Դատախազը փոխել է «Սիներջիի» գործով անցնող Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը։ Նրանք ազատ են արձակվել։
«Սիներջի» ընկերության նախկին աշխատակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանն ու «Սիներջի»-ի ներկա աշխատակից Լիլի Մկրյանը կալանավորված էին Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործով։ Նույն գործով կալանավորել էին նաև ընկերության հիմնադիր Աշոտ Հավհաննիսյանին և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների։
տե՛ս 238 մլն-ի վատնում և այլն․ փոխնախարարի ձերբակալության պաշտոնական վարկածը
Քննչական կոմիտեից հայտարարել էին՝ քրգործը վերաբերում է պետական մրցույթին, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչականի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջիին»։ Նախաքննությունը հայտարարել է, թե պետությանը պատճառվել է խոշոր վնաս։ «Սիներջիից» հերքել են։
Անի Գևորգյանը և Լիլի Մկրյանը մեղադրվում են հանցագործությանն օժանդակելու հոդվածով։ Բուն հանցանքը, ըստ Քննչականի, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն ու նույն նախարարության ևս երեք աշխատակիցներ են արել։ Նրանք մեղադրվում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Էկոնոմիկայի նախարարության ներկա ու նախկին աշխատակիցները տնային կալանքի տակ են։
տե՛ս Ձերբակալված փոխնախարարը վերջերս խնդրահարույց ֆոնդի նախագահ էր նշանակվել
Անի Գևորգյանին ու Լիլի Մկրյաննին կալանավորել էին փետրվարի 1-ին։ Նման խիստ խափանման միջոցի ընտրությունը հարցերի տեղիք էր տալիս․ իրավապաշտպանները շեշտում էին՝ երկու կանայք էլ մանկահասակ երեխաներ ունեն, պաշտպանները հայտարարում՝ նրանց մեղսագրվող հանցանքները հիմնավորված չեն։
Դատախազությունից արդարացել են՝ այսօր որոշել են փոխել կանանց խափանման միջոցը, քանի որ ցուցմունքներն արդեն վերցրել են, առերեսումներն արդեն ավարտվել են և «էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»։ Գևորգյանն ու Մկրյանը ազատ են արձակվել գրավի դիմաց՝ չբացակայելու պայմաներով և երաշխավորությամբ։ «Սիներջի» ընկերության հիմանդիր Աշոտ Հովհաննիսյանը մնացել է կալանքի տակ։
Ավելի վաղ «Սիներջին» հայտարարել էր՝ իր աշխատակիցներին առաջադրած մեղադրանքները հիմնազուրկ են։
«Նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը», – ասված էր ընկերության հայաստանյան մասնաճյուղի հայտարարության մեջ։
«Սիներջիից» հավելել էին՝ լիովին կողմնակից են արդարադատության կայացմանը և պատրաստ են աջակցել քննությանը բոլոր փուլերում, բայց իրենց գործընկերների կալանավորումն անհասկանալի և անհիմն են համարում, խնդրում և պահանջում են նրանց ազատ արձակել։
Հայտարարության հրապարակման հաջորդ օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տեղեկացրել էին, որ որոշել են երաշխավորություն ներկայացնել «Սիներջիի» կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար։