Home / Առողջապահություն / Ինքնաբուժության դեմ․ էլեկտրոնային դեղատոմսերից մեծանում են հերթերը

Ինքնաբուժության դեմ․ էլեկտրոնային դեղատոմսերից մեծանում են հերթերը

Հայաստանն անցնում է էլեկտրոնային դեղատոմսերի․ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել մարտի 1-ից։ Պարտադիր պահանջն այս փուլում վերաբերում է մոտ 470 դեղամիջոցների։

Նախքան Արմեդ էլեկտրոնային համակարգին անցնելը՝ դեղամիջոցները նշանակվում էին գրավոր կամ նույնիսկ բանավոր, շատերը դեղ էին առնում նաև առանց բժշկի նշանակման։ Մարդիկ հիմա բողոքում են՝ էլեկտրոնային համակարգին միացած դեղատները հրաժարվում են առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառել։ Համակարգին չմիացած և «ազատ» առևտուր անող դեղատների թիվն էլ հետզհետե կրճատվում է։

Նախարարությունը սա ձեռքբերում և դրական քայլ է համարում՝ կամաց-կամաց վերջ կտրվի ինքնաբուժությանը, մարդիկ էլ բռերով դեղ չեն խմի առանց բժշկի նշանակման։

Բայց պացիենտները գոհ չեն։ Ասում են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումից հետո հերթերը մեծացել են, ստիպված են ավելի երկար սպասել բժշկին և այլն։ Մեր զրուցակիցները խորհուրդ էին տալիս սկզբի համար զբաղվել հիվանդանոցներում հերթերի իրական կարգավորմամբ։ Հասկանալու համար, որ հերթագրման գործող համակարգ չկա, բավարար է ընդամենը մի քանի շրջայց կատարել բժշկական կենտրոններում։

Պոլիկլինիկաները փառք են

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե «Երևանում հերթերը կանոնակարգվում են էլեկտրոնային համակարգով՝ առցանց հերթագրման միջոցով»: Ոնց որ թե սա նախ պոլիկլինիկաներին է վերաբերում։ Մեր զրուցակիցներից մի քանիսը հաստատում են՝ հերթագրվում են Արմեդով, գալիս են պոլիկլինիկա, բժիշկը ճիշտ ժամին ընդունում է։

Այլ է հիվանդանոցների պարագան։ Մեր զրուցակիցներից մեկը պատմում է՝ գործնականում ամեն ինչ այնպես է կազմակերպված, որ նախօրոք գրանցվում ես, գալիս ես հիվանդանոց, պարզվում է՝ դա նշանակություն չուներ, հարյուրին մոտ մարդ է կանգնած, և հերթը կարգավորվում է անհայտ սկզբունքով։ Խոսքը այս պարագայում Արաբկիր բժշկական կենտրոնի մասին է, խնդիրը՝ մշտական։

Մեր մյուս զրուցակիցը, որ գրեթե ամեն շաբաթ հիվանդանոց է գնում, ասում է՝ զանգում է բժշկին, բժիշկը ժամ է ասում, գալիս է, պարզվում է՝ նույն ժամին մի 40 հոգի էլ է եկել, սպասում է մի քանի ժամ, մինչև հերթը հասնի իրեն։ Այս պարագայում խոսքը Շենգավիթ ԲԿ-ի մասին է։

Նորք Մարաշի սրտաբանականում վերջին անգամ 4 ժամ հերթ ենք կանգնել․ միջանցքում կուտակված էին սրտանոթային հիվանդություններ ունեցող, այդ թվում՝ տարեց մարդիկ և նրանց հարազատները։ Ընդհանուր առմամբ՝ մի 60-70 հոգի։ Նստարանները զբաղված էին, մի մասը պատերին հենված էր սպասում։ Հերթը կարգավորվում էր մոտավորապես ոչ մի սկզբունքով։

Ում հետ խոսում ենք՝ նույն պատմությունն է։ ՍլավՄեդ այցելած մեր զրուցակիցը ասում է՝ զանգել է, ասել են՝ նախօրոք հերթագրում չկա, կգաք, կտրոն կքաշեք, կսպասեք։ Գնացել է, սպասել է մոտ մեկուկես ժամ, ու քանի որ հերթը չի էլ մոտեցել՝ թողել հեռացել է։

Մարդիկ ոչ ժամանակ, ոչ նյարդեր ունեն՝ ավելորդ անգամ հիվանդանոց գնալու համար։ Նախընտրում են դիմել «ընդառաջող» դեղատներին և ստվերային դեղավաճառներին, կամ ոչինչ չեն անում, մինչև իրավիճակը չդառնա կրիտիկական։

Պոշտոնեական օպտիմիզմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը իրականում կրճատում է մեկ հիվանդի վրա ծախսվող ժամանակը։ Բժիշկները ուղղակի պետք է սովորեն դրան, և դադարեն զուգահեռ նաև տեղեկատվական թերթիկներ բաժանել։

Մեզ հետ զրույցում պոլիկլինիկաներից մեկի բժիշկը բողոքում է՝ Ավանեսյանի մոտեցումը «պաշտոնական օպտիմիզմ» է։ Նախ, համակարգը միշտ չէ սահուն աշխատում, երկրորդը՝ ոչ բոլոր բժիշկներն ու ոչ բոլոր պացիենտներն են կարողանում դրանից օգտվել։ Նորմալ իրազեկում չի եղել, հասկանալու համար՝ ինչ անել և ինչ հերթականությամբ, զանգում են Արմեդի օպերատորին, որը մի կես ժամ բացատրում է։ Նրանք, ովքեր վարժվել են այս ընթացակարգին, էլեկտրոնային մեկ դեղատոմս դուրս գրելու համար մոտ 15 րոպե են ծախսում։

Բժիշկները ու դեղատների աշխատակիցները սկզբունքային առարկություններ այս նորամուծության դեմ չունեն, համենայն դեպս՝ այնպիսիք, որ հնարավոր կլիներ բարձրաձայնել։ Բոլորը տեխնիկական խնդիրներից են բողոքում։ Բժիշկներն ասում են՝ տարեցտարի բյուրոկրատիան և թղթաբանությունը շատանում է։ Պացիենտներն էլ ասում են՝ բան չեն հասկանում, ինչ է պետք անել, ոնց է այս ամենն աշխատում։

Իրազեկումը հարցուպատասխանով

Տեղեկատվական բացը լրացնելու համար առողջապահության նախարարությունը նյութ է պատրաստել՝ հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։ Այն հասանելի է նախարարության պաշտոնական կայքում։

Օրինակ՝ հստակ է, որ էլեկտրոնային դեղատոմսերի պահանջը ոչ բոլոր դեղամիջոցների վրա է տարածվում, այլ միայն «անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող» և «համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի, հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղերի» վրա: Բայց անվանացանկ չկա։ Հարցը՝ «որտե՞ղ ծանոթանամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին», պատասխան չունի։ Հղումը չի բացում։

Ամեն դեպքում, նախարարությունը վստահեցնում է՝ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմատիկ բուժման համար են, այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:

Հարցուպատասխաններից պարզ է, այնուամենայնիվ, որ քրոնիկ հիվանդությունների դեպքում դեղատոմսը կարող է դուրս գրվել նաև երկարաժամկետ, ընդ որում՝ դեղատոմսը կարող է դուրս գրել ինչպես հետազոտությունը և դեղը նշանակած նեղ մասնագետը, այնպես էլ խորհրդատվության թերթիկով՝ տեղամասային թերապևտը: Ամեն անգամ նորից գնալու կարիք չկա։

Մյուս կողմից, որևէ դեղատոմս՝ լինի էլեկտրոնային, թե թղթային, անժամկետ դուրս գրվել չի կարող։ «Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով: Բժիշկը կարող է նշանակել դեղ` 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի պացիենտի առողջական վիճակի դինամիկ հսկողություն»:

Ինչ վերաբերում է Արմեդ համակարգի հետ կապված խնդիրներին, առողջապահության նախարարությունը վստահեցնում է․ «Սերվերները թարմացման փուլում են: Օպերատորը հավաստիացնում է, որ այս պահին էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար խնդիր առկա չէ: Խնդիր կարող են հանդիսանալ օգտվողի ինտերնետ կապը և համակարգիչների հզորությունը։ Որոշման համաձայն՝ եթե էլեկտրոնային համակարգը տեխնիկական պատճառներով հասանելի չէ, դեղատոմսը կարող է դուրս գրվել նաև թղթային տարբերակով»:

Այս դեպքում, սակայն, կա մեկ նախապայման։ Կառավարության որոշման համաձայն՝ տեխնիկական խնդիրը կարգավորվելուց ու ԱՐՄԵԴ-ի տեխնիկական հասանելիությունը վերականգնվելուց հետո թղթային տարբերակով դուրս գրված դեղատոմսը պետք է անպայման մուտքագրվի էլեկտրոնային համակարգ։ Եվ դա պետք է արվի նույն օրվա ընթացքում: Ինչը նշանակում է, որ այս դեպքում բժիշկը պետք է կատարի կրկնակի աշխատանք: