Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ծանուցումները կլինեն օնլայն․ ապրիլի 12-ին կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծիը և ուղարկել այն Ազգային ժողով՝ որպես անհետաձգելի հարց։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է՝ «պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում» քաղաքացիները խուսափում են վարժական հավաքների ներկայանալուց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը հիմնավորել է նրանով, որ յուրաքանչյուր ծանուցում բեռ է պետական բյուջեի վրա․ «Վարժական հավաքիներին 10 հոգու հրավիրելու համար 100 ծանուցագիր է ուղրակվում և 10 անգամ ավել ծախս է արվում»։
Գործող օրենքով քաղաքացին համարվում է ծանուցված, եթե նրա ստորագրությամբ հաստատված ստացական կա։ Այսինքն՝ ծանուցումը պետք է փոխանցվի նրան, նա պետք է այն ստորագրի, պատասխանատու գերատեսչությունը պետք է ունենա համապատասխան ստացականը։ Եթե ստացականը ստորագրելուց հետո անձը չի ներկայանում զինկոմիսարիատ, նրա հանդեպ քրեական գործ կարող են հարուցել։
Նոր նախագծով առաջարկվում է ծանուցումը նախ ուղարկել էլեկտրոնային փոստով, այնուհետև՝ տալ առձեռն կամ փոստային պատվիրված նամակով։ Եթե այս միջոցառումներից հետո անձը չներկայանա զինկոմիսարիատ, ծանուցումն իրականացվելու է հրապարակային՝ azdarar.am կայքի միջոցով։ Հրապարակումից 10 օր անց համարվելու է, որ ծանուցումը ստացված է։ Զինվորական կոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացու նկատմամբ քրեական հետախուզում է սկսվելու։
Նախագիծը բազմաթիվ իրավական խնդիրների է բերելու․ այն խնդրահարույց է ոչ միայն վարժական հավաքների հայեցակարգի, դրա գործնական իրագորման հետ կապված հիմնավոր դժգոհությունների առումով, այլև զուտ տեխնիկական տեսանկյունից։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Նազելի Մովսեսյանը Epress.am-ի հետ զրույցում մեկ օրինակ էր բերում՝ տղամարդիկ, որոնք ապրում և աշխատում են արտասահմանում, կարող են չիմանալ ծանուցումների մասին և Հայաստան վերադառնալիս հայտնվել քրեական հետապնդման տակ։
Կառավարության նիստի ընթացքում պաշտպանության նախարարը նշել է, որ «ավանդական» միջոցներով և «վերջում արդեն հրապարակային ծանուցման» պրոցեսը տևելու է ընդհանուր 30 օր։
«Սոցիալական ցանցերում հավանությունների արժանացող նյութերի ու վարժական հավաքների ծանուցումներ ստացողների կոռելյացիա պետք է լինի», – նախագծի քննարկումն ավարտել է վարչապետ Փաշինյանը։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել