Մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 5 մարդկանց կյանք է խլել: Բնակչությանը օգնություն են ցուցաբերել փրկարարներն ու զինվորականները:
Հորդառատ անձրևի և ջրհեղեղի հետևանքով առավել տուժած Օրտաչալա թղամասում, ինչպես նաև Քուռ գետին հարող փողոցներում ջուրը լցվել է շենքերի և տների նկուղները, մի շարք այլ շրջաններում ջրհեղեղը խափանել է քաղաքային ենթակառուցվածքը: Ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի մի շարք փողոցներում անջատվել է էլեկտրամատակարարումը, մասնագետներն աշխատում են վթարի վերացման ուղղությամբ:
Իսկ Թբիլիսիի Օրտաչալա թաղամասում զոհված 5 մարդկանցից 4-ը բնակվում էին հին ավտոտնակից պատրաստված բնակելի կառույցում: Ջրհեղեղի զոհ դարձած 84 ամյա մի կին էլ ապրում էր առաջին հարկում գտնվող բնակարանում, որը նույնպես ջրի տակ էր անցել: Վրաստանի մայրաքաղաքում և երկրի արևելյան հատվածում հորդառատ անձևները շարունակվելու են ևս երկու օր: