Home / Բանակ / Դեպքից հետո 19-ամյա զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան

Դեպքից հետո 19-ամյա զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան

Նախնական վարկածը՝ սպանություն․ զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել,  Քննչական կոմիտեն մանրամասներ չի հաղորդում, մամուլում գրում են, թե «նրան անզգուշաբար ծառայակիցն է կրակել»:

«Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը», – հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։

Ավագը Արարատ գյուղից էր։ Գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանի խոսքով, նա մի քանի ամսվա զինծառայող էր՝ ընդամենը 19 տարեկան։

Դեպքի վերաբերյալ հարազատներն էլ ոչինչ չգիտեն, ըստ գյուղապետի՝ ամեն օր խոսել են նրա հետ, որևէ խնդիր չեն նկատել։

238058077_175458374681064_8269844432199140930_n
Ավագ Զաքարյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքի անձնական էջից

Դեպքից հետո զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան։ Քննչականը նախաքննություն է անում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե զինծառայողին ծառայակիցն է անզգուշությամբ սպանել, Քննչականից չեն մեկնաբանում․ «Իրականացվում է ակտիվ նախաքննություն։ Հանգամանքների մասին տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ»։

Հայաստանյան իրավապաշտպանները Զինված ուժերում մահերի չնվազող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու ԶԼՄ-ները հաղորդել են առնվազն 83  մահվան դեպքերի մասին՝ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, հրդեհներ, առողջական խնդիրներ․․․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։

Անցած ամսվա ընթացքում բանակում երեք զինծառայող է մահացել․ դեպքերից մեկը ինքնասպանություն, մեկը՝ սպանություն է որակվել, մեկն էլ՝ դժբախտ դեպք։ Փետրվարին ընթացքում սա արդեն 7-րդ մահվան դեպքն է բանակում․ Ներքին Հանդում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 4 երկրապահ կամավորականներ զոհվել էին, մեկ կամավորական մինչ այդ սպանվել էր ծառայակցի կողմից, հաղորդվել էր նաև վարժական հավաքների մասնակցի ներբանակային սպանության մասին։