Home / Բանակ / Ադրբեջանը 4 մարդ է սպանել Երևանի հետաքննությանն «ի պատասխան»

Ադրբեջանը 4 մարդ է սպանել Երևանի հետաքննությանն «ի պատասխան»

Ժամը 05։30-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 09։30-ի դրությամբ կրակը դադարել է՝ հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր՝ ասել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրել են՝ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Զոհվածները «Երկրապահ կամավորականների միության» անդամներ են՝ 40-ից 67 տարեկան։ «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել՝ ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը», – հավելել է Անդրանիկ Քոչարյանը։

Այս պահին իրավիճակը հանգիստ է։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի տեղեկություններով՝ գիշերային կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում հրաձգության ձայներ են լսվում գիշերը 3-ից մինչև առավոտյան 6։30։

Ադրբեջանը հաստատել է՝ փետրվարի 13-ին իրենք են կրակել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը սա «Հատուցում» գործոցություն է անվանել և հայտարարել, թե այն իրականացվել է «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։ Բաքուն հաղորդել է՝ ամբողջությամբ ոչնչացրել է Ներքին Հանդի մոտ գտնվող հայկական դիրքը։

Երեկ ադրբեջանական կողմը գրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի (Բաքուն այն արդեն «պայմանական պետական սահման» է անվանում) Կապան-Զանգելան հատվածում հայկական դիրքապահները կրակ են բացել, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքել էր՝ հետաքննում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ տեղեկությունը, ենթադրյալ մեղավորները պատասխանատվության կենթարկվել։

Սյունիքում տեղի ունեցողին զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել էր, թե փետրվարի 12-ի երեկոյան՝ ժամը 20։50-ից 23։40-ին, հայկական զինված ուժերը «Թովուզգալինի շրջանի Չինարլի» (Տավուշի մարզի Չինարի գյուղ) բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունները հերքել է։ «Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», – գրել է հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

թարմացում — Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված ԵԿՄ անդամների անունները․

1. Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.)

2. Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.)

3. Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.)

4. Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։