Home / Բանակ / Հայաստանի ՊՆ-ն հետաքննում է ադրբեջանցի սահմանապահի վիրավորման մասին տեղեկությունը

Հայաստանի ՊՆ-ն հետաքննում է ադրբեջանցի սահմանապահի վիրավորման մասին տեղեկությունը

Հայկական կողմը հետաքննում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված տեղեկությունները, ըստ որոնց՝ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահները կրակ են բացել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում։

«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության», – հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր՝ փետրվարի 12-ին, ժամը 13։37-ի սահմաններում, «հայ-ադրբեջանական պայմանական պետական սահմանին»՝ Կապանի շրջանի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից կրակ են բացել Զանգիլանի շրջանի Քոլլուղըշլաղ գյուղի տարածքում տեղակայված արդբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայող Խալիլզադե Փարվիզ Աղաքիշի օղլուն։ Զինծառայողը ուղղաթիռով տարհանվել է և տեղափոխվել մասնագիտակացված բուժհաստատություն։