Ադրբեջանը պատրաստ չէր 2020-ի Ղարաբաղյան պատերազմին ո՛չ տեխնիկայի, ո՛չ էլ զինվորականների պատրաստության առումով, իսկ բանակի ղեկավարությանը ստիպում էին նվազեցնել Հայաստանի պաշտպանունակության տվյալները, ասվում է Meydan TV-ում հրապարակված ադրբեջանցի գնդապետ Բաբեկ Սամիդլիի ու անհայտ զրուցակցի ձայնագրության մեջ։
Ըստ գնդապետի՝ Ադրբեջանին հաղթելու հարցում օգնել է Թուրքիան, որը, մասնավորապես, «Բայրաքթարներ» է մատակարարել։
Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլին մահացել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին ականի պայթյունից՝ Մատաղիս գյուղում զոհվածների մարմինների որոնումների ժամանակ։
Ձայնագրության առանցքային հատվածները ստորև․
— Գլխավոր շտաբի օպերատիվ հրամանատարության պետ Այազ Հասանովը ճնշում էր մեզ, որ կրճատենք հակառակորդի մասին ստացված մեր տվյալները։ Զուտ նրա համար, որ գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցեին, որ մենք առավելություն ունենք, մենք պատրաստ ենք պատերազմի։ Չնայած կորպուսների հրամանատարները ասում էին, որ մենք չենք կարող հարձակվել 140 տանկի վրա 140 տանկով։ Մենք պետք է ունենանք առնվազն 250 տանկ։ Նրանք պնդում էին, որ կրճատենք [հակառակորդի] թվերը։
Ես 6 բրիգադով հարձակվել եմ 9 բրիգադի վրա, չնայած այդպիսի բան չպետք է լինի։
Եթե թուրքերը չլինեին… Թուրքերը եկան և նրանց այլևս ոչինչ չկարողացան ասել։ Իսկ ի՞նչ ասել։ Բախտիյար փաշան զեկուցում է Էրդողանին, իսկ վերջինս ասում է՝ եղբայր, քեզ խաբում են, ամեն ինչ այդպես չէ։ Իսկ հետո եկավ «Բայրաքթարը»։ Եթե չլիներ «Բայրաքթարը», մենք չէինք ունենա առավելություն… Կպարտվեինք հարձակման ժամանակ։
— Զրահաբաճկոնները, սաղավարտները քիչ էին, արկերը վերջացան երկու շաբաթում։
Երբ գնում էինք մարտի, 62%-ով էինք ապահովված զրահաբաճկոններով։ Կապի սարքերով ապահովված էինք 49%-ով։ Կռվից երեք օր առաջ ուղարկեցին T55 տանկեր։ Մի տանկը չէր կարողանում կապնվել մյուս տանկի հետ։ Այսինքն՝ այսպես ենք մենք հաղթել։ Շատ մեծ դժվարությամբ։
GPS՝ կարմեն (բրենդի անունը – խմբ․)։ Կորպուսում դրանից ընդամենը 7 հատ կար։ Չնայած պետք է լիներ առնվազն 100 հատ, ամեն հրամանատարի մոտ։ Գնում է սարեր, անտառ, պետք է, չէ՞, տեղում որոշի կոորդինատները և հրետանային աջակցություն խնդրի։ Բայց ոչ։ Ի՞նչ է դա, որ չեն գնել ու չեն տվել մեզ։ Սովորական GPS սարք։ Մեր բանակային կորպուսի 20-հազարանոց զորքը դրանից ընդամենը 7 հատ ուներ։
— Այս 30 տարվա վաղեմության սարքերով մենք կարողացանք գոյատևել միայն սպաների, ենթասպաների, զինվորների համառության շնորհիվ, ինչպես ասաց նաև պարոն նախագահը։ Մենք որոշեցինք՝ գումարտակը, բրիգադը կմեռնի, բայց հրամանը կկատարենք։ Այսինքն՝ ինչ կորուստ էլ, որ լիներ, նշանակություն չունի։
Նախագահի հրամանը պետք է կատարվեր։ Ի վերջո, եթե մենք նորից պարտվեինք, դա կազդեր նախագահի կամքի վրա՝ կապված ղարաբաղյան հարցի հետ։ Մենք կռվել ենք մինչև վերջ՝ ինչքան էլ մարդ, որ զոհվել է, այսինքն՝ չենք հաշվել կորուստները։ Պարզապես պետք էր նրանց այստեղից հանել: Մենք այլ նպատակ չունեինք։
— Ցուցակներում ասվում էր, որ [մոբիլիզացիայի համար] լինեն միայն վերջին 3 տարում զորացրվածները, նրանք, ովքեր չեն մոռացել՝ ինչպես կռվել։ Իսկ սրանք բերեցին 2005, 2006, 2008 թվականներին՝ 10, 15 տարի առաջ զորացրվածներին։ Նրանք ոչինչ չեն հիշում ծառայությունից։ Իսկ ֆիզիկական կարողությունները քիչ են, տարիքն այն չէ։ Ամսի 21-ին բերեցին ինձ մոտ, իսկ 26-ին ես անցա հարձակման։ Ի՞նչ պետք է սովորեցնեմ զինվորին 5 օրում։ Հինգ օրում ես միայն հասցրեցի նրանց ընդունել, հագցնել ու զենք տալ։ Չհասցրեցի զորավարժություններ անցկացնել:
— (Անհայտ զրուցակիցը հարցնում է` ինչու՞ պատերազմը 44 օր տևեց):
Հիմնական պատճառը հրետանու գերազանցությունն էր՝ հակառակորդի մոտ։ Քանի որ մենք ունենք ավելի շատ D30-D44, նրանք կրակում են 15 կմ։ Հակառակորդն ուներ D20, սրանք կրակում են 30 կմ։
Եվ գլխավոր պատճառը՝ մեզ կադրեր չտվեցին։ Չպատրաստեցին լեռնահրաձգային բրիգադներ, հրամանատարական բրիգադներ։ Միայն հետևակ։ Իսկ ի՞նչ պետք է անի հետևակը այս տարածքում։ Լեռներում, անտառում կռվելու համար անհրաժեշտ են հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
Նրանց թիվը պետք է ավելացվեր։ Ինչքան առաջարկներ ենք գրել, հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Ինչքան ենք ասել՝ մեզ կադրեր տվեք, թեկուզ ոչ մոտոհրաձգային, գոնե լեռնահրաձգային բրիգադ։
(Անհայտ զրուցակիցը հարցնում է` ինչո՞ւ Ադրբեջանը 30 կիլոմետրանոց հրետանի չգնեց):
Այն ժամանակ Բելառուսը D20 էր վաճառում, սրանք չառան, Ռուսաստանից D30 առան։ Իսկ Բելառուսը D20-ը վաճառեց Հայաստանին։ Եվ այդ D20-ները մարտերի ժամանակ մեզ լուրջ վնաս են հասցրել։