հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Նախնական վարկածով պայմանագրայինին սպանել է ժամկետայինը

Նախնական վարկածով պայմանագրայինին սպանել է ժամկետայինը

Քննչականի նախնական վարկածի համաձայն՝ պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանին սպանել է նրա ժամկետային համածառայակիցը։ Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի մարտական դիրքերից մեկում՝ լուսադեմին։

«ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ․․․ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն [Կարեն Արայիկի Կարապետյանը – խմբ․]։

Նախնական տվյալներով՝ հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից», – գրել է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Ձևավորվել է քննչական խումբ։

Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

Սպանված սպան՝ Կարեն Արայիկի Կարապետյանը, Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։ Համայնապետի խոսքով՝ 23-ամյա Կարենն ուներ մեկ կրտսեր եղբայր, «ինստիտուտն ավարտելուց հետո անցել էր ծառայության»։

photo_5253637012337056903_y
Կարեն Կարապետյանը

թարմացում (հունվարի 12) — Կարեն Կարապետյանի սպանության գործով ձերբակալված ժամկետայինը կալանավորվել է։

Ըստ Քննչականի, դեպքից առաջ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։ Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Կարեն Կարապետյանի սպանությունից ժամեր անց Քննչականը հաղորդել էր ևս մեկ սպայի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։ Ըստ նախնական վարկածի՝ 29-ամյա Դանիելյանը ինքնասպան է եղել։