Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում «Քոչարյան՝ հանցագործ» վանկարկելու համար ծեծի էին ենթարկել հակընդդեմ ցույցի մասնակիցներից մեկին [52-ամյա Վարդան Խուդավերդյանին], ով աջ սրունքի կոտրվածքով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հարձակվողներից երկու հոգի բերման է ենթարկվել և ազատ արձակվել նույն օրը երեկոյան, Epress.am-ին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ընդգծելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարավում է հետաքննություն։
Դատարանի բակից երեկ բերման էր ենթարկվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Հարությունյանը, ով եկել էր դատարան աջակցելու մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահին, հարվածել էր հակընդդեմ ցույցի մասնակից տարեց կնոջը [Սվետլանա Միքայելյանին]։ Հարությունյանը, ոստիկանության փոխանցմամաբ, նույնպես ազատ է արձակվել։
«Արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու երկու տարբեր դեպք։ Մեկը, այո, այդ տղամարդուն ծեծի ենթարկելու դեպքն է, որի հետևանքով երկու անձ բերման էր ենթարկվել, մյուսը՝ տարեց կնոջը հարվածելու, որի առթիվ բերման է ենթարկվել մեկ քաղաքացի՝ Արամ Հարությունյանը։ Տուժողը նույնպես հրավիրվել էր ոստիկանություն։ Երկու դեպքերով էլ հետաքննություն է իրականացվում, նշանակված են փորձաքննություններ։ Այդ իսկ պատճառով բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Եթե հետաքննության արդյունքում հիմքեր լինեն, միջնորդություն կներկայացվի, գործը ընթացք կստանա,» – ասացին Ոստիկանության լրատվական վարչությունից։