Ռուսաստանցի Անատոլի Շչետինին առևանգել են Հայաստանում և ապօրինաբար տարել Գյումրի՝ ռուսական 102-րդ բազայի տարածք։ Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր Հայաստանում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստան։
Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ, նշում են իրավապաշտպանները։ «Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ- սահմանից դուրս», – նշված է իրավապաշտպանների հայտարարությունում։
Ռուսաստանցու առևանգման այս դեպքն առնվազն եկրորդն է վերջին կես տարում։ 2023-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը գողացել է ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին, տարել Գյումրիի ռազմաբազա և տեղափոխել Ռոստով։
Փետրվարին Սետրակովի առևանգումը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք չենք կարող հանդուրժել մեր տարածքում ապօրինի գործողությունները». Երկրի ղեկավարը ասել է նաև, որ, եթե պաշտոնական Երևանի պահանջները անպատասխան մնան, կլինեն հետևանքներ։