Ռուս զինվորականները թույլատրել են փաստաբաններին հանդիպել Անատոլի Շչետինինին, որին, ըստ հայաստանյան իրավապաշտպանների, առևանգել և 102-րդ ռազմաբազայի տարածք էին տեղափոխել Ռուսաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեկուսացված տղամարդը, ըստ փաստաբանների, հայտարարել է, թե հոժարակամ է հայտնվել այս իրավիճակում, «օգնության կարիք չունի» և «ուզում է վերադառնալ Ռուսաստան»։ Հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ ռուս ուժայինները փորձել են նրան հանել ՀՀ-ից և տեղափոխել ՌԴ։ Տղամարդու ելքը արգելել են Հայաստանի սահմանապահ ծառայողները։
Ավելի ուշ հայտնվել է ռուսական Սպուտնիկի հայաստանյան մասնաճյուղի տեսանյութը, որում Շչետինինը՝ տեսախցիկի առաջ, պատմում է, թե հասկացել է, որ Ռուսաստան վերադառնալու ժամանակն է եկել, սպոնտան որոշել է գնալ հյուպատոսություն, հոժարակամ կանչել է ռազմաբազայի աշխատակիցներին, ամեն ինչ իր կամքով է արվել, «գուցե պետք է լինելու պատասխան տալ իմ զանցանքի համար, բայց ես դրանից չեմ վախենում, ես ռուս զինվոր եմ, հայրենիքիս առաջ իմ մեղքը, եթե թույլ տան, կքավեմ»։
Հայաստանցի իրավապաշտպանների տվյալներով՝ Շչետինինը փախել է զորամասից, ամիսներ առաջ եկել է Հայաստան։ Ռուսաստանում նա մեղադրվում է դասալքության մեջ։
Անատոլի Շչետինինի առևանգության մասին առաջինը հաղորդել է ՀՔԱՎ-ը՝ Հելսինկյան քաղաքացիակա ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Կազմակերպությունը երեկ դիմել է հայաստանյան իրավապահներին՝ պահանջելով ազատել ապօրինաբար ձերբակալված տղամարդուն, պատասխանատվության կանչել նրան առևանգողներին և կանխել նրա բռնի տեղափոխումը Հայաստանի սահմաններից դուրս։ Վերջին կես տարում սա առնվազն երկրորդ դեպքն է, երբ ռուս ուժայինները Հայաստանի տարածքում մարդ են առևանգում՝ հիշեցրել է կազմակերպությունը։ Անցած տարեվերջին նրանք բռնել էին Դմիտրի Սետրակովին, որը փախել էր ուկրաինական ռազմաճակատից և հրաժարվել ծառայությունը շարունակելուց։ Սետրակովին տարել էին Գյումրիի միևնույն ռազմաբազա, այնուհետև անհայտ ճանապարհով փախցրել Ռուսաստան։
տե՛ս Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում
Հայաստանի վարչապետը՝ մեկնաբանելով Անատոլի Շչետինի առևանգման մասին ահազանգները, նախօրեին հայտարարել է, թե քաղաքացին երկու օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում փորձել է մեկնել Հայաստանից, ու քանի որ հետախուզում է հայտարարված եղել, նրան թույլ չի տրվել, և նա հանձնվել է ոստիկանությանը։ «Քանի որ հետախուզումը կալանքով չի եղել, ինչ-որ պրոցեդուրայից հետո մարդուն ազատ են արձակել, որից հետո մենք փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը», – ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ռուսական «Մեդուզա» պարբերականը, մինչ այդ, գրել է, թե Միջազգային պաշտպանության կենտրոնի փաստաբան Նարեկ Հակոբյանին և «Հասարակական վճիռ» (Общественный вердикт) իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Հասմիկ Նովիկովային ապրիլի 10 առավոտյան թույլատրել են հանդիպել Շչետինին։
Հանդիպումը տեղի է ունեցել ռուս զինվորականների կողմից վերահսկվող 102-րդ ռազմաբազայի տարածքում։
Ըստ փաստաբանների, Շչետինինը ասել է, թե «ամեն ինչ գիտակցել է», օգնության կարիք չունի և ցանկանում է վերադառնալ Ռուսաստան։ «Ինսայդերի» տեղեկություններով՝ նա հավատացրել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, ինքը հոժարակամ է ներկայացել ռուսական հյուպատոսություն, հիմա էլ սպասում է՝ երբ են իրեն վերադարձնելու Ռուսաստան, որտեղ իրենք «ինքնուրույն գլուխ կհանեն»։
«Մեդուզայի» փոխանցմամբ, տղամարդը ասել է փաստաբանին, թե իրեն երկու անգամ փորձել են տեղափոխել Ռուսաստան, բայց չի ստացվել, որովհետև, ինչպես ինքն է ասում, իր մուտքը ՌԴ արգելված է։ Հասմիկ Նովիկովայի խոսքով՝ ՌԴ քաղաքացու մուտքը Ռուսաստան չի կարող արգելված լինել, տեղի ունեցածը կարող է պայմանավորված լինել հայկական սահմանապահ ուժերի գործողություններով։
«Վաժնիյե իստորիի» (Կարևոր պատմություններ) պարբերականը հաստատել է՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունը արգելել է Անատոլի Շչետինին լքել երկիրը՝ պատճառաբանությամբ, որ հետախուզման մեջ գտնվող անձի մեկնման համար հարկավոր է ունենալ Հայաստանի արդարադատության նախարարի թույլտվությունը։
Ի տարբերություն անցած տարեվերջին «ձերբակալված» Դմիտրի Սետրակովի՝ Շչետինին, փաստորեն, ռուս ուժայինները չեն կարողացել «տանել» Ռուսաստան։ Թե ինչ է լինելու նրա հետ հետագայում՝ պարզ չէ։ Հայաստանյան իրավապահները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց։
Մոտ երկու ժամ առաջ ռուսական «Sputnik Արմենիան» հրապարակել է Շչետինի հետ հարցազրույցի տեսանյութը։ Տեսանյութում տղամարդը կապյուշոնով է, ըստ ամենայնի՝ գտնվում է նույն ռազմաբազայում։
Շեշտելով, թե Շչետինի «ձերբակալության» մասին լուրերը արևմտամետ ՀԿ-ներն են տարածել, ռուսական լրատվամիջոցը հայտարարել է՝ իրականում նրան ոչ ոք բռնի ուժով չի պահում։
«Sputnik Արմենիայի» տեսախցիկի առաջ Անատոլին ասել է, թե պայմանագրային զինծառայող է եղել, հոգեբանական խնդիրներ է ունեցել, որոշել է մեկ ամսով գնալ ուրիշ երկիր, քանի որ երբեք ուրիշ երկրում չի եղել, ու 2023-ի հոկտեմբերի 29-ին եկել է Հայաստան։ Հասկացել է, որ վերադառնալու ժամանակն է եղել, և, իր խոսքով, հյուպատոսություն է գնացել և խնդրել կապվել ռազմաբազայի հետ։ «Հայաստանում ընկերներ եմ գտել։ Նրանցից շատերն ինձ համար անհանգստանում էին։ Իմ մեղավորությունն է, որովհետև ընկերներիցս ոչ մեկին չէի ասել, որ ինքս եմ հանձնվել։ Ասել էի, որ ինձ բռնել են։ Այո՛, դա ճիշտ բան չէր։ Բայց արածը արդեն հետ չես բերի», – տեսախցիկի առաջ ասել է տղամարդը։ Նա հայտարարել է, թե իրեն ոչ ոք չի առևանգել, չի ձերբակալվել և թե իրեն ոչ մեկ չի պահում բազայում, անհրաժեշտության դեպքում ինքը կարող է դուրս գալ քաղաք։
նախապատմություն
ՀՔԱՎ-ի տեղեկություններով, Շչետինինը մտել է Գյումրիում գտնվող Ռուսաստանի հյուպատոսարան, դուրս գալուց հետո նրան ձերբակալել են Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։
«Բոլոր այն դեպքերում, երբ զինծառայությունից խուսափած մարդիկ դիմում են մեզ խորհրդատվության համար, ես նախազգուշացնում են նրանց՝ խուսափեք ռուսական դիվանագիտական ծառայությունների հետ կոնտակտներից։ Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի։ Անվտանգության տարրական կանոններից ելնելով՝ ավելի տրամաբանական է, ամեն դեպքում, դիմել Երևանում գտնվող հյուպատոսարան, որովհետև մայրաքաղաքում ռազմաբազա չկա, [ռուսական] ռազմական ոստիկանությունն այնտեղ անելիք չունի։
Բայց այստեղ հարցեր են ծագում, որոնք վերաբերում են արդեն հայաստանյան իշխանություններին։ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ծառայակիցները, բնականաբար, 102-րդ ռազմաբազայի տարածքից դուրս որևէ իրավասություն պետք է չունենան։ Միջպետական պայմանագրերի համաձայն, որոնք վերաբերում են ռազմաբազայի գործունեությանը, օրինակ՝ եթե բազայի զինծառայողները, որոնք քաղաք դուրս գալու թույլտվություն են ստանում, ինչ-որ հանցանք կատարեն, նրանց գործողությունների հետաքննությամբ պետք է զբաղվեն հայաստանյան իրավապահ մարմինները։ Ռուսական իրավապահ մարմինները իրավունք ունեն զբաղվել միայն այն դեպքերի քննությամբ, որոնք կատարվել են ռուս զինծառայողների կողմից անմիջապես ռուսական ռազմաբազայի տարածքում։ Սա ենթադրում է, որ հայաստանյան իշխանությունները, տվյալ պարագայում՝ Գլխավոր դատախազությունը, հստակ պետք է ցույց տան, որ ինչ-որ քննության հետ կապված ցանկացած գործողություն համարվելու է ապօրինի և քրեորեն պատժելի։ Իսկ այս մեսիջը ես դեռ չեմ տեսնում։
Լավ, Դմիտրի Սետրակովը ոչ մի վայրկյան չի գտնվել հայաստանյան իրավապահների վերահսկողության ներքո, անձնագրային ստուգման ժամանակ՝ Զվարթնոցում, նրան ռուս ФСБ-ականն անմիջապես փոխանցել է ռուս իրավապահներին՝ նրանց, ովքեր Սետրակովին «Զվարթնոց» օդանավալայանից տեղափոխել են Գյումրիի ռազմաբազա։
տե՛ս Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար
Բայց Շչետինինը Հայաստանի տարածքում է գտնվել՝ Գյումրիի հյուպատոսարանի մոտ։ Ի՞նչ գործ ունեին այնտեղ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ծառայողներն առհասարակ։ Մի բան էլ ավել՝ ինչպե՞ս նրանք կարող էին բռնել մարդուն և տանել ռազմաբազայի տարածք։ Մեր հիմնական նպատակն է՝ տեղ հասցնել, որ Գլխավոր Դատախազությունն ու Հայաստանի իրավապահ մարմինները պետք է կատարեն իրենց պարտականությունները, պետք է կանխեն Հայաստանի տարածքում ռուսական իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները», – ասել էր իրավապաշտպանը։
Ինչ իրավունքով կամ հիմքով է Շչետինինը պահվում կամ գտնվում ռուսական ռազմական բազայում, որի ծառայողը չէ՝ պարզ չէ։ Նրա հետ ուղիղ կապ չկա։
Իրավապաշտպանը հիշեցրել էր Ադրեյ Ռազգիլդյաևի մասին, որը մեղադրվում էր հայ կնոջ սպանության մեջ և որին ռուս զինվորականները պահում էին բազայի տարածքում, թեև պարտավոր էին հանձնել հայաստանյան կողմին․ նա նույնիսկ դատերին չէր գալիս։ Հիշեցնում է Վալերի Պերմյակովի մասին, որը մեղադրվում էր Ավետիսյանների ողջ ընտանիքին սպանելու մեջ, բայց պահվում էր ոչ թե հայաստանյան ՁՊՎ-ում, այլ ռուսական բազայում։ Նրանց հետ, ում պահում են բազայի տարածքում, հայկական կազմակերպությունները որևէ տեղեկատվական կապ չունեն, ու պարզ չէ՝ ինչպես ներգրավվել այս գործերում, ինչ պետք է անեն փաստաբանները։
«Հայկական իշխանությունները ռուսական բազայի տարածում տեղի ունեցողի նկատմամաբ վերահսկողություն չունեն։ Եվ երբ Հայաստանի տարածքից փաստացի մարդ են առևանգում և պահում ռուսական բազայում․․․ ես չեմ պատկերացնում, թե ինչ գործիքներ պետք է ունենան հայաստանյան իրավապահ մարմինները, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները։ Նրանք հասնում են ռազմաբազայի սահմանին, և վերջ։ Այնտեղ հրամանատարությունը արգելում է նրանց մուտքը և ասում՝ այստեղ մտնելու իրավունք չունեք», – բացատրել էր Սաքունցը։
Հարցին՝ Շչետինինի պատմության դեպքում չկա՞ արդյոք որոշակի սադրանքի տարր («Մոսկվան կարծես թե հատուկ է այնպես անում, որ իշխանությունները Հայաստանում հայտնվեն նման բարդ իրավիճակում», և սա կարող է դիտարկվել նաև ռուս-հայկկան խնդիրների ներկայիս կոնտեքստում), Սաքունցը պատասխանել է՝ «Բավականին տրամաբանական է և սպասելի, որ Կրեմլը կփորձի տարբեր գործիքներ կիրառել», «այստեղ նաև Ռուսաստանից եկած ռելոկանտների հարցը կա», և «Հայաստանի իշխանությունները պետք է ադեկվատ գնահատեն ոչ միայն հեռվից եկող, այլև երկրի ներսում առկա վտանգները»։