Home / Բանակ / Ռուսաստանցու առևանգման մասին վարչապետի հայտարարությունները հակասական են

Ռուսաստանցու առևանգման մասին վարչապետի հայտարարությունները հակասական են

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովի հետ տեղի ունեցածից, և որ հիմա հետաքննություն է անցկացվում՝ պարզելու մանրամասները։

Դեկտեմբերին հարազատները ահազանգել էին՝ ռուս ուժայինները, որոնք ներկայացել են որպես Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցներ, առևանգել և Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի տարածք են տեղափոխել Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որին հայրենիքում մեղադրում են դասալքության մեջ։ Ռազմաբազայից ավելի ուշ հաստատել էին՝ տղամարդը իրենց մոտ է պահվում։ Հետագայում հայտնի էր դարձել, որ նրան տեղափոխել են Ռուսաստան՝ Դոնի Ռոստովի մեկուսարան։

տե՛ս Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովի ՌՈ-ում 

Հայաստանի տարածքում մարդ ձերբակալելու իրավունք ռուսաստանցի ուժայինները չունեն՝ դա վերապահված է բացառապես հայաստանցի իրավապահներին։ 39-ամյա տղամարդու առևանգմանը հայաստանյան կառույցները չեն մասնակցել։ Ավելին՝ Հայաստանի գլխավոր դատախազությունը նրան արտահանձնելու որոշում երբևէ չի կայացրել։ Ինչպես է տղամարդը հատել Հայաստանի սահմանը և տեղափոխվել Ռուսաստան՝ առ այսօր էլ հայտնի չէ։

Ֆրանսիացի լրագրողի՝ Սետրակովի առևանգմանը վերաբերող հարցին Հայաստանի վարչապետը պատասխանել է. «Դեպքի վերաբերյալ ահազանգ է եղել, հետաքննություն ենք անում, և եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում, դա, իհարկե, որոշակի հետևանքի պիտի բերի, որովհետև մեր երկրի տարածքում ապօրինի գործողություն է [եղել], և մենք չենք կարող դա հանդուրժել»։

Ի՞նչ հետաքննության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, եթե Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելուց հրաժարվել է։

«Քննություն իրականացնելու միայն մի ձև կա և դա քրեական վարույթ նախաձեռնելն է։ Քրեական վարույթ նախաձեռնված չէ՛, հետևաբար որևիցե քննություն չկա: Կա՛մ վարչապետը խոսում է քրեադատավարական օրենսգրքով չնախատեսված ինչ-որ հետաքննությունների մասին, կա՛մ վարչապետն ու Գլխավոր դատախազությունն ուղղակի իրար հակասում են», – նշել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը:

Նրա գործընկերոջ՝ Արթուր Սաքունցի դիմումը Գլխավոր դատախազությունից ուղարկել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգելու մանրամասները։ Հետագայում հայտարարել էին, թե «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն, կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված գնահատական»։

Այսինքն՝ Հայաստանի ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը հանցանք չեն հայտնաբերել ո՛չ նրանում, որ ռուս ուժայինները, առանց հայաստանցի իրավապահների իմացության, Հայաստանի տարածքում մարդ են ձերբակալել, ո՛չ էլ նրանում, որ այդ մարուն իր կամքին հակառակ տեղափոխել են 102-րդ ռազմաբազա և կամքին հակառակ՝ տարել Ռուսաստան։

«Գլխավոր դատախազությունը, բնականաբար ո՛չ առանց քաղաքական իշխանությունների հետ համաձայնեցնելու, չի քննում [այս գործը], որովհետև հասկանում է, որ եթե քննեն՝ ռուսների հետ լուրջ պրոբլեմներ են ունենալու: Գնալու են մտնեն ռազմաբազա, որ այդ անձանց ձերբակալե՞ն։ Ուղղակի փոխհրաձգությունն առնվազն պատրաստ է էլի։ Ինձ թվում է՝ Գլխավոր դատախազության մոտեցման տակ դրված է այն, որ իշխանությունները չեն ուզում ուղիղ առճակատման գնալ ռուսական ուժայիններին»:

մանրամասները

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց՝ 2022-ի սեպտեմբերի վերջին, ռոստովցի Դմիտրի Սետրակովին զորակոչել էին բանակ։ Սկզբում նրան տարել էին Չեչնիա՝ Բորզոյ գյուղ, իսկ հետո՝ Ուկրաինայի օկուպացված Դոնեցկի մարզ։ Մոտ երկու շաբաթ անց տղամարդը հայտնվել էր առաջնագծում։ 

2023-ի ապրիլին Սետրակովը վիրավորում էր ստացել և հոսպիտալացվել օկուպացված Տոկմակում գտնվող հոսպիտալ։ Հոսպիտալից զորակոչիկը փախել էր՝ նստել էր տաքսի և վերադարձել տուն։ Մի քանի ամիս՝ մինչև 2023-ի սեպտեմբերի կեսերը, նա թաքնվել է տարբեր տեղերում։ Հետո նրա կնոջը զանգել էին և ասել, որ նա հետախուզման մեջ է։ Սետրակովը հոժարակամ հանձնվել էր իրավապահներին։ Նրան ձերբակալել էին և տարել Դոնի Ռոստովի՝ զինվորականների համար նախատեսված ՁՊՎ։ Քրեական գործ էր հարուցվել զորամասն ինքնակամ լքելու հոդվածով։ Սետրակովին հասցրել էին մեկ անգամ հարցաքննել։

2023-ի նոյեմբերին նրան ուղարկել էին ռազմաբժշկական փորձաքննության։ Այնտեղից նա կրկին փախուստի էր դիմել, «Идите лесов» իրավապաշտպան նախաձեռնության ակտիվիստների օգնությամբ լքել էր Ռուսաստանը և հայտնվել Հայաստանում։

Դեկտեմբերի 10-ին հայաստանցի իրավապաշտպանները ահազանգել են՝ Սետրակովին առևանգել են 102-րդ բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Դեկտեմբերի 19-ին նրան հայտնաբերել են Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանության մեկուսարանում։

Ո՛չ ձերբակալությանը, ո՛չ էլ «արտահանձնմանը» հայաստանցի իրավապահ կառույցները չեն մասնակցել։ 

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ներգաղթած ոչ մի ռուսաստանցու Հայաստանը այս ընթացքում չի արտահանձնել՝ համենայն դեպս, նման դեպքերի մասին չի բարձրաձայնվել։ Մինչ այս արտահանձնման դեպքեր են եղել Ղազախստանից և Ղրղզստանից։