Լոռվա և Տավուշի մարզերի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերը աղետի գոտի են ճանաչվել։ Դեբետ գետի մակարդակն այսօր արդեն իջել է, առաջնային շոկը՝ մեղմվել։ Ալավերդցիներն անցել են ռեզինից կոլոշների։ Մոտակա բնակավայրերից եկած կամավորների հետ միասին նրանք փորձում են մաքրել ջրհեղեղից մնացած տիղմը՝ խանութներից, բակերից, սեփական տներից, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերից, նկուղներից, գարաժներից, փողոցներից։ Ալավերդու երկու թաղամասերը մեկուսացման մեջ են։ Կամուրջները փլվել են։ Պաշարված ժողովրդին սնունդ են մատակարարում տրոսներով։
2016 թվականից պետական վարկով կառուցվող Մ6 մայրուղին պետք է շահագործման հանձնվեր 2019-ին։ Մինչև հիմա էլ շինարարությունն ավարտին չի հասցվել։ Կա նաև որակի հարց։ Վնասվել են նույնիսկ այն հատվածները, որտեղ գետի վարարման խնդիր չի եղել։
Տարածքային կառավարման նախարարությունը, աղետի գոտի ժամանող պաշտոնյաները փորձում են մեղքը բարդել Դեբեդի ափամերձ հատվածների կառուցապատման վրա։ Ո՞վ է տվել շինթույլտվությունները, ինչպե՞ս են օրինականացվել առանց թույլտվության կառուցված շինությունները։ Այս հարցերը փակագծերից դուրս են մնացել։ Համայնքում քննարկվում է նաև Դեբեդից օգտվող ՀԷԿ-երի խնդիրը։ Պոպուլյար վարկածների համաձայն՝ ջրհեղեղը ՀԷԿ-ի վթարման կամ ՀԷԿ-ից մեծ ծավալի ջուր թողնելու հետևանք է։ Վթարը պաշտոնապես հերքվել է, ջրի դուրս թողնման վարկածը չի հաստատվել։
«Ուղիղ ժողովրդավարություն» կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը Epress.am-ին պատմել է՝ խոշոր ՀԷԿ-երի դամբաները փակ էին, ապրիլից այնտեղ մեծ ծավալների ջուր չի եղել։ Աղետի պատճառներից մեկը, ըստ նրա, անվտանգային լոգիստիկայի խաթարումն է․ տարեցտարի գետի հունը նեղացվել է, լիցք են արել, ընդլայնել են ճանապարհը կամ ճանապարհամերձ տարածքները, որոնք հետզհետե ծածկվել են կոմերցիոն կամ նույնիսկ բնակելի շինություններով։ Ժամանակի ընթացքում քանդվել են նաև խորհրդային տարիներին կառուցված պատնեշները։ Պաշտոնյաները հույսը ՀԷԿ-երի վրա էին դրել՝ ջուրը կքաշեն, վարարումների հետևանքները կմեղմվեն։ Հույսն այնքանով է արդարացել, որ Դեբեդի որոշ հատվածներ մինչ այս նույնիսկ չորացել էին։
Քոթանջյանը ուշադրություն է հրավիրել նաև ճանապարհաշինության որակի վրա։ «Չորս հատվածներում ճանապարհը կառուցվել է գետի հաշվին՝ լիցք անելով, «այդտեղ միշտ սողանքների խնդիր է եղել», «առանց ջրհեղեղի էլ այս ճանապարհների որակը հիացնող չէր», «հիմա էլ, որ նայում ենք՝ որ հատվածներն են փլվել, որոնք կանգուն մնացել, ողջամիտ կասկածներ են առաջանում», «այս շինարարության հետ կապված դատական հայցեր էլ են եղել», «ճանապարհաշինությունն, ի դեպ, վարկով է արվել», «սրա համար վճարել և վճարում են Հայաստանի հարկատուները», «պետք է ուսումնասիրվի նաև նոր վերանորոգված կամուրջների հարցը»։ Խոսքը տասնյակ կապալառուների և նրանց իրականացրած աշխատանքի որակի մասին է՝ որքանո՞վ է այն համապատասխանել սահմանված չափանիշներին, որքանո՞վ են հաշվի առնվել բնական ռիսկերը։ Կապալառուների շարքում, ի դեպ, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընկերությունն է եղել, 2018-ից հետո այստեղ շինարարական պատվերներ է ստացել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը։
Բնապահպան Օլեգ Դուլգարյանը վստահ է՝ ջրհեղեղի հետևանքները անպատասխանատու կառավարմամբ և քաղաքաշինական նորմերի խախտմամբ են պայմանավորված․ «Վերջին 20-30 տարիների ընթացքում արվել է ամեն բան, որ այս աղետը տեղի ունենա»։
«Տարբեր օբյեկտներ են կառուցված հենց գետի ափին՝ հյուրանոցներ, մոթելներ, ռեստորաններ, անասնագոմեր, խանութներ, այլ արտադրական օբյեկտներ և նույնիսկ երբեմն բնակելի տներ։ Որպեսզի շինարարություն անեն, լիցք են արել և դրա վրա շինություններ կառուցել», – ասել է Դուլգարյանը։ Նրա հայրենի գյուղը՝ Փոքր Այրումը, ջրհեղեղից հետո շրջափակված է։ Հիմնական կամուրջը փլվել է, Օլեգը Ալավերդի է հասել լեռնային դժվարանցանելի ճանապարհով։
Քաղաքում տարբեր պաշտոնյաների հանդիպեցինք՝ նախարար, փոխվարչապետ, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակիցներ։ Նրանց ուղեկցում էին հանքարդյունաբերությամբ զբաղվող տեղական ընկերությունների ներկայացուցիչները։ Բնակիչներն ասում էին՝ չինովնիկները վնասի գնահատում են անում, խոստանում են փոխհատուցել։
Բայց վնասներն այնքան շատ են, որ ալավերդցիները փոխհատուցման խոստումներին մինչև վերջ չեն հավատում։ Զրուցեցինք տուժած խանութների աշխատակիցների և սեփականատերերի, հեղեղված բնակարաններում ապրող մարդկանց հետ։ Բոլորն էլ անորոշության մեջ էին։ Մարդիկ պատմում էին քաղաքակի շրջափակված երկու թաղամասերում մնացած իրենց բարեկամների մասին։ Հղիներին ճոպաններով տարհանել են, երեխաների մի մասը դուրս է եկել սարերով։ Մնացածին տրոսներով սնունդ են ուղարկում։
Ախթալա և Շամլուղ քաղաքները, Քարկոփ, Ճոճկան, Մեծ ու Փոքր Այրում, Բադենք (Բենդիկ) գյուղերը շարունակում են մասնակի արգելափակված մնալ: Պարենի մատակարարում է իրականացվում Մադան-Շամլուղ գրունտային, դժվար անցանելի ճանապարհով։ Կա և՛ սննդի, և՛ հատկապես դեղորայքի պակաս։
Մանրամասները՝ տեսանյութում։