Քննչական կոմիտեի նախնական վարկածի համաձայն, ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը մահացել է «իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով»։ Նրա մահը քննվում է որպես ինքնասպանություն։
Մեկ օրվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկու զինծառայողի մահվան մասին։
Երեկ կեսօրին ռազմական գերատեսչությունից հաղորդել էին՝ Վարդենիսի մարտական դիրքերում լուսադեմին հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին։ Ավելի ուշ Քննչականից տեղեկացրել էին՝ ըստ նախնական տվյալների, նրան գնդակահարել է ժամկետային համածառայակիցը։
Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդել էր՝ նույն օրը, ժամը 11:30-ին, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։
«Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ», – արդեն այսօր գրել է Քննչական կոմիտեն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Կասկածյալների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։
Ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։
«մտահոգիչ, բայց ոչ կատաստրոֆիկ»
Բանակում ոչ մարտական կորուստները չեն նվազում։ Իրավապաշտպանները, հակառակը, ահազանգում են սպանությունների, ինքնասպանությունների թվի աճի մասին։
տե՛ս Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրավիճակը համարում է շատ մտահոգիչ, բայց ոչ կատաստրոֆիկ։
«Նախաքննական պրոցես է գնում՝ պարզելու բոլոր հանգամանքները։ Գործ ունենք երկու ոնց որ թե առաջնային դեպքերի հետ՝ ինքնասպանություն և սպանություն։ ․․․
Հարցին՝ պաշտոնանկություններ լինելո՞ւ են, Քոչարյանը պատասխանել է․ «Եթե մեղավորները հայտնաբերվեն, բոլորն էլ կստանան համապատասխան պաշտոնանկություն»։ Հարցին՝ նախարար Սուրեն Պապիկյանը, որպես քաղաքական պատասխանատու, չպե՞տք է պաշտոնանկ արվի, Քոչարյանը պատասխանել է․ «Ո՛չ»։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել