Տարկետման իրավունքը կվերականգնվի, բայց՝ միայն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտություններով սովորողների համար և որոշակի պայմանների դիմաց։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվեց Ազգային ժողովն այսօր նիստում՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Մասնագետների ցանկը կսահմանի Կառավարությունը՝ ենթաօրենսդրական ակտերով, ըստ տվյալ պահին առկա «գերակայության ու անհրաժեշտության»։
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե Կառավարությունը այսպիսով բուհական համակարգին է վերադարձվում տարկետման ինստիտուտը, իսկ իրեն՝ վերապահում «հասցեական լիազորություն» բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում:
Ի՞նչ է սա նշանակում։
2017 թվականից ի վեր բուհեր ընդունված «արական սեռի քաղաքացիները, անկախ ցուցաբերած արդյունքից» չէին ստանում տարկետում։ Տարկետման իրավունքը գրեթե վերացված էր, երիտասարդներն ընդունվում էին բուհ և ուղարկվում բանակ։
Բացառություն էր արվում միայն հատուկենտ մարդկանց համար, որոնք, օրինակ,
— մրցանականեր են ստացել առարկայական միջազգային օլիմպիադաների համար,
— կամ բակալավրի կրթական ծրագրով ընդունվել են աշխարհի ամենահեղինակավոր (վարկանիշավորման միջազգային սանդղակի՝shanghairanking.com-ի առաջին հինգ տասնյակում ընդգրկված) բուհեր։
Տարկետում ստացող փոքրաթիվ ուսանողների նվաճումների հաշվարկը կատարվում էր կարգով սահմանված մեթոդաբանությամբ` ըստ համապատասխան միավորների (հաշվի են առնվում միջազգային ամսագրերում տպագրված գիտական հոդվածները, կոնֆերանսների մասնակցությունը և այլն)։
Այժմ կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»:
Այսինքն՝ եթե փոփոխություններն ընդունվեն, Կառավարությունը՝ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված, կհստակեցնի և կտրամադրի տարկետման տեղեր՝ ըստ բուհերի և առաջնահերթությունների:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ օրենսդրական այս կարգավորումը պետությունը դիտարկում է որպես ներդրում՝ կրթության և գիտության ոլորտներում, և ակնկալում է այդ ներդրման վերադարձելիությունը.
«Այս ճանապարհով գիտական աստիճան ստացող երիտասարդները պետք է աշխատեն պետության համար առաջնահերթ համարվող կառույցներում՝ նպաստելով համապատասխան ոլորտի զարգացմանը: Այս կերպ մենք փորձում ենք լուծել նաև բուհերում դասախոսական կազմի սերնդափոխության հարցը՝ ապահովելով գիտական մրցունակ կադրերի բազա»:
«Կառավարությունն իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկելու այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- հավելել է վարչապետ Փաշինյանը:
Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի Կառավարությունը, ըստ իր առաջնահերթությունների, որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր։
Տարկետում ստացած ասպիրանտների զորակոչի տարիքը կերկարաձգվի
Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել նաև տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Վահրամ Դումանյանի նշել էր, որ սա ասպիրանտներին հնարավորություն կտա ավարտել ուսումն ու պաշտպանել թեզը․
«Նմանօրինակ լուծման գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության շարունակականության չընդհատման կարևորմամբ, որպեսզի տարկետում ստացած քաղաքացիներն ուսումնառության վերջին տարում գիտական թեզի պաշտպանությունը ստիպված չլինեն ընդհատել` հաշվի առնելով, որ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան:
․․․Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր, աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է, ավելի ուշ են ավարտում: Ստացվում է, որ ասպիրանտը երրորդ տարվա ուսումնառության կեսից զորակոչվում է բանակ: Ուստի մենք առաջարկում ենք կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել՝ մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուականը»։