Հայաստանի կառավարությունը աջակցություն կտրամադրի 2023 թվականին Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող, 2023թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
«Ըստ էության մենք արդեն մտել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ, և այս նախագիծը ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն», – կառավարության հունվարի 11-ի նիստին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Առաջարկվում է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման 3 ուղղություն։ Մասնագիտական ուսուցում, որից հետո 3 ամիս պարտադիր աշխատանք։ Այս դեպքում շահառուին մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում ստանալու համար կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում ամեն ամսվա համար 50 000 դրամ և կրթաթոշակ՝ ամսական 50 000 դրամ։ Երբ նա ներկայացնի տեղեկանքը, որ ստացել է կրթությունը, գործատուի հետ կկնքվի պայմանագիր և 3 ամիս նրան կտրվի ամսական 50 000 դրամ՝ եկամտային հարկ, դրոշմանշային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարները։
Ղարաբաղցիների թոշակների, նպաստների և անձնագրերի մասին. նախարարություններից
Նարեկ Մկրտչյանի խոսքով գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում կամ կրթական կենտրոնում պետք է անցնի վերապատրաստումը։
«Ընդ որում և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ լուծում է այն մինչև 3 ամիս ժամկետի լրանալը, ապա փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի համար պետության կողմից տրամադրված գումարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին»,- հայտնել է նախարարը։
Քննարկումից հետո որոշում կայացվեց 5 ամիս տևողությունը փոխարինել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման։
Վճարովի պրակտիկա, որից հետո աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով։
Գործատուի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա․ «Այսինքն՝ գործատուին ամսական մենք տրամադրելու ենք 165 000 դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս 3 ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց նրան վճարվում է ամսական 50 000 դրամ՝ հարկերը վճարելու համար»։
Աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիս լրանալը լուծելուց հետո գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ տրված գումարը։ Բոլորը միասին՝ մասնագիտական կրթություն, վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։
Նախարարի խոսքով այս ծրագիրն արդեն փորձարկված է․ «2016-20թթ․ ռազմական գործողություններին մասնակցած մեր զինվորների համար այս ծրագիրն իրագործել ենք։ հետևել ենք ավելի քան 1 տարի և տեսել ենք, որ շահառուների 70%-ից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում»։