Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքներն ապրիլի 5-ին կրկին «Ազատության» հրապարակում էին․ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ նրանք հանրահավաք էին անում։
Միտինգին հնչեցին հայրենասիրական երգեր և ելույթներ։ Վերջում նաև «քաղաքական հայտարարություն» հրապարակվեց՝ տեքստ, որ ամփոփում է պաշտոնական Երևանին և պաշտոնական Բաքվին ուղղված՝ շուրջ տասը հազար ցուցարարների ուլտիմատիվ պահանջները։
Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը սա որակում է «դասախոսություն փարիսեցիության մասին»։ Ընդդիմադիրները հայտարարում են՝ նախապայմանները չընդունելու պարագայում դիմելու են հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներին և եղանակներին։
Հանրահավաքին Սերժ Սարգսյանը մասնակցում էր անձամբ՝ որպես «կազմակերպիչ ուժերի ղեկավար» և «ՀՀ մտահոգ քաղաքացի» (մակագրերը փոխառված են կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի պարզաբանումից):
Կազմակերպիչ ուժերի մյուս ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը, միտինգին մասնակցում էր միջնորդավորված։ Նա օրեր առաջ Ծաղկաձորում դահուկ էր քշում, իր իսկ գրասենյակի հավաստիացմամբ՝ սահքի ընթացքում տրավմա է ստացել, այժմ կազդուրվում է՝ տանը։
«Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»․ ընդդիմադիր խմբակցություններն այսպես էին խորագրել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ հրավիրված հանրահավաքը։
Ակցիայի վերջնանպատակը, ըստ կազմակերպիչների, գործող իշխանությունների հեռացումն է։ Նրանք մտահոգված են նաև բանակցվող փաստաթղթերով, որոնք ոչ հայանպաստ են համարում։
Ելույթներին նախորդում էր երաժշտությունը։ Օրինակ` «Զարթնե՛ք Մասիս ու Արագած/ Մի լուսաշեն Վան, Սևան/ Ժամն է եկել ձեր միացման/ Ու պատմական արդարության»։
Ցուցարարները մեկումեջ վանկարկում էին «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Լրագրողները մի պահ բռնացրեցին նախկին նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանին։ Ճեպազրույցը երկար չտևեց․
Լրագրող․ — Ադրբեջանը հինգ կետեր է ներկայացրել, որտեղ․․․
Սերժ Սարգսյան․ — Հրապարակը այն տեղը չէ, որտեղ կարող ենք խոսել նման բաների մասին։
Լրագրող․ — Շատերը ահազանգում են, որ հնարավոր է՝ երկրորդ, այսպես ասած, չակերտավոր կապիտուլիացիան լինի։ Եթե անգամ վաղը չստորագրվի, ապա հող նախապատրաստվի՝ ապագայում նման փաստաթուղթ ստորագրելու համար․․․
Սարգսյան․ — Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։ Օդում, իհարկե, կախված են այդպիսի վտանգներ․․․
Լրագրող․ — Իշխանությունը ասում է, որ 30 տարում պետք է խաղաղություն պատրաստեիք ու բերեիք ժողովրդին խաղաղության, որպեսզի այս օրը չընկնեինք։
Սարգսյան․ — Գիտեք՝ այսպիսի կոնֆլիկտները հեշտ չի նույնիսկ 30-40 տարում լուծել, ինչքան կարողացել ենք՝ այդ լուծումը մոտեցրել ենք։ Մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ասեցին, որ իրենց կետից են սկսում․․․
Լրագրող․ — Ասում են, որ դուք էլ բանակցել եք հանձնելու համար․․․
Սարգսյան․ — Ասողը ղալաթ է անում։ Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ։ Դրանից ելնելով՝ մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փողզիջումների․․․
Պարբերաբար հնչում էր Շուշան Պետրոսյանի վերջին երգերից մեկը․ «Ամեն թշնամի չէ, որ մարդ չէ/ Բայց մերը մերեր չեն բերել/ Դժոխքն է ծնել վայրահաչը/ Իսկ մենք տապանից ենք սերել․․․»։
Հանրահավաքը սկսվեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատեր, ԱԺ պատգամավոր, մեծահարուստ Վահե Հակոբյանի ելույթով։
