Ներքին Հանդում ծառայող Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) անդամ Գոռ Ասատրյանը հանկարծամահ չի եղել՝ նրան սպանել են։ Ընդ որում, սպանությունը տեղի է ունեցել սահմանային առաջին կրակոցների օրը՝ փետրվարի 12-ին։
Փետրվարի 13-ին՝ ադրբեջանական հարձակումից ժամեր անց, ԵԿՄ-ից հաղորդել էին, որ նախօրեին հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական Գոռ Ասատրյանը։ 40-ամյա տղամարդը ծառայում էր Ներքին Հանդի հատվածում, որտեղ նույն փետրվարի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 4 կամավորական զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։
Նշվում էր, որ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ, դիահերձմամբ, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․Ա․ միջև ծագած վիճաբանությունից հետո փետրվարի 12-ի գիշերը՝ ժամը 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․Ա․-ի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել», – այսօր ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն»։ Նա կալանավորվել է։
նրանք «վարձկաններ» չեն
Փետրվարի 12-ին Ներքին Հանդի հատվածում մեկ այլ միջադեպ էր գրանցվել։ Ըստ Բաքվի՝ հայկական դիրքից կրակ էին բացել և վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ Հայկական կողմը խոստացել էր հետաքննություն անել։ Հայաստանի Ռազմական ոստիկանությունն ըստ էության չէր հերքել, որ հայկական դիրքերից են կրակոցներ արձակվել: Գերատեսչությունից հավաստիացրել էին՝ եթե ադրբեջանական մամուլում տարածված այս տեղեկությունը հաստատվի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Հետաքննության արդյունքներին սպասելու փոխարեն Ադրբեջանը հաջորդ օրը՝ փետրվարի 13-ի վաղ առավոտյան, անցել է ռազմական հարձակման։ 4 հայ դիրքապահ է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Բաքուն սա «Հատուցում» օպերացիա է անվանել, Եվրոպական Միության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նկատել է՝ «պատասխանն անհամաչափ էր»։
Վերապրածները պատմել են՝ զոհվածները (բոլորը՝ Երկրապահ կամավորականներ) տարբեր դիրքերում են եղել։ Ադրբեջանցիները թիրախավորել են ամբողջ գիծը։ Հարձակումը վաղ առավոտյան է սկսվել, կռիվը տևել է մոտ երկու ժամ։ 4 կամավորականներն էլ մահացել են դիպուկահարի կրակոցից։
տե՛ս Ադրբեջանի հարձակման մանրամասներն ու մեկնաբանությունները
Ինչո՞ւ էր սահմանային դիրքի պաշտպանությունը վստահվել Երկրապահի կամավորականներին և ո՞ւր էր կանոնավոր զորքը՝ պարզ չէ։ Պաշտպանության նախարարությունից հարցերին չեն պատասխանել։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդարացել է՝ «հարավային սահմանային մեր երկայնքը ամենամեծն է», մարդկային ռեսուրսի պակաս կա, «կամավորները շատ դեպքերում Զինված ուժերին օգնում են»։
Ադրբեջանի արտգործնախարարությունից փետրվարի 15-ին հայտարարություն են տարածել՝ «ինչի՞ հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամիավորումներին պատկանող վարձկանները ենթարկվում Պաշտպանության նախարարությանը»։ Այս հայտարարությանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի արձագանքել, փոխարենն արտահայտվել է Ազգային ժողովի պաշտպանության նախարության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ-ական Գագիկ Մելքոնյանը․ «Մենք վարձականեր չենք ունեցել, և վարձկան չկա մեր երկրում, այստեղ հայաստանցին, հայ տղան է, որն իր սահմաններն է պահում։ Իրենք ուղղակի չեն հասկանում՝ Երկրապահ կամավորականներն ինչ է նշանակում, կամ էլ հասկանոմ են ու իրենց դնում են ինչ-որ կենդանու տեղ։ Դրանք մեր կամավորականներն են, որ 90-ականներից գոյություն ունեն, կան և կմնան ընդմիշտ։ Քանի հայությունը կա, Հայաստանը կա, մեր կամավորականները միշտ էլ կլինեն»։
Երկրապահ կամավորական միության տասնյակ անդամներ այսօր հերթափոխով դիրքային ծառայություն են իրականացնում սահմանի տարբեր հատվածերում։ Իշխանական պատգամավորը վստահեցրել է՝ նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են համարվում և ենթարկվում են Պաշտպանության նախարարության հրամաններին․ «Բանակի կազմում, բանակի հրամանների ներքո կատարում են բանակում տված բոլոր հրամանները, եթե ինքը սահմանում կանգնած է, ուրեմն նշանակում է՝ ենթարկվում է Պաշտպանության նախարարությանը։ Իրենք համարվում են պայմանագրային զինծառայող, որոնք ստանում են աշխատավարձ, որոնք ինչպես մնացած զինվորները, սնունդ, համազգեստ ստանում են ՊՆ-ից։ Պայմանագիր են կնքում և ծառայում են»։