Home / Բնապահպանություն / Ինչու է մեր հողը օկուպացվել. մարդկանց ջարդում են Գետաբեկում

Ինչու է մեր հողը օկուպացվել. մարդկանց ջարդում են Գետաբեկում

Արդեն երկու օր է՝ ադրբեջանական սոցցանցերը քննարկում են Հայաստանի հետ սահմանակից Սոյուդլու գյուղում հունիսի 20-ին սկիզբ առած բողոքի ցույցերի տեսագրությունները։ Դրանցից մեկում երևում է՝ ինչպես է զինված ոստիկանը հետապնդում տարեց կանանց և արցունքաբեր գազ փչում նրանց աչքերին, մյուսում՝ ինչպես են ոստիկանական ջոկատները մահակներով ծեծում Ալիևների ընտանեկան հանքի դեմ բողոքող գյուղացիներին։ Մարդիկ ի պատասխան քարեր և փայտեր են շպրտում նրանց ուղղությամբ։

«Գետաբեկի [շրջանի] բնակիչների բողոքի ցույցերը շարունակվում են։ Ադրբեջանցի պոլիցայները՝ «էմոցիաներին տրվելով» (այսպես է Ներքին գործերի նախարարությունը բացատրել անզեն մարդկանց, այդ թվում՝ կանանց, դաժան ծեծի ենթարկելը), շարունակում են պաշտպանել իրենց տիրոջ՝ Իլհալ Ալիևի ոսկու հանքը․․․ Իրոնիկ է, որ ալիևյան ռեժիմը հենց բնապահպանական աղտոտման թեման էր օգտագործում՝ պետությունից սնուցվող ՀԿ-ների և իր պրոքսի-ստրուկների «էկո-պրոտեստի» միջոցով Լեռնային Ղարաբաղում հումանիտար շրջափակում հաստատելու համար», – գրել է սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը։

Ֆեյսբուքում մարդիկ հիշում են Լաչինի միջանցքում աչքի ընկած «բնապահպաններին» և առաջարկում նույն ջանասիրությամբ պայքարել նաև ադրբեջանցի գյուղացիներին «էկոցիդի» ենթարկողների դեմ։

երեխաները հիվանդ են ծնվում

Հայաստանի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում իրավիճակը լարվել է հունիսի 20-ին՝ ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հանքի ընդլայնման դեմ բողոքող ցույցի մասնակիցներին։

Գյուղում նախատեսում են ոսկու հանքի թունավոր թափոնների համար նոր պոչամբար ստեղծել։ Նախորդ պոչամբարը արդեն լեփլեցուն է։ Նորը կառուցելու համար մարդկանցից խլել են արոտահողերը՝ BBC-ին պատմել է գյուղապետ Ֆարման Աբդուլաևը։ 

«Երեխաները հիվանդ են ծնվում, մենք նրանց բուժելու հնարավորություն նույնիսկ չունենք։ Ծառերը չորացել են։ Օդի փոխարեն թույն ենք շնչում։ Մենք երեկ դուրս էինք եկել ոչ թե ոստիկաններին ծեծելու, այլ մեր հողը պաշտպանելու համար։ ․․․Ինչո՞ւ է մեր հողը օկուպացվել, ինչո՞ւ են մեզ ծեծում մեր սեփական հողի վրա», – լրագրողներին ասել է ցուցարար կանանցից մեկը։

Հունիսի 20-ի բողոքի ցույցը ավարտվել է բախումներով։ Ոստիկանները ռետինե փամփուշտներ, մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Խոսվում է առնվազն 10 վիրավորների մասին։

Ոստիկանական բռնությունները տեսագրությունների հանրայնացումից հետո սոցիալական ցանցերում աղմուկ է բարձրացել։ Իշխանական ալիքները սկսել են տեսանյութեր տարածել, որոնցում երևում է՝ ինչպես են գյուղացիներն ի պատասխան քարեր շպրտում զինված, սաղավարտներով, զրահաբաճկոններով և հատուկ վահաններով պաշտպանված ոստիկանների վրա։

Ադրբեջանի ՆԳՆ-ից արձագանքել են՝ Սոյուդլուի ոստիկանները, այո, «տրվել են էմոցիաներին», նրանցից մեկը «հանցանք է գործել կնոջ նկատմամբ, և մենք դա ընդունում ենք»։ Նախարարության խոսնակը խոստացել է, որ նրա գործողություններին իրավական գնահատական կտրվի։

Բայց ոստիկանների փոխարեն ձերբակալել են ցուցարարներին։

ոստիկանները ընդունում են սխալը և ձերբակալում զոհերին

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե գյուղի բնակիչները հավաք են արել՝ «անտեսելով բազմակի նախազգուշացումները և բացատրական աշխատանքները», «այս անձինք միտումնավոր չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, քարերով ու բութ առարկաներով վիրավորել են աշխատակիցներից մի քանիսին»։

Գյուղացիներից 6-ը ձերբակալվել է։ Մեծ մասը, ըստ տեղացիների, դատապարտել է 20-օրյա կալանքի։

Բերման է ենթարկվել նաև Սոյուդլուի 80-ամյա գյուղապետը։

«Դատարանի որոշմամբ նրան տուգանել են 1500 մանաթով (մոտ 900 դոլար) և ազատ արձակել», – Ջեմ-նյուզին պատմել է գյուղի բնակիչը։ 

Ձերբակալվածներից առնվազն մեկը խոշտանգումների է ենթարկվել նաև ոստիկանական բաժանմունքում․ տեղացիների խոսքով՝ մահակներով ծեծել են, կոտրել են ոտքը։

ՆԳՆ-ն այս տեղեկությունները չի մեկնաբանել։ 

Հունիսի 21-ին գյուղացիները կրկին դուրս են եկել բողոքի, երթով շարժվել են դեպի ոստիկանական բաժանմունք, պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։ Ոստիկանները փակել են նրանց ճանապարհը, ցուցարարների մոտ է եկել Գետաբեկի շրջանի վարչակազմի ղեկավար Օրխան Մուրսալովը, որը հավաստիացրել է՝ երկրորդ պոչամբար չի կառուցվի։ Ցուցարարներից 15-ը նրա հետ գնացել են շրջկենտրոն, մյուսները շարունակել են բողոքի ակցիան։

Բողոքի ցույցերի երկրորդ օրը Կառավարությունից հայտարարել են, թե Գետաբեկի շրջանում տեղի ունեցածն քննելու համար հատուկ հանձնաժողով են ձևավորել, որը կուսումնասիրի նաև հանքի բնապահպանական ազդեցությանն առնչվող մտահոգությունները։

Մեհրիբանը և ընտանիքի ընկեր Ռեզան

Բողոքի ակցիաների երկրորդ օրը ցուցարար գյուղացիները սկսել են խոսել նաև հանքի սեփականատերերի մասին։ Հիշատակվում է Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անունը։

10 տարի առաջ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը պարզել էր, որ Գետաբեկում գտնվող ոսկու հանքի շահագործման մեջ ներգրավված AIMROC ընկերության ղեկավար կազմում են Իլհամ Ալիևի երկու դստրերի՝ Լեյլան և Արզուն։ Ըստ Reuters-ի՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի վերահսկողության տակ գտնվող PASHA բանկը 5 տարի առաջ Գետաբեկի հանքավայրի ընդլայնման նպատակով շուրջ 15 միլիոն դոլարի վարկ է տրամադրել։

Որպես Գետաբեկի հանքավայրի օպերատոր ընկերություն այժմ նշվում է Anglo Asian Mining կոնցերնի հետ փոխկապացված «Ադրբեջանի միջազգային հանքային ընկերությունը»։ Anglo Asian Mining-ի և «Ադրբեջանի միջազգային հանքային ընկերության» գլխավոր բաժնետերը նույնն է՝ ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի հիմնադիր, Իլհամ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող գործարար Ռեզա Վազիրին։

Anglo Asian Mining-ը հայատասնցիներին ծանոթ է Լեռնային Ղարաբաղի «էկոշրջափակման» շնորհիվ․ Ստեփանակերտի վերահսկողության ներքո գտնվող հանքերը (Ադրբեջանը պահանջում էր դադարեցնել դրանց շահագործումը) տասնամյակներ առաջ վաճառվել են այս ընկերությանը։

մանրամասները տե՛ս Միջանցք փակելը նաև ոսկու մասին է