Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ղարաբաղյան կողմն ունի առնվազն 200 զոհ, 400-ից ավել վիրավոր և բազմաթիվ անհետ կորածներ։ Պաշտոնական Բաքուն զոհված զինծառայողների մասին տվյալներ դեռ չի հրապարակել։ Meydan.TV-ին հաշվել է՝ ադրբեջանական բանակը առնվազն 80 զոհ է տվել։ Լրատվամիջոցը հրապարակել է իր կողմից նույնականացված 80 զոհերի անուն-ազգանունները։ Չի բացառվում, որ իրական կորուստները ավելին են։
Պատերազմից հետո գործի են անցել նաև Ադրբեջանի ներքին զորքերը՝ իդենտիֆիկացնում են սոցցանցերում Բաքվի ռազմական ագրեսիան քննադատած ակտիվիստներին, ընտրողաբար ձերբակալում։ Meydan.tv-ի տվյալներով՝ բերման է ենթարկվել առնվազն 5 հոգի։
Հակապատերազմական հայտարարություններ անելու համար ձերբակալել են Էմին Իբրահիմովին, Ամրահ Թահմազովին և Նուրլան Քահրամանլիին։ Նրանք մեղադրվում են սոցիալական ցանցերում «արգելված» բովանդակություն հրապարակելու մեջ։ Երեքն էլ դատապարտվել են 30-օրյա վարչական կալանքի։
Մեկ ամսով կալանավորվել է նաև Նեմեթ Աբասովը, որը մեղադրվում է իբր «ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու» մեջ։
Ամենածանր դատավճիռը հասել է Աֆիեդին Մամեդովին․ նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Քննչականը հակապատերազմական ակտիվիստին ինչ-որ «դանակահարություն» է մեղսագրում։ Փաստաբանները պնդում են՝ գործը կարված է։
Ադրբեջանական սոցցանցերում արդեն տևական ժամանակ է՝ քննարկվում է հերթական ռազմական ագրեսիայի հավանականությունը։ Շատերը քննադատում են Ադրբեջանի՝ ուժային լուծումը դիվանագիտականին գերադասելու մոլուցքը, և նշում, որ 44-օրյա պետարզմից հետո Բաքուն բոլոր հնարավորություններն ու լծակները ունի՝ հարցը առանց արյան փակելու և իր օգտին լուծելու համար։
«Արգելված» բովանդակություն հրապարակելու համար առաջին դատապարտվածը դիվանագետ, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության նախկին աշխատակից Էմին Իբրահիմովն է։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ռազմական այս «օպերացիան» Ղարաբաղում իրականացվել է ի շահ Ռուսաստանի․ «Այս անգամ չկար մեկը, որ ասեր՝ «այս օպերացիան հակասում է Ռուսաստանի շահերին», «սա հարված է Ռուսաստանի հեղինակությանը» կամ նման որևէ մի բան։ Լաչինի ճանապարհի էկո-ներկայացումները, Լաչինում անցակետի տեղակայումը և այս օպերացիան նույն ձեռագիրն ունեն։ Այս ամենում եղել է Ռուսաստանի համաձայնությունը… Բանն այն է՝ երբ ստրուկ ես դառնում, պարտավոր ես միշտ արդարացնել տիրոջը։ Հակառակ դեպքում պետք է փորձել ազատագրվել: Իսկ ստրուկները միշտ վախենում են ազատությունից։ Նրանց պետք է անընդհատ քողարկել սեփական ստրկությունը… Դե հիմա էլ Ռուսաստանը Ղարաբաղը մեզ կտա և դուրս կհելնի` կգնա…»։
Մյուս ձերբակալվածը՝ Ամրահ Թահմազովը, սեպտեմբերի 20-ին ֆեյսբուքում գրել էր, որ կանչվել է դատախազություն, իսկ նախօրեին՝ հատուկ ծառայություններ․ «Ինձ կանչել են դատախազություն։ Եթե մի ժամվա մեջ ինձնից նորություն չլինի, իմացեք, որ ձերբակալել են»։ Մայիսին նա արդեն դատապարտվել էր մեկ ամիս վարչական կալանքի՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Ակտիվիստի կարծիքով՝ իրեն ձերբակալել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու և քաղբանտարկյալների մասին գրելու համար։
Լրագրող և բլոգեր Նուրլան Քահրամանլիին ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Սեպտեմբերի 14-ին Քահրամանլին Voice of America-ի հետ զրույցում հայտնել էր, որ հատուկ ծառայությունները կանչել են նրան հնարավոր պատերազմի դեմ արտահայտվելու համար և սպառնացել բռնաբարությամբ։
Նեմեթ Աբասովը սեպտեմբերի 19-ին քննադատել էր պատերազմը և նշել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար «անջատողական ռեժիմի» միակ այլընտրանքը «ավտորիտարիզմն ու բռնապետությունն է»։ «Հաշվի առնելով ներկայիս հանգամանքներն ու չափանիշները, մեր պահանջն ու դիրքորոշումը պետք է լինի համակեցությունը՝ խաղաղ, անխռով, կայուն ու մնայուն անվտանգության պայմաններում», – գրել էր Աբասովը։
Նրա ընկերներից մեկի խոսքով, «չնայած Նեմեթը մասնակցել է 2020-ի պատերազմին՝ այժմ նա պատերազմին դեմ է» և պատժվում է հենց դրա համար։
Աֆիեդին Մամեդովը՝ անկախ արհմիությունների կոնֆեդերացիայի համակարգողներից մեկը, քննադատել է ադրբեջանական ագրեսիան և ձերբակալվել սեպտեմբերի 20-ին։ Մինչ այս նրան և նրա գործընկերներին կեղծ մեղադրանքներով կալանավորել էին առաքիչների կարճատև գործադուլին աջակցելու համար։ Այժմ նրան դանակահարություն են մեղսագրում։ Անկախ արհմիությունների անդամները թիրախի տակ են։
տե՛ս Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա
Մամեդովի գործընկերներից մեկը պատմել է՝ անհայտ մի անձ է մոտեցել իրեն, ինքն իրեն կտրել և դանակը գցել Աֆիեդինի վրա։ Մամեդովին մեղադրում են խուլիգանության մեջ, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, նա կարող է ազատազրկվել 2-ից 5 տարի ժամկետով։
2023 թվականին քաղբանտարկյալների թիվը Ադրբեջանում կրկնապատկվել է՝ հասնելով շուրջ 180-ի։ Վերջին տարիներին տարբեր քաղաքական դրդապատճառներով, այդ թվում՝ հակապատերազմական արտահայտությունների համար, Ադրբեջանի իշխանությունները ռազմական առճակատումներից առաջ, ընթացքում և հետո պարբերաբար ձերբակալել են տասնյակ ակտիվիստների։