Մեջբերում․ «Ադրբեջանը Թուրքիայի ձեռքը բռնած պարտադրում է, որ իր առաջադրած 5 կետը լինի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հիմքում։ Առանձնապես վերլուծաբան պետք չէ լինել, որ հասկանալ, որ դա միայն Ադրբեջանի շահերից բխող 5 կետեր են։ Ի՞նչ ա անում մեր այսպես կոչված կառավարությունը։ Ասպեկտնե՛ր է մտցնում մի քանի հատ։ Ասպեկտ համար մեկ՝ «Արցախի ժողովրդի անվտանգության հարցը»․․․ Ժողովրդի անվտանգության, այլ ոչ թե պետականության հարցը։ Պարզ է, չէ՞, ուր են տանում․․․»։
Հաջորդը ելույթը Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանինն էր։
Մեջբերում․ «Հայաստանը չունի այլընտրանք, քան ունենալու ժամանակակից զինված ուժեր, արդիական, տեխնոլոգիական բանակ», «Մարտունակ բանակը տարածաշրջանի հավասարակշռության պահպանման, ցանկացած թշնամիներին զսպելու և անհրաժեշտության դեպքում՝ թշնամիների մռութները ջարդելու ամենակարևոր գործոնն է, որը այսօր բավականին ցավալի վիճակում է»։
Ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան, այժմ՝ նրա ղեկավարած դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Ի թիվս շատ այլ բաների՝ Վարդևանյանը քննադատեց խաղաղության շրջան բացելու իշխանական նախաձեռնությունը։ Վերջում առաջարկեց չվախենալ․ «Կամ մենք կհրաժարվենք վախերի շարքից՝ պաշտպանելով մեր Արցախը, դիմադրելով թրքացմանը, պաշտպանելով մեր արյունը, մեր թասիբը, մեր երեխեքին, կամ․․․ Կամ չկա՛»։
Հանրահավաքը վարող դաշնակցականը հիշեցրեց՝ առջևում ապրիլի 24-ն է՝ «օր, որը խորհրդանշում է ոչ միայն մեր ցավը, այլև մեկնարկը մեր վերածննդի»։
Մեջբերում․ «Ամեն տարի ապրիլի 23-ին ջահերով երթով մենք մեր հազարավոր քաղաքացիների հետ դուրս ենք գալիս փողոց և ասում՝ Թուրքիա, դու ձախողվել ես, մենք կա՛նք»։ Ելույթն ավարտվեց կարգախոսով․ «Հայ ժողովուրդը թուրքի հետ բարեկամություն չի՛ անելու»։
Բեմ բարձրացավ նաև նախկին հաղորդավար, ներկա պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «․․․Իշխանությունը ստում է ու չի համարձակվում ասել, որ մեր հայրենիքը օկուպացված է։ Վախենում են օկուպանտից։ Սխալվում են․ պետք է վախենան նրանցից, ովքեր երկու անգամ ու դեռ շատ անգամներ ծնկի են բերելու օկուպանտին՝ Ղազանչեցոցի սպիտակ կամարների տակ աղոթած ու Հադրութում գերեզման թողած իմ հայրենակիցներից»։
«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը ընթերցեց հանրահավաքի բոլոր մասնակիցների անունից ընդունված «քաղաքական հայտարարությունը»․
«․․․Խաղաղության օրակարգ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձնաց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում 2020 թվական նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին։
Մենք, հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով․
– Հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։
– Բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
– Բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքի կապի Արցախի անկլավային վիճակը։
– Քայլեր ձեռնարկել 1994 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ։
– Բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը։
– Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում, սահմանազատման եւ սահմանագծման ցանկացած գործընթաց։
– Չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների իրացումը։
– Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ Հայաստանի հոգեւոր ժառանգության կրողը լինելու իրավունքը»։
Վերջում հայտարարվեց, որ «ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական, լեգիտիմ հակազդեցության՝ բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։
Վերջում ելույթ ունեցավ նաև դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, ըստ որի՝ նրանք, ովքեր խաղաղություն են ուզում, պատերազմ են բերում, իսկ նրանք, ովքեր պատերազմ են ուզում՝ խաղաղություն։
