«Սասնա ծռերի» գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել․ պահանջում է, որ իրեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»՝ բուժման։ Նրա փաստաբանը ահազանգում է՝ չնայած ուժգնացող ցավերին, Բիլյանին բժշկական օգնություն մինչ օրս չի տրամադրվել։
««Սասնա Ծռերի» գործով առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված, ապա վերաքննիչ դատարանի կողմից առանց դատաքննության հանիրավի չորս ամիս ամբաստանվող և «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը 17 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ: Չնայած սուր ուժգնացող ցավերին՝ ոտքերի և որովայնի, իսկ այժմ նաև՝ գլխի և սրտի շրջանում, նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։
Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել` դիմադրելու, գոյատևելու և հաղթելու ցանկությամբ։ Նա հասկանում է, որ հացադուլ հայտարարելը ծայրահեղ միջոց է, բայց հույս ունի, որ ողջ կմնա և կհաղթի անարդարությանը:
«Սասնա Ծռեր» ապստամբության հետևանքով վեց մարդ է զոհվել` երեք ոստիկան` Արթուր Վանոյան, Գագիկ Մկրտչյան և Յուրա Տեփանոսյան և երեք քաղաքացի` Արթուր Սարգսյան (հաց բերող), Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ) և Քաջիկ Գրիգորյան (Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդ), սակայն հանցագործության բացահայտմանը ուղղված գործողություններ չեն իրականացվել: Հանցագործություն կատարողները վայելում են ազատությունը, իսկ անմեղ` Արմեն Բիլյանը գտնվում է կալանավայրում:
Արմեն Բիլյանը հացադուլ է անում, քանի որ չունի այլ կերպ բողոք ներկայացնելու միջոց: Սննդից հրաժարվելու այս լուրջ որոշումը վտանգում է նրա կյանքը։ Նման ձևով արտահայտվելը ունի հետևյալ նպատակները՝ ուղերձ-բողոք անարդարության դեմ և պահանջ` անհապաղ բժշկական օգնության տրամադրում հիվանդանոցում», – ասված է փաստաբան Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Բիլյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, իրականացվել է բժիշկների խորհրդատվություն, գործիքային ստուգում․ հիվանդանոցային բուժման որևէ ցուցում չի եղել, այդ իսկ պատճառով նրան չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Փոստանջյանը հակադարձել է՝ Բիլյանը առողջական խնդիրներ ունի, նրան հարկավոր է տեղափոխել հիվանդանոց, իրականացնեն մանրակրկիտ բժշկական ստուգում:
2021 թվականի փետրվարին Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման․ ի թիվս այլի, նա մեղադրվում է 2016-ի հուլիսին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։
(Ոստիկանների մահվան դեպքերը հարցերի տեղիք են տալիս։ Տե՛ս՝ «Զոհված ոստիկանների կանայք հրաժարվում են հասկանալ ապստամբությունը»)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2021-ի փետրվարի 21-ին վճռել էր, որ ոստիկանի սպանությանը նրա մասնակցությունն ապացուցված չէ․ սպանության մեղադրանքով Արմեն Բիլյանն արդարացվել էր։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը փոխել էր դատավճիռը․ Բիլյանը մեղավոր էր ճանաչվել սպանության համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։
2022-ի հունվարին Արմեն Բիլյանը հանդես եկավ բաց նամակով, որում մանրամասն ներկայացնում էր իր անմեղության փաստարկները․ իր դեմ կեղծ մեղադրանքի համար նա պատասխանատու է համարում նախկին թիմակիցներին՝ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանին և մի քանի այլ զինակիցներին։ Ըստ Բիլյանի՝ վերջիններս գործարքի են գնացել իշխանությունների հետ։
(Տե՛ս՝ «25 տարով դատապարտված «Սասնա ծուռը» մեղադրում է Ժիրայր Սեֆիլյանին»)
Համանման մեղադրանքներ է հնչեցրել նաև «Սասնա ծռերի» գաղափարակից Ալեք Ենիգոմշյանը։ Մեղադրանքներին միացել էր նաև ապստամբներից Պավլիկ Մանուկյանը։