Գյումրիում օրեր առաջ ևս մեկ միջադեպ է գրանցվել Հայաստան ներգաղթած ռուսաստանցիների և ենթադրաբար՝ ռուսական ուժային կառույցների ծառայակիցների մասնակցությամբ։
Երկու տղամարդիկ, որոնք ներկայացել են որպես դատախազության աշխատակից, մոտեցել են Գյումրիում ապաստանած երկու ռուսների և փորձել նրանց բերման ենթարկել 8-րդ զինվորական թաղամասում գտնվող ոստիկանության բաժին, որի հարևանությամբ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան։
Միջադեպի մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը։ Տուժողների անունները չեն բացահայտվել անվտանգության նկատառումներից ելնելով։
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ դեպքի մասին հաղորդում են ստացել, որն այժմ ստուգում են։ Դատախազությունից հաստատել են՝ դատախազության աշխատակից ներկայացած անձինք որևէ կապ չունեն իրենց գերատեսչության հետ։
տե՛ս Գյումրին փակ քաղաք է
Մի քանի օր առաջ էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն (ՀՔԱՎ) էր ահազանգել՝ Երևանում և Գյումրիում բնակվող ընդդիմադիր ռուսաստանցիները պատմել են, որ իրենց անթաքույց հետևում են ռուսական զինվորական համազգեստով մարդիկ։ Իրավապաշտպանների տեղեկություններով, նրանք տեղաշարժվում են «չհաշվառված, հայկական պետհամարանիշով մարդատար ավտոմեքենայով, որը նախատեսված է բացառապես օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար»։
«Ազատության» զրուկիցը պատմել է՝ երեկոյան ընկերոջ հետ խանութից է վերադառնալիս եղել, երբ իրենց երկու հոգի են մոտեցել և ներկայացել որպես դատախազության աշխատակից։
«Նրանք չհստակեցրին, թե որ դատախազության աշխատակից են, պարզապես ասացին՝ դատախազության ու վկայական ցույց տվեցին, բայց այնքան արագ, որ չհասցնենք տեսնել, թե ինչ էր գրված։ Դրանից հետո ասացին, որ մեզ կասկածում են թմրանյութ թաքցնելու համար, և պետք է իրենց հետ գնանք ոստիկանության բաժանմունք», – ասել է նա։
Ռուսները առաջարկել են գնալ մոտակայքում գտնվող ոստիկանության Կումայրիի բաժին. «Նրանք հրաժարվեցին, պահանջեցին, որ իրենց հետ գնանք, ինչպես իրենք ասացին՝ ոստիկանության այն բաժինը, որը գտնվում է 8-րդ զինվորական թաղամասում։ Մենք ասացինք, որ ոչ մի տեղ չենք գնա»։
Վեճը, ըստ ռուս ռելոկանտի, երկար ժամանակ հենց այս հարցի շուրջ է ծավալվել․ անծանոթները փորձել են նրանց տանել 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ գտնվող 8-րդ զինվորական թաղամասը, իրենք հրաժարվել են։ Ի վերջո որոշել են ոտքով գնալ ոստիկանության Կումայրիի բաժնի կողմը․ «Նրանք որոշ ժամանակ մեր հետևից եկան, հետո մեր հետևից բղավեցին, թե ամեն ինչ կարգին է, ու հեռացան»։
Նրա ընկերը հասցրել է լուսանկարել իրենց մոտեցած անծանոթներին. «Իմ հարևանը նկարներն ուղարկեց իր ծանոթին, ով կապ ունի 102-րդ բազայի հետ, և նա որոշ ժամանակ անց հայտնեց, որ նրանցից մեկը 102-րդ բազայի դիպուկահար է»։
Ռելոկանտները չգիտեն՝ ովքեր և ինչի համար էին փորձում իրենց բերման ենթարկել։ Միջադեպի մասին պատմած տղամարդը հավաստիացրել է՝ ինքը զինծառայող չէ և չի էլ եղել, ոչ էլ ծանուցում է ստացել։ Հարցին՝ գուցե ակցիաների է՞ մասնակցել, պատասխանել է․ «Այնպիսի ակցիաների, ինչպիսին, օրինակ, «Կեսօրը Պուտինի դեմ»-ն էր, այո, մասնակցել եմ, բայց այնպիսի հատուկ ակցիաների, որի ժամանակ ոստիկանների հետ ընդհարում է եղել, չեմ մասնակցել»։
102-րդ ռազմաբազան նա վտանգավոր է համարում Գյումրիում ապաստանած ռուսաստանցիների համար. «Չգիտեմ՝ ուզում են, որ մենք վախենա՞նք, թե՞ ավելի շուտ ուզում են մեզ վերադարձնել Ռուսաստան ու օգտագործել պատերազմի համար»։
Ընդամենը մի քանի օր առաջ հայաստանցի իրավապաշտպանները ահազանգել էին՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի մոտից առևանգել և ռազմաբազա են տարել Անատոլի Շչետինինին, որին Ռուսաստանում մեղադրում էին դասալքության մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում կար հայտարարված։ Շչետինին հետագայում փորձել են դուրս հանել ՀՀ-ից և տանել ՌԴ։ Նրա ելքը արգելվել է հայ սահմանապահների կողմից։ Արգելքից անմիջապես հետո ռուսական ալիքները սկսել են գրել, թե ռազմաբազայի տարածքում պահվող տղամարդը հոժարակամ է հայտնվել այս իրավիճակում։ Փաստաբաններին թույլատրել են տեսակցել նրան․ ռամաբազայի տարածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Շչետինինը կրկնել է այս վարկածը՝ ուզում է վերադառնալ Ռուսաստան, ինքնակամ է գտնվում ռազմական բազայում, իրեն ոչ ոք չի առևանգել և այլն․․․
տես՛ Գյումրիի բազայում մեկուսացվածը «արդարացնում» է «առևանգողներին»
2023-ի տարեվերջին Ռուսաստանի ռազմական ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից առևանգել էին նաև Դմիտրի Սետրակովին, որը փախել էր ուկրաինական ռազմաճակատից և հրաժարվել ծառայությունը շարունակելուց։ Սետրակովին տարել էին Գյումրիի միևնույն ռազմաբազա, այնուհետև անհայտ ճանապարհով փախցրել Ռուսաստան։
տե՛ս Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում