Ռուսական կողմը պարզաբանել է, որ հայաստանցի պատգամավորների մուտքն Արցախ արգելել է սադրանքներից զերծ մնալու նկատառումով։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով։
Ռուսական կողմը պարզաբանել է, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում», – ասել է Միրզոյանը։
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» և Սերժ Սարգսյանի կողմից համակարգվող «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել էին բոյկոտել խորհրդարանի քառօրյա նստաշրջանը և գնալ Ղարաբաղ։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները նրանց մուտքը Ղարաբաղ արգելել են։ Ընդդիմադիրները մի քանի ժամ մնացել են Աղավնո անցակետում, նրանց մոտ են եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները։
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ» և շեշտել՝ «հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:
Միջադեպին ԱԺ այսօրվա նիստին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ «Լաչինի միջանցքում որևէ կարգի ստուգման, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու գործառույթ նախատեսված չէ»։