Ցուցարարները, որոնց շարքերում կարելի էր տեսնել նաև նախկին նախարարների ու պատգամավորների, նախկին և ներկա համայնքապետների, հրապարակի կենտրոնում ամրացրեցին Արցախի դրոշը․ հանրահավաքն ավարտվեց։
Իրազեկ քաղաքացիների միավորման տվյալներով՝ դրան ժամը 19:13-ի դրությամբ մասնակցել է շուրջ 11 200 մարդ։
«Հանրահավաքը կարծես մի դասախոսություն լիներ փարիսեցիության մասին․ ասում ես այն, ինչ չես անում, և անում ես այն, ինչ չես ասում։ ․․․Ոնց որ զուգահեռ իրականության մեջ ապրեինք», – Հ1-ի տաղավարում, մեկնաբանելով ընդդիմության հավաքը, ասում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Թորոսյան․ — Ամենամեծ կեղծիքն ու մանիպուլիացիան է, երբ հեղհեղուկ ստատուս-քվոն ներկայացվում է որպես խաղաղություն։ Լուծման, հանգուցալուծման, այսինքն՝ [կոնֆլիկտի] կարգավորման կողմնակիցներին զիջող անվանելով՝ մենք փակում ենք կարգավորման հնարավորությունները և դրդում մեզ պատերազմների։
Ներքաղաքական բանավեճի հիմնական ասելիքը պետք է լինի, թե ինչպես կարգավորենք, ոչ թե՝ ինչպես չկարգավորենք։ ․․․[Խաղաղության հնարավորությունների շուրջ] պետք է եզրահանգումներ անել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։
․․․Մենք կողմնակիցն ենք կշռադատված և համբերատար քաղաքականության և փորձում ենք դա առաջ տանել՝ ի հեճուկս նրա, որ մեզ անընդհատ փորձում են շեղել։ Մեր քաղաքական ընդդիմախոսները անընդհատ փորձում են մեզ դրանից դուրս բերել և տանել դեստրուկցիայի դաշտ, ինչը պայթյունավտանգ դաշտ է և հղի մեզ համար վատ հետևանքներով։
․․․Մեր ժողովուրդը պետք է այս ամեն ինչը տեսնելով որոշի՝ ինչի կողմնակիցն է․ ուզում է, այնուամենայնիվ, թեկուզ հեղհեղուկ կոնստրուկտիվ դաշտով գնալ առաջ և ստանալ ավելի հարատև, ավելի կայուն իրավիճակ, թե՞ նման արկածախնդրությամբ գնալ առաջ և ստանալ պատերազմ։
Թորոսյան․ — ․․․Այնտեղ հնչում էին թեզեր բանակի, մեր պաշտպանունակության մասին։ Ես երկրորդում եմ՝ մենք պե՛տք է ունենանք ուժեղ բանակ․․․ Բայց դա դիտարկել որպես միակ հնարավորություն մեր հարցերը լուծելու, կներեք, ես չեմ կարող՝ հաշվի առնելով շատ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական գործոններ։ Օրինակ, թվեր՝ բնակչության, բյուջեի, էներգետիկ ռեսուրսների և այլն։ Դրանք չնկատելն առնվազն քաղաքական կուրություն է։
․․․Մենք պետք է մեր առջև դրված նպատակները, մեր հռչակած սկզբունքների շրջանակներում, փորձենք լուծել։ Այդտեղ կարող են գեներացվել պայմանավորվածություններ, որոնք մենք հիմա չենք կարող նկարագրել․ բանակցությունների իմաստը դրանում է․․․ Մենք չպետք է դնենք մեզ այնպիսի շրջանակների մեջ, որ կկանխարգելեն լուծումները՝ պահպանելով այն ամենն, ինչ մեզ համար շատ կարևոր է՝ արցախահայության այդտեղ ապրելու բոլոր իրավունքները, անվտանգության երաշխիքները և այլն, և այլն։
․․․Ադրբեջանի վարած քաղաքականությունը հրապարակային է՝ բոլորին տեսանելի։ Մենք ուզում ենք մեր ունեցած ռեսուրսների, իրավական հիմքերի, միջազգային իրավունքի, մեր տարբեր գործընկերների հետ ունեցած հարաբերությունների շրջանակում կարգավորել մի խնդիր, որը երկար տարիներ չի կարգավորվում։ Եթե մենք հանձնվող կամ հանձնող լինեինք՝ վաղուց համաձայնած կլինեինք ձեր ասած Ադրբեջանի պահանջներին, և լուծված կլիներ խնդիրը շատ վատ ձևով։ Բայց այդպես չէ․ այնուամենայնիվ, մենք համբերատար, բայցև սկզբունքայնորեն փորձում ենք առաջ տանել այդ օրակարգը, որ՝ հարգելի միջազգային գործընկերներ և մեր, այս պահի դրության, հակառակորդ, բաներ կան, որ պետք է հաշվի առնվեն, և առանց դրանք հաշվի առնելու այս հարցը չի կարգավորվելու։ Մեզ մեղադրել, թե դուք ամեն ինչի համաձայնում եք․․․ Ակնհայտ է, որ դա այդպես չէ։
․․․[Ընդդիմության՝ այսօր ընդունված հայտարարության] բառամթերքը մեզ տանում է փակուղիներ։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի