Home / Բանակ / Գյումրին փակ քաղաք է

Գյումրին փակ քաղաք է

Կամ բոլորը գնացին բազա

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Հայաստանում ձերբակալել է հերթական ռուսաստանցուն, որը փորձում էր փրկվել Ուկրաինայի դեմ պատերազմից։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, Անատոլի Շչետինինը՝ ծնունդով ռուսական Խակասիայից, գտնվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում, ուր տարվել է Գյումրիի հյուպատոսարանի շենքից դուրս գալուց հետո։ Թե ինչու է նա հյուպատոսարան այցելելու համար ընտրել ոչ թե Երևանը, որում ապրում էր, այլ Գյումրին, որտեղ գտնվում է ռուսական ռազմաբազան և որը բարձր ռիսկային գոտի է ծառայությունից խուսափածի համար՝ պարզ չէ 1։

Այս պատմության մեջ հանելուկները շատ են։ «Հասարակական վճիռ» հիմնադրամի փորձագետ Հասմիկ Նովիկովան փոխանցել է Շչետինինի խոսքերը՝ թե իրեն ոչ ոք չի առևանգել և բռնի ուժով չի պահել, և որ ինքը ո՛չ իրավաբանական, ո՛չ էլ որևէ այլ օգնության կարիք չունի։ Շչետնինը ասել է, որ հոժարակամ է եկել ռուսական հյուպատոսություն, հիմա էլ սպասում է, երբ են իրեն տանելու Ռուսաստան, որտեղ «իրենք ինքնուրույն էլ գլուխ կհանեն»։ Շչետինինը նշել է նաև, թե իրեն տհաճ է այս հրապարակայնացումը2։

տե՛ս Գյումրիի բազայում մեկուսացվածը «արդարացնում» է «առևանգողներին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Շչետինինը մինչ այդ փորձել է մեկնել Զվարթնոցի օդանավակայանից, բայց, քանի որ հետախուզում կար հայտարարված (հավանաբար Ռուսաստանում, հեղ.), իրեն թույլ չեն տվել գնալ և հանձնել են ոստիկանություն։ Քանի որ հետախուզումը հայտարարված էր առանց ձերբակալության պահանջի, որոշակի պրոցեդուրաներից հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել՝ ասել է Փաշինյանը։

Եթե նրան ազատ են արձակել, ինչո՞ւ է նա հեռանալու նոր փորձ ձեռնարկելու գաղափարին գերադասել Գյումրիի հյուպատոսարանը։ Եվ ամենակարևորը՝ ո՞րն է ռուսական ռազմաբազայում «հոժարակամ» ինքնամեկուսանալու իմաստը։ Այդ բազան Ռուսաստանը օգտագործում է կա՛մ հայկական արդարադատությունից իր մարդկանց փախցնելու համար (ինչպես, օրինակ, 2015 թվականին Գյումրիում մի ամբողջ ընտանիքի գնդակահարած զինծառայողին), կա՛մ Հայաստանում բռնված ռուսաստանցիներին պահելու համար (օրինակ, Դմիտրի Սետրակովին, որին Գյումրի էին տեղափոխել ուղիղ երևանյան «Զվարթնոց» օդանավակայանից՝ 2023-ի դեկտեմբերին)։

տե՛ս Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում

Բացառված չէ, որ Շչետինինի դեպքի հետ կապված տեղին է հիշելը ոչ միայն Սետրակովին, այլ նաև Ռաֆայիլ Շեպելևին՝ ռուսաստանցի քաղակտիվիստ, ով կորել էր Վրաստանում և հայտնաբերվել Նիժնի Տագիլի նախաքննական մեկուսարանում։ Ինչպես այն ժամանակ ենթադրում էր «Ազատ Ռուսաստան» կովկասյան հիմնադրամը, Ռուսաստանում արգելված ուլտրաձախական, նացիոնալ-անարխիստական «Արտպոդգոտովկա» կազմակերպության անդամին ձերբակալել էին ռուս զինվորականները՝  Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող Կիրբալի գյուղում։ Վրացական ՆԳՆ֊ն այն ժամանակ հայտարարել էր. «Ստուգվել են տեսադիտման խցիկների ձայնագրությունները, որոնք հաստատել են՝հոկտեմբերի 12֊ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացին իր բնակության վայրից մեկնել է Շիդա Քարթլի, մասնավորապես՝ քաղաք Գորի, որտեղից տաքիսով հասել է Կիրբալի գյուղ։ Հարցվածների, այդ թվում տաքսու վարորդի ու տեղի բնակիչների տեղեկություններով, մեքենայից դուրս գալուց հետո նշված անձը ինքնակամ հատել է օկուպացիայի գիծը և շարժվել դեպի օկուպացված տարածքի խորքեր»։ Այն ժամանակ էլ շատերի մոտ հարց էր առաջանում՝ ինչու է նման կենսագրությամբ մարդը ուղևորվել իր համար այդքան ռիսկային գոտի։

Շչետինինի մասին քիչ թե շատ հայտնի տեղեկություններից թերևս կարող է ավելի պրոզայիկ վարկած հետևել։ Նա կարող էր լքել զորամասը և հայտնվել Հայաստանում այնպիսի հանգամանքների ազդեցությամբ, որոնք հեռու են գաղափարա-քաղաքականից։ Որոշ վկայությունների համաձայն, նա շարունակում էր կապի մեջ մնալ իր նախկին հրամանատարի հետ, քննարկել իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը, և վերջինիս կարճման պարագայում կարող էր իր վերադարձը Ռուսաստան իրոք ապահով ու ցանկալի համարել։ Մյուս կողմից՝ հազիվ թե արժի միանգամայն դավադրական համարել ենթադրությունը, որ այս վարկածը ևս ռուսական հատուկ ծառայությունների ոչ այնքան էլ մեծ ջանքերի արդյունքն է։

Ինչ էլ որ լինի, բոլոր այս տարբերակները ոչ մի լավ բան չեն կանխագուշակում հայաստանի իշխանությունների համար։ Գուցե հենց այս պատճառով էր, որ Սետրակովի հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը չէր մեկնաբանում գրեթե երեք ամիս, իսկ Շչետինինի գործը մի քանի օր շարունակ լռությամբ շրջանցում էր ոչ միայն նա, այլև նրան մոտ տելեգրամյան ալիքները, որոնք սովորաբար վարչապետի համբավի համար կարևոր բոլոր նորություններին արձագանքում են նույնքան բուռն, որքան և ակնթարթային։

Մոսկվան, կարելի է ենթադրել, լավ է հասկանում, թե ինչ խրթին դրության մեջ է դնում Հայաստանին։ Ի վերջո, ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից վտարելու արշավը սկսվել էր հենց Դմիտրի Սետրակովի ձերբակալությունից քիչ հետո, ինչը, գուցե, որոշակի հստակություն էր մտցնում նախաձեռնության մեջ, որն ավելի շուտ սիմվոլիկ էր թվում. օդանավակայանի սահմանապահների շարքերում իրական ռուսներն այս տարիների ընթացքում առանձնապես աչքի չէին ընկնում, բայց նրանք բավարար եղան, որպեսզի թույլ չտային ռուս դասալիքին մտնել տարածք, որում նա արդեն գտնվում էր հայկական իրավասության գոտում։

տե՛ս Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար

Շչետինինի պարագայում Մոսվան այս գործոնին մոտեցավ արդեն հանդուգն ֆորմալությամբ՝ առանց առանձնապես վիճարկելու, որ նա ռազմական ոստիկանության ձեռքում է հայտնվել այնտեղ, որտեղ այն որևէ լիազորություն չուներ։ Այսինքն հենց այն ժամանակ, երբ Հայաստանը ձեռքի հետ պատրաստվում էր Գյումրիի ռազմաբազայի հեռանկարների շուրջ հնարավոր քննարկումներին, հայկական իշխանությունները ազդանշան ստացան՝ ինչպե՞ս դուք կարող եք փոխել տասնամյակներում ձևավորված իրականությունը, եթե չեք կարողանում վերահսկել մի ամբողջ քաղաք, որում այդ իրականությունը զետեղված է։ Չեք կարողանո՞ւմ երաշխավորել անվտանգությունը այն մարդկանց, որոնք հույսը դրել են ձեր վրա կամ զուտ բախտի բերումով ժամանակավորապես ձեզ են վստահել այդ անվտանգության հոգացողությունը։

Թվարկված դեպքերն, իհարկե, բավարար չեն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ բռնկվի, հնարավոր է՝ Մոսկվան չէր էլ առաջնորդվում Փաշինյանի կյանքը միտումնավոր փչացնելու նպատակով։ Բայց նույնիսկ այս դեպքում է ակնհայտ՝ ոչինչ նրանից, ինչ վերջին ամիսներին Երևանը հռչակում էր Ռուսաստանից դիստանցավորվելու մասով, չի խթանում Մոսկվային գոնե մի քիչ ինքնասահմանափակել Հայաստանի տարածքում անպատժելի գործելու իր սովորությունը, որին նա ապավինել է հետխորհրդային բոլոր տարիներին։ Գուցե նույնիսկ հակառակը։

ՎԱԴՒՄ ԴՈՒԲՆՈՎ
Էխո Կավկազա

__

1 Թեև Դուբնովը և ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը, որի հետ նա հարցազրույց էր արել ապրիլի 10-ին, շեշտում են, որ Շչետինինի՝ Գյումրիի հյուպատոսարան գնալու դրդապատճառներն անհասկանալի են և տարօրինակ, Epress.am-ի հետ զրույցում ռուս ռելոկանտները հավաստիացնում են՝ արտառոց բան այդտեղ չկա, մարդիկ հյուպատոսարան են դիմում հիմնականում փաստաթղթային հարցերով, ու քանի որ երևանյան հյուպատոսությունը գերծանրաբեռնված է, մեծ հերթերից խուսափելու համար նրանք, ովքեր շտապում են, հաճախ գնում են հենց Գյումրի։ Սա բավականին տարածված բան է։

2 Երեկ երեկոյան ռուսական Սպուտնիկի հայաստանյան մասնաճյուղի մի տեսանյութը (դատելով ֆոնից՝ ձայնագրվել է ռազմաբազայի տարածքում),  որում Շչետինինը տեսախցիկի առաջ պատմում է, թե որոշ ժամանակ առաջ հասկացել է, որ Ռուսաստան վերադառնալու ժամանակն է եկել, սպոնտան որոշել է գնալ հյուպատոսություն, հոժարակամ կանչել է ռազմաբազայի աշխատակիցներին, ամեն ինչ իր կամքով է արվել, «գուցե պետք է լինելու պատասխան տալ իմ զանցանքի համար, բայց ես դրանից չեմ վախենում, ես ռուս զինվոր եմ, հայրենիքիս առաջ իմ մեղքը, եթե թույլ տան, կքավեմ»։ Անատոլին ասել է, թե իր առևանգման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ «Հայաստանում ընկերներ եմ գտել։ Նրանցից շատերն ինձ համար անհանգստանում էին։ Իմ մեղավորությունն է, որովհետև ընկերներիցս ոչ մեկին չէի ասել, որ ինքս եմ հանձնվել։ Ասել էի, որ ինձ բռնել են։ Այո՛, դա ճիշտ բան չէր։ Բայց արածը արդեն հետ չես բերի»։