Ադրբեջանում հունիսին թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով ձերբակալված քաղաքական միգրանտ Անար Ալիևը հոկտեմբերի 3-ից չոր հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք իր դեմ կեղծված մեղադրանքների։ Այս մասին հաղորդում է նրա փաստաբան Էլչին Սադիգովը։
Անար Ալիևը մարդասիրական հիմունքներով ապաստան էր ստացել Գերմանիայում, սակայն հուլիսի 8-ին ընտանիքի հետ միասին վերադարձել է Ադրբեջան՝ հիվանդ հորն այցելելու նպատակով, գրում է Meydan TV-ն։ Հուլիսի 25-ին նրան ձերբակալել են, իբրև՝ անձնագրի կեղծման մասին տեղեկությունները ստուգելու համար։ Ընտանիքին խոստացել են, որ նա շուտով վերադառնա։
Անար Ալիևը մեղադրվում է խոշոր քանակի, ինչպես նաև խմբակային կամ նախնական պայմանավորվածությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառման հոդվածներով։ Ալիևը չի ընդունում մեղադրանքները, որոնցով նրան կարող են ազատազրկել 5-12 տարով։
Կնոջ խոսքերով՝ Անարին ձերբակալել են ֆեյսբուքյան հրապարակումների պատճառով, իսկ հետո հայտարարել, թե նրա գրպանում թմրանյութեր են հայտնաբերվել։
Բանտարկյալի կարծիքով՝ ձերբակալության իրական պատճառն այն է, որ ինքը Գերմանիայում մասնակցել է Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույցերին։ Տեղի իրավապաշտպանների զեկուցմամբ միայն վերջին տարվա ընթացքում այս ցույցերին մասնակցած 8 ակտիվիստ է ձերբակալվել Ադրբեջանում, որոնց մի մասը արտաքսվել էին Գերմանիայից։
Քաղաքական միգրանտի ձերբակալությունից հետո իշխանությունները նրա ընտանիքին՝ կնոջն ու աղջկան, չեն թողել լքել երկիրը։
Սեպտեմբերի վերջին «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել էր իշխանությունների կողմից հետաապնդվող ակտիվիստների թարմացված ցուցակը՝ 99 հոգի։ Իրավապաշտպան Էլշան Հասանովը հաղորդել էր, որ նշված ցուցակում քաղբանտարկյալների նոր կատեգորիա են ավելացրել՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական միգրանտներ։