Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, գրել է պաշտպանության նախարարությունը։
Նախնական տվյալներով, կա 4 զոհ, 20 վիրավոր: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Տուժածների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։
NEWS.am-ի տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել Մեղրիի շրջանում՝ Նռնաձոր գյուղի մոտակայքում։ Pastinfo-ի տվյալներով, վթարված «Ուրալը» տեղափոխում էր հերթափոխի անձնակազմին։
Վիրավոր զինվորներին Մեղրիից տեղափոխել են Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է՝ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով:
թարմացում (23:00) — Պաշտպանության նախարարությունը հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները․
Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
Տարեսկզբից Հայաստանի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 10 զինծառայող․ մահերից 4-ը սպանություն է որակվել (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Արթուր Գրիգորյան, Կարեն Կարապետյան), մեկը՝ ինքնասպանություն (Միքայել Դանիելյան), մեկը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան)։
Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։