Հայաստան տեղափոխված Ղարաբաղի հայերը կունենան փախստականի կարգավիճակ, կստանան իրենց հասանելիք թոշակներն ու նպաստները։
Այս խոստումը տվեցին ՀՀ Սոցապ նախարարությունից կառավարության շենքի մոտ բողոքի հավաքված ղարաբաղցիներին։ Խոստումը փոխանցվել է պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանի միջոցով, ով որպես հավաքվածների պատվիրակության անդամ հանդիպել էր Սոցապ փոխնախարարին։ Խոստացել են, որ կառավարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին։ Որոշակի պարզաբանումներ են տրվելու, թե ինչ է նշանակում գրանցում ունենալ, քաղաքացիություն ձեռք բերել։
Պատվիրակը նշել է նաև, որ Սոցապ նախարարությունը չի կարող պատասխանել բոլոր հարցերին, քանի որ տարբեր խմբերի թոշակառուների և նպաստ ստացողների գրանցման գործընթացում ներգրավված են այլ նախարարություններ և հաստատություններ՝ ՆԳՆ, ԱԱԾ, արդարադատության, առողջապահության նախարարություններ և այլն։
«Կստանան Հայաստանի քաղաքացիություն, թե փախստականի կարգավիճակը կընտրեն, արցախցիներն անկախ այս ընտրությունից կենսաթոշակ կստանան։ Քաղաքացիական անձինք հոկտեմբերի 26-ից սկսած, իսկ զինծառայողները օրենքի փոփոխությունից հետո, հավաստիացրել են, որ ստանալու են», – ասել է պահեստազորի մայորը։
Բարձրախոս չկար, նախարարությունից դուրս եկած պատվիրակի ձայնը շրջապատող լրագրողներից այն կողմ չէր լսվում։ Լռելու և բարձր խոսելու հորդորները ավելացնում էին աղմուկը։
– Պե՞ն ըս սկանըմ։ Բա՞ն ես լսում։
– Հա։
– Ի՞նչ ա ասում։
– Ասում ա, որ ամեն ինչ լավ ա։
– Մեզ բոլորն են խաբել։
Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ – թոշակ սեպտեմբերից այս կողմ չեն ստացել։ Կառավարությունն ամեն անձին 50 հազար դրամ հատկացնելու մասին հայտարարեց որպես այս՝ չտրվող գումարների փոխհատուցում։
Հավաքվածները դժգոհ էին տան վարձերի չափերից, աշխատանքային պայմաններից։
– Ստեղ աշխատավարձ չկա, 100-120 հազար տալիս են ու օգտագործում։
– Մինիմում 400 հազար ուզում են, որ տուն թողեն։
Հայաստան եկած բոլոր տարեցները պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ այս պահին բնակվում են։ «Էդ հարցն էլ ենք բարձրացրել, ասել են՝ գրանցումը կարող եք ունենալ տվյալ անձնագրային բաժնում, պարտադիր չէ, որ դուք ունենաք որևէ սեփականություն, կամ ձեր գրանցումը չի դառնալու ոտնձգություն ինչ-որ մեկի սեփականւթյան վրա, հետագայում ավելի պարզվեցված տեսքով ձեզ ներկայացնելու ենք», – փոխանցել է Արմեն Պետրոսյանը։
Մայոր Արմենին սպասելիս ղարաբաղցիները հիմնականում շփվում էին միմյանց հետ․
– Երեւանի 99 տոկոսը մեր դեմ ա։ Ռայոնները` չէ։
– Ցրել են ռայոններով, որ չկարանան գան։
– Պետք ա 100-120 հազարը գա ու նստի։ Փաշինյանը ոնց արեց` Լենինականից ոտքով եկավ։
– Ղարաբաղցիք դիմացկուն ժողովուրդ են։
Հավաքվածների մի մասը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներ էին, որոնք ապակողմնորոշված են․ մի կողմից Ղարաբաղի բանակն էր, բայց փաստացի՝ Հայաստանի զինված ուժերի մի մասը և գործում էր ՀՀ ՊՆ հրամանանների ներքո։ Նախկին զինվորականները չգիտեն՝ արդյոք իրենց տվյալները չեն ոչնչացվել և պահպանվել են Հայաստանում, զինկոմիսարիատներում, ՊՆ-ում։ Իրենց տասնյակ տարիների ծառայությունը զրոյացվո՞ւմ է։ Իսկ Հայաստանից զոակոչված, բայց Ղարաբաղում ժամկետային ծառայություն անցած հայաստանցիները կրկին կհամարվե՞ն պարտադիր ծառայության ենթակա։
– Այստեղ հավաքվել են երկու խումբ մարդիկ՝ մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը զինվորական թոշակառուներն են՝ ուժային կառույցների երկարամյա ծառայության համար։ Ես զինվորական թոշակառու եմ։ Վազգեն Սարգսյանի ռազմական ուսումնարանն ավարտել եմ գերազանցությամբ, մեր բոլոր հրամանները՝ պաշտոնի բարձրացման, առաջխաղացման, կոչումների տրման, գալիս էին ՀՀ ՊՆ-ից։ Ես անձամբ մի քանի անգամ մասնակցել եմ միջազգային մրցումների։
Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ զինված ուժերի մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։
Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ էլ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան։ Իսկ տարիքով թոշակառուներն արդեն ի վիճակի չեն նոր աշխատանք գտնելու, իրենց ապրուստի միջոցը դա է։ Փաստորեն, ստացվում է, որ մեր երկարամյա ծառայության դիմաց պատժվում ենք։
– Ոչ մի ճիշտ նորություն չկա, սաղ սուտ են խոսում։ Թող հստակ բան ասեն, որ հասկանանք՝ մնում ենք, թե գնանք։
– Եթե թոշակ չի տալիս Հայաստանը, ինչո՞վ ա տարբերվում Ադրբեջանից։
– Առանց թոշակ Հայաստանը Ադրբեջան ա։
Կառավարության շենքի մոտ հավաքվածների հեռանալուց երկու ժամ հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ հայտարարություն է տարածել։