հանրայնացվում, զինվորական դատախազությունը շարունակում է առողջական խնդիրների վատթարացման հետևանքով արձանագրված դեպքերը, ավտովթարներից որոշները ձևակերպել որպես «զինվորական ծառայության հետ կապ չունեցող» և բացառել պաշտոնական լրահոսից (չնայած, որ այս դեպքերը ևս կապված են ծառայության, ավելի կոնկրետ՝ ոչ պատշաճ բուժզննության, բժշկական ծառայությունների որակի, զինվորական կանոնադրության խախտման հետ)։ Թե 2023 թվականին քանի նման դեպք է եղել՝ պարզ չէ։ Բացառված չէ, որ տեղեկատվության ամբողջական ամփոփումից հետո թվերը աճեն։
Անցյալ տարի՝ 2022-ին, ինքնասպանություն որակված դեպքերը 6-ն են եղել, ևս 6 դեպք որակվել է որպես սպանություն։ 2021-ին ցուցանիշն էլ ավելի սարսափելի էր՝ 9 դեպք որակվել էր որպես ինքնասպանություն, 11՝ որպես սպանություն։
«Այս տարվա 10 անիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը հաղորդել է սպանության 3 և ինքնասպանության 9 դեպքի մասին։ Առաջ Քննչական կոմիտեն խուսափում էր ոչ կանոնադրական հարաբերությունների թեման շոշափելուց, հիմա շատ հաճախ բացահայտ գրում են՝ սպանությունը/ինքնասպանությունը տեղի է ունեցել ոչ կանոնադրական հարաբերությունների, միջանձնային խնդիրների հետևանքով, որոշ դեպքերում՝ բռնությունները/ճնշումները հրամանատարի կողմից են եղել, որոշ դեպքերում՝ համածառայակիցների։ Այս արձանագրումը ինքնին ոչինչ մեզ չի տալիս։ Պաշտպանության նախարարությունը արդեն երկար տարիներ հայտարարում է, թե աշխատում է այս խնդիրները լուծելու, հաղթահարելու ուղղությամբ։ Բայց դեպքերը շարունակվում են։ Միայն օգոստոսի ընթացքում երեք ինքնասպանություն որակված դեպք է գրանցվել, որոնցից մեկում զինծառայողը սպանել է ծառայակցին, հետո ինքնասպան եղել», – նշել է իրավապաշտպանը։
2 կրակոցով ինքնասպանություններ
Ինքնասպանության դեպքերը պատշաճ չեն քննվում։ Համենայն դեպս՝ այդ քննությունները վստահություն չեն ներշնչում։ Ծնողները շարունակում են ահազանգել՝ գործերը կոծկում են, սպանության վարկածը բավական ուշադրության չի արժանանում։
Օրինակ, զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահը ի սկզբանե որակվել էր որպես ինքնասպանություն, օրեր անց հայտարարվել էր՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա համածառայակիցը։ Մեղադրանք էր առաջադրվել նաև դիրքի ավագին, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր կոծկել սպանությունը և ինքնասպանություն բեմադրել։
տե՛ս Զինվորին սպանել են, ավագը ինքնասպանություն է բեմադրել
Սա բացառիկ դեպք էր։ Ավելի հաճախ ինքնասպանության թույլ հիմնավորված վարկածը անփոփոխ է մնում նույնիսկ ծանրակշիռ հակափաստարկների ի հայտ գալուց հետո։
Արդեն երկու ամիս է՝ զինծառայող Ժորա Կարապետյանի հարազատները ահազանգում են, որ իրենց երեխու սպանությունը քննիչները որպես ինքնասպանություն են ներկայացնում։
Օգոստոսի 10-ին մահացած զինծառայողի հորեղբայր նրա դին մինչ դիահերձարան տեղափոխվելն է տեսել՝ ճակատին կրակոցի երկու հետք։ Արծրուն Կարապետյանը պատմում է՝ տեսնելուց հետո լսել է պաշտոնական նախնական վարկածը, իբր թե եղբոր 18-ամյա տղան ինքնասպան է եղել ու նրան ինքնասպանության հասցնելու կասկածանքով ծառայակիցներն են ձերբակալվել։ Այս վարկածին հնարավոր չէ հավատալ՝ ասում է Ժորայի հորեղբայրը և հիշեցնում Արարատի նույն զորամասում նույն օրը տեղի ունեցած երկրորդ «ինքնասպանության» դեպքի՝ 18-ամյա Գրանիկ Խնկոյանի մահվան մասին։
տե՛ս Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից
Ինչպե՞ս է իր զարմիկը գլխին առաջին կրակոցից հետո երկրորդն արձակել, այն էլ՝ ինքնաձիգով։ «Եթե մոտիկից լիներ, նախ վերքը ցխած կլիներ ու վառված, իսկ ինքը այրվածք չուներ, մենակ էդ ծակերն էին ու կողքի կարմիրները», – «Ազատության» հետ զրույցում ասել է հորեղբայրը, ըստ որի՝ Ժորայի ծառայակիցները մեկը մյուսին հակասող ցուցմունքներ են տվել։
Ժորա Կարապետյանի հարազատները դեռ սպասում են դատաբժշկական փորձաքննության պաշտոնական արդյունքներին, հույս ունեն՝ գոնե դրանցից հետո քրեական գործը կվերաորակավորվի։ Ինքնասպանության վարկածին չեն հավատում նաև Ժորայի հետ նույն զորամասում ծառայած և նույն օրը «հրազենային վիրավորումից մահացած» Գրանիկ Խնկոյանի ծնողները։ Գրանիկին «ինքնասպանության հասցնելու համար» Քննչականը մեղադրանք է առաջադրել նրա վերադասին՝ գումարտակի հրամանատարի տեղակալին։ Զինվորին բռնության ենթարկելու, համածառայակիցների ներկայությամբ նվաստացնելու, «ինքնասպանության» հասցնելու համար սպան տնային կալանքի տակ է առնվել՝ նույնիսկ չի էլ կալանավորվել։
տե՛ս 3 բանակային մահ 2 օրում. «սպանություն», «ինքնասպանություն», «հոսանքահարում»
Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ նման պատմությունները Հայաստանում նորություն չեն՝ առաջին դեպքը չէ, երբ քննությունը փորձում է համոզել ծնողին, որ զինվորը երկու կրակոցով ինքնասպանություն է գործել․ «2012-2013 թվականներին էլ նման դեպքեր ունեինք, ու ինքնասպանության հոդվածը, որքան հիշում եմ, մինչև վերջ էլ չփոխվեց»։
Իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն են որակվում մեխանիկորեն և չեն բացահայտվում։ Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը ուսումնասիրում էր ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների որոշ գործերը, վերջում զուտ արձանագրում էր՝ իրեղեն ապացույցները ոչնչացվել են, իրականությունը բացահայտել այլևս հնարավոր չէ։
տե՛ս Ճշմարտությունը բացահայտել այլևս հնարավոր չէ․ ո՞վ է պատասխան տալու
Բանակային ամենաթողության դեմ պայքարող որդեկորույս ծնողները տարիներ շարունակ բողոքի ցույցեր են անում՝ արդեն ոչ միայն իրենց երեխաներին սպանողներին, այլև կեղծարար քննիչներին պատասխանատվության ենթարկելու համար։
տե՛ս «Մեղավորներին թողած, ասում եմ՝ պետք է դատեն քննիչներին»․ սևազգեստ մայրեր
Նրանք հիմա էլ նույն բանն են կրկնում՝ ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, նույն մարդիկ նույն դիրքերում նույն գործելաոճով շարունակում են «աշխատել»։ Տարիների ընթացքում միայն կատարելագործվել են։
տե՛ս Հանցագործները նոր պաշտոններ են ստանում
Դեռ օգոստոսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցության ընթացքում խոսել էր բանակում արատավոր բարքերը վերացնելուն ուղղված անհետաձգելի միջոցառումներից։ Թե ինչ գործողություններ են հաջորդել այս խորհրդակցությանը՝ հայտնի չէ։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը չեն նվազում։ Սրա համար ոչ ոք հրաժարական չի ներկայացնում։ Պաշտոնանկություններ չկան։