Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» և Սերժ Սարգսյանի կողմից համակարգվող «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են բոյկոտել խորհրդարանի քառօրյա նստաշրջանը և գնալ Ղարաբաղ։ Ազգային ժողովի այսօրվա նիստին (ամբիոնին փակցնելով Ղարաբաղի դրոշը) այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ընդդիմադիր պատգամավորները ծափ տվեցին և լքեցին դահլիճը։
թարմացում․ — Ռուս խաղաղապահները արգելել են Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ղարաբաղ․ միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել։
«Ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները: Ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար:
Այսօր նրանք խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում՝ նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար», – մեկնաբանելով ընդդիմադիրների պերֆորմանսը՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ելույթ ունեցավ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինելու Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել Ազգային ժողովի ամբիոնում՝ այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն, այս դրոշի ու Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն` զբաղված են եղել միայն թալանով»։
Վերջինս հանեց ամբիոնին փակցված արցախյան քառագույնը։
Արտահայտվեց նաև Գուրգեն Արսենյանը․
— Դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին․ տեղեկացնում եմ, որ գործողությունները, որ իրականացնում է աջ թևին նստած քաղաքական գործիչների բազմությունը, հղի է լուրջ վտանգներով Հայաստանի Հանրապետության համար։
Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության օրակարգ ամրապնդելուն ուղղված ջանքերը տորպեդահարելու ակտիվ փորձ է իրականացվում․․․
Պահանջում եմ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից՝ վերանայել այն սկզբունքները և այն աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունների միջև գործընթացում։ Պահանջում եմ նաև, որպեսզի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։
Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ։
Պահանջում եմ մեր քաղաքական թիմից՝ կոշտացնել դիրքորոշումները։ Պահանջում եմ ԱԱԾ-ից՝ հասկանալ, ինչ են անում և ուր են տանում այս գործողությունները։
Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև, որը մեզ տվել է մանդատ և ասել՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմին կամ արկածախնդիր ղեկավարներին, որ խաղան ՀՀ անվտանգության հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ստեղծեն։ Պահանջում եմ ևս մեկ անգամ ու սթափության կոչ եմ անում ՀՀ ղեկավարությանը, այդ թվում նաև մեզ։