«Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է՝ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Երևանն ու Մոսկվան այս թեմայի շուրջ քննարկումներ չեն վարում։
Օդանավակայանից ռուսաստանցի սահմանապահներին դուրս բերելու որոշումը, ըստ նրա, փորձում են ներկայացնել որպես միջպետական համաձայնագրից հրաժարվելու քայլ, մինչդեռ սահմանապահներն այնտեղ հայտնվել են ոչ թե միջպետական, այլ միջգերատեսչական համաձայնության շրջանակներում։
«Համաձայնության նպատակն է եղել՝ օգնել հայ խաղաղապահներին թեթևացնել այդ բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, բայց Հայաստանի Հանրապետությունն այդ օգնության կարիքն այլևս չունի», – ասել է Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ սրանից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կարող է որոշել ռուս սահմանապահներին հեռացնել նաև Թուրքիայի հետ սահմանից, Սիմոնյանը պատասխանել է․ «Նման խոսակցություն չի եղել, սա այդ դեպքը չի։ […] Պետք է մի բան ֆիքսենք` ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք ռուսական սահմանապահների ներկայությունը, երկու այդքան էլ դա Ռուսաստանին է պետք եղել։ Խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ Հայաստանը անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը՝ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչը»։
Իշխանական պատգամավորը, արձագանքելով «համացանցի վերլուծաբանների» տեսակետներին, հայտարարել է, թե «խիստ կասկածում է, որ, եթե Թուրքիան որոշի հարձակվել Հայաստանի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են, կամ պաշտպանելու են»։ Ավելի ուշ Սիմոնյանը հավելել է՝ սա իր «անձնական կարծիքն» է։
օգոստոսի 1-ից՝ վերջ
Մարտի 12-ի ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ Հայաստանի սահմանապահ զորքերը դիմել են Ռուսաստանի սահմանապահ ծառայությանը, շնորհակալություն են հայտնել «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու համար և տեղեկացրել, որ արդեն «բավարար փորձ և հմտություն են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության»։
Երևանը, ըստ Փաշինյանի, ոչ թե դիմել, այլ տեղեկացրել է ռուսական կողմին այդ որոշման մասին․ «Այնտեղ նշված ժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականցնենք»։
Հայկական կողմի այս հայտարարություններին արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «այս նախաձեռնությունը հազիվ թե բխի Հայաստանի և այդ երկրի քաղաքացիների անվտանգության շահերից», պաշտոնական Երևանի ներկայիս կուրսի շարունակումը «կարող է անդառնալի վնաս պատճառել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ավերել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, արտացոլվել նրա սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»։
գործունեությունը ապօրինի էր
Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը իրավական տարընթերցումների տեղիք էր տալիս անցած երեսուն տարիների ողջ ընթացքում։ Նրանց գործունեությունը առհասարակ ապօրինի էր։
1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանն ու Մոսկվան կնքել էին «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագիրը։
Պայմանագրով Հաստանը ռուսական սահմանապահ զորքերին թույլատրում էր ժամանակավորապես վերահսկել Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանները։
Պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում էր, որ Հայաստանը սեփական սահմանապահ ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ պետք է իր պահպանության տակ վերցներ իր արևմտյան ու հարավային սահմանների վերահսկողությունը։
Թեև սեփական սահմանապահ կառույցներն արդեն վաղուց ստեղծված են, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները մնում են ռուսական սահմանապահ զորքերի հսկողության ներքո։ Սահմանի որևէ հատված անցած տասնամյակների ընթացքում չի անցել Հայաստանի պահպանության տակ։
Ավելին, ռուս սահմանապահները այնտեղ կանգնած են եղել պայմանագրի ստորագրումից առաջ նաև՝ ավելի շուտ իներցիայով, քան իրավական որևէ հիմքերով։
1994 թվականի հունվարի 25-ին կնքված միջպետական համաձայնագրի համաձայն, ի դեպ, Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի ֆինանսավորումն իրականացվում է կողմերի մասնային մասնակցության հիման վրա (ռուսական կողմ՝ 50%, հայկական կողմ՝ 50%): Այսինքն, Հայաստանի սահմաններին տեղակայված ռուս զինվորականներին կիսով չափ ֆինանսավորում է հենց Հայաստանի բյուջեն։
Չնայած «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայությունը հայաստանյան ԱԱԾ-ն պատճառաբանում է հենց 1992-ին ստորագրված պայմանագրով, այնտեղ օդանավակայանների հետ կապված որևէ դրույթ չկա։
Պայմանագրի 3-րդ հոդվածը ուղղաիորեն ամրագրում է, որ «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների և այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:
Իրավական ի՞նչ հիմքով են, ուրեմն, ռուս սահմանապահները գործում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և պարբերաբար ստուգում մեկնող և ժամանող քաղաքացիների անձնագրերը։
Նրանք հասանելիություն ունեն նաև ՀՀ ՍԷԿՏ համակարգին, որը պարունակում է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի սահմանը հատող այլ անձանց տվյալները։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» հայաստանյան օրենքի 27-րդ հոդվածների համաձայն՝ անձական տվյալները, որոնք ներառված են այդ թվում նաև ՍԷԿՏ համակարգում, կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին բացառապես վավերացված միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում։
Բայց 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը երբևէ չի վավերացվել, չնայած թե՛ 1992-ին և թե՛ հիմա գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման։ Ավելին՝ այդ պայմանագիրը օդանավակայանի ՍԷԿՏ համակարգին հասանելիություն չի ենթադրում։
Ռուս սահմանապահները, իրականում, «Զվարթնոցում» եղել են նաև 1992-ի պայմանագրից առաջ։ Ամբողջ այս ընթացքում նրանք հասանելիություն են ունեցել պետական սահմանը հատողների անձնական տվյալներին։
Օգտվելով այդ հասանելիությունից՝ նրանք, օրինակ, Հայաստանի տարածքից մարդ են առևանգել։ Դեպքեր են եղել, երբ Ռուսաստանում պերսոնա նոն գրատա հայտարարված՝ երրորդ պետոթյունների քաղաքացիներին «Զվարթնոցում» չեն թույլատրել մտնել Հայաստան։ Բոլորովին վերջերս ռուսները օդանավակայանում հարցաքննել էին Հայաստան ժամանած ընդդիմադիրներից մեկին։
2016 թվականին էլ ռուսամետ խմբերը հրապարակել էին Հայաստանի սահմանային անցակետը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները։ Հիմնավոր կասկածներ կային, որ այդ արտահոսքը կազմակերպվել էր հենց Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։
Այս ամենը, ըստ Հայաստանի ԱԺ նախագահի, հնարավոր է դարձել ոչ թե միջպետական պայմանագրի, այլ միջգերատեսչական համաձայնություն շնորհիվ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրեր առաջ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների գործունեությունն այսպես էր հիմնավորում․ «Ի սկզբանե, ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, նախատեսել է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների իջոցով»։