Home / Առողջապահություն / Պոլիկլինիկան միայն եկամուտի համար չէ․ աշխատողներն ընդդեմ քաղաքապետարանի որոշման

Պոլիկլինիկան միայն եկամուտի համար չէ․ աշխատողներն ընդդեմ քաղաքապետարանի որոշման

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կառլեն Եսայանի անվան պոլիկնինիկայի աշխատողները անժամկետ գործադուլ են հայտարարել՝ տնօրեն Աննա Սիսոյանին վաղաժամկետ աշխատանքից հեռացնելու պատճառով։

Աշխատողներ

«У нас же демократия. Мы демократическая страна. Мы представители, мы демос. Если мы все как один человек не хотим чтобы нашего руководителя поменяли, зачем его менять?», – ասում է բողոքի ակցիայի դուրս եկած աշխատողներից մեկը։

Մինչ գործադուլի դուրս գալը աշխատողները նամակ են գրել վարչապետին, Ազգային ժողովին, Քաղաքապետարանին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով տնօրենին վաղաժամ աշխատանքից հեռացնելու հիմնավորումը։ 

«Տպավորությունն այն է, որ մեր պոլիկնինիկայի շենքային լավ տվյալները, արդեն իսկ կարգավորված լավ աշխատանքը, պոլիկնինիկայի լավ համբավը գայթակղիչ է դարձրել մեզ մոտ տնօրենի պաշտոնը», – գրում են աշխատողները Քաղաքապետարանին ուղղված իրենց նամակում։

«Քաղաքապետարանից օրեր առաջ նկարահանման են եկել՝ որպես լավագույն պոլիկնինիկա։ 15 օր Առողջապահության տեսչական մարմնից եկել են ստուգումների և ոչ մի խախտում չի արձանագրվել»։

Քաղաքապետարանից աշխատողներին մի նախադասությամբ պատասխանել են, որ Աննա Սիսոյանին այլ բուժ հիմնարկում են առաջարկվել անցնել աշխատանքի։ «Թող էն մարդուն, որ ուզում են բերեն այստեղ տնօրեն, տանեն էն բուժ հիմնարկ, որտեղ մեր տնօրենին են առաջարկում անցնել աշխատանքի», – ասում են աշխատողները։

Տնօրեն

«Մայիսի 16-ին ինձ հրավիրեցին Քաղաքապետարան՝ Առողջապահության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանի մոտ։ Նա ինձ ասաց, որ հաշվի առնելով իմ երկար տարիների պատասխանատու նվիրումով աշխատանքը և այն հանգամանքը, որ իմ աշխատանքային պայմանագիրը ավարտվում է նոյեմբերի 3-ին, առաջարկում է ավելի երկարաժամկետ պայմանագիր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն։

Ես էլ պատասխանեցի, որ գերադասում եմ մնալ մինչև իմ պայմանագրի ավարտը, որից հետո եթե որոշումը հաստատվի և ես չկարողանամ մեր պոլիկնինիկայի տնօրենի պաշտոնին հավակնել, այդ ժամանակ կմտածեմ արդյոք որպես տնօրեն լինել այլ տեղ, թե ոչ», – ասում է Կառլեն Եսայանի անվան պոլիկնինիկայի արդեն նախկին տնօրեն Աննա Սիսոյանը։ 

Նա ընդգծում է «Առողջապահության պետն ինձ ասաց, որ նոր տնօրենը նոր շունչ կհաղորդի պոլիկնինիկային և այդ պայմանները կօգտագործվի եկամտաբերությունը ավելացնելու համար»։

Քաղաքապետարան

Քաղաքապետարանը հայտարարություն է տարածել ի պատասխան աշխատողների գործադուլի․ «Վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով», – ասված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ»: