Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիներին փողի կամ ծառայության դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։ Պատգամավորներից 61-ը կողմ է քվեարկել, 27-ը՝ դեմ, 6-ը մնացել է ձեռնպահ։
Զինվորական ծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն այսուհետ կարող են
— ծառայել բանակում՝ 2 տարվա (24 ամսվա) փոխարեն 2․5 տարի (30 ամիս),
— ծառայել 15 ամիս և զորացրվել՝ վճարելով ավելի քան 2 միլիոն դրամ,
— ծառայել 7․5 ամիս և զորացրվել՝ վճարելով 5 միլիոն դրամ,
— ազատվել զինծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։
Պաշտոնական տվյալների համաձայն, պարտադիր զինծառայություն չանցած և 27 տարին լրացած մոտ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Հայկ Սարգսյանը առաջարկում է «հրաժարվել հայրենադարձվող տղամարդկանց դատելու քաղաքականությունից», փոխարենը՝ տանել նրանց բանակ կամ ազատել տասնյակ հազարավոր դոլարների դիմաց։
«Գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Այսինքն, գործող կարգավորումներով 27+ տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն [Հայաստան վերադառնալու] միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման ՔՕ 461-րդ հոդվածով, մինչև 5 տարի ժամկետով», – նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս ասել էր Սարգսյանը։
Նրա հեղինակած և այսօր ընդունված օրենքով զինծառայությունից խուսափածների համար՝
1․ բարձրացվել է զինապարտության տարիքային շեմը (27-ի փոխարեն՝ մինչև 37 տարեկանը)
Առաջ կարող էին զորակոչել միայն մինչև 27 տարեկանը, այժմ բանակից խուսափած տղամարդկանց կարող են բանակ տանել մինչև 37։ Ինչո՞ւ մինչև 37-ը, այլ ոչ, օրինակ, մինչև 67-ը։ Որովհետև քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածը վաղեմության ժամկետ ունի՝ մոտ 10 տարի։ Այսինքն՝ եթե քաղաքացին լքել է Հայաստանը և խուսափել ծառայությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու հետախուզում հայտարարվել, վաղեմության ժամկետի հիմքով մոտ մոտ 10 տարի անց այդ հետապնդումը ինքնին դադարելու է։
2․ երկարաձգվել է ծառայության ժամկետը (2 տարվա փոխարեն՝ 2․5 տարի)
Առաջ պարտադիր զինվորական ծառայությունը տևում էր 2 տարի։ Նոր օրենքով բանակից խուսափածները չդատվելու համար պետք է ծառայեն 2-ի փոխարեն 2․5 տարի։ Հավելյալ կես տարին՝ որպես պատիժ։
3․ սահմանվել են տարիֆներ՝ փողի դիմաց բանակից ամբողջությամբ կամ մասսամբ ազատվելու համար
Սա, ի դեպ, նորություն չէ՛։ Մինչև 2020 թվականը բանակից խուսափած 27+ տարեկան տղամարդիկ կարող էին վճարել և պատասխանատվությունից ազատվել մոտ 4 անգամ ավելի ցածր գնով։
2004 թվականին ընդունված օրենքը մանկահասակ կամ չափահաս տարիքում Հայաստանը լքած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին (սպայական կազմի համար՝ 35 տարին) լրացած քաղաքացիներին հնարավորություն էր տալիս վերադառնալ, ընդամենը 3․6 միլիոն դրամի տուրք վճարել և ազատվել քրեական հետապնդումից։ 2020-ի պատերազմի նախաշեմին այս օրենքը փոխվել էր՝ որոշվել էր, որ զորակոչից խուսափելու համար Հայաստանը լքած բոլոր տղամարդիկ հայերիք վերադառնալուն պես պետք է դատվեն։ Ճիշտ է՝ 2021 թվականին նրանց նկատմամբ համաներում էր հայտարարվել, հետագայում հարուցվել էին նոր քրեական գործեր։
Այժմ տարիֆները բարձրավել են՝ չծառայելու և չդատվելու համար մինչև 27 տարեկանը ձգած քաղաքացիները պետք է 4 անգամ ավելի շատ վճարեն՝ 15 միլիոն դրամ։ Կամ էլ պետք է հետ գան Հայաստան ու, ամեն դեպքում, ծառայեն։
Թե արտասահմանում գտնվող քանի հայաստանցի կկարողանա այսչափ գումար մուծել՝ Հայաստան վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու համար, պարզ չէ։ Օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը ենթադրում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այս տարբերակներից կօգտվի 500-ից 1000 քաղաքացի։
«Մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուզում ենք այդ քաղաքացիները դատապարտվեն կամ վաղեմության հիմքով նրանց քրեական գործը կառճվի, թե՞ ուզում ենք, որ գան՝ ծառայեն կամ գումար վճարեն։ Սա է մեր ընտրությունը, որը պետք է անենք», – հայտարարում էր իշխանական պատգամավորը։
կարդալով 11 տարեկան տղայի հայրիկի մտքերը
Բանակում ծառայողների թիվը, ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի, տարեց տարի նվազում է։
Վերջին 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է․ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար»:
Զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին, ըստ նրա, չեն ծառայում բանակում. «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»:
Սա առաջին անգամն էր, երբ պաշտոնական մակարդակով նման վիճակագրություն է հրապարակվում։
Զինծառայողների թվի կրճատման պատճառները տարբեր են։ Դրանցից մեկը արտագաղթն է՝ ծնողները մինչև 18 տարեկանը լրանալը իրենց տղաներին տանում են արտերկիր, որ պաշտպանեն բանակից։ Օրենքի հեղինակը առաջարկում է ընդունել, որ քրեական պատասխանատվություն սահմանելը չի կանխում արտագաղթը, չի նպաստում ծառայողների թվի աճին։
Հունվարի 11-ի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում, օրինակ, իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարում էր՝ եթե օրենքը ընդունվի, ամեն մեկ վերադարձողի հաշվով 100 գնացող ենք ունենալու։
«Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի արդյոք, որ օրենքն ամբողջական լիներ եւ ընդգրկեր ողջ հասարակությունը, – հարցնում էր Աղազարյանը․ – Միգուցե վերջին երկու կետը հանենք և օրենքը տարածենք ողջ հասարակության վրա: Այդ դեպքում այսօր 11 տարեկան տղայի հայրիկը կմտածի՝ ոչինչ, իր տղան կմեծանա, ինքը մի քիչ գումար կաշխատի, տղան 6 ամիս կծառայի, այսքան գումար կվճարի, էլ դադարգյուն չեն լինի, չեն ընկնի ռուսաստանները, ամերիկաները, ֆրանսիաները: Միգուցե այդ տարբերակով գնանք, որ արդարությունը ապահովվի՞», – հարցնում էր Աղազարյանը՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի, որ Սարգսյանի առաջարկած օրինագիծը չընդունվի։
Սարգսյանը հակադարձում էր՝ «մինչեւ 2019 թվականը ունեցել ենք օրենք, որը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել շատ ավելի քիչ գումար, քան ես եմ առաջարկում, և ազատվել քրեական պատասխանատվությունից: Սույն օրենքը ուժը կորցրել է: Հիմա 2024 թվականն է՝ ավելի քան 5 տարի որևէ կարգավորում չի եղել, որ քաղաքացին կարող էր խուսափել, հետո գալ ծառայել [կամ վճարել ու ազատվել պատասխանատվությունից]: Ձեր տրամաբանությամբ՝ այս ընթացքում որևէ մեկը չպետք է խուսափեր, բոլորը պետք է զորակոչվեին: Բայց փորձը ցույց է տվել, որ 2019-ից շատ ավելի մեծ թվով քաղաքացիօներ են խուսափել պարտադիր զինծառությունից և նրանց թիվը շարունակել է աճել: Այսինքն, այս օրենքի բացակայությունը [քրեական պատասխանատվություն սահմանել ծառայությունից խուսափածների] չի կանխել արտագաղթը: Այս օրենքը լինի, թե ոչ՝ խուսափողների թիվը չի պակասել, հակառակը, աճել է»:
Իշխանական պատգամավորը պնդում էր՝ բանակից խուսափող միևնույնն է լինելու են, մենք պետք է չկորցնենք նրանցից փող գանձելու հնարվորությունը․ «Մենք այսօր ունենք 28-30 տարեկան քաղաքացիներ, որոնք ենթադրաբար զբաղվում են բիզնեսով, սպորտով, բժշկությամբ․․․ Նրանք կցանկանան ծառայել մեկ ամիս կամ չծառայել՝ վճարելով մեծ գումար: Մենք չպետք է կորցնենք այս հնարավորությունը: Հակառակ դեպքում այս քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, կշարունակեն ապրել այնտեղ եւ կօգտվեն վաղեմության հնարավորությունից